Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի գերակայություններին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նախ անդրադարձել է գիտության ոլորտի գնահատման չափանիշներին, ընդհանրական ցուցիչներին, հետազոտության և մշակումների համակարգի գործունեության սխեմաներին, այլ ծրագրերի հետ ներդաշնակմանը։ Հաջորդիվ մանրամասներ են ներկայացվել ծրագրի տեսլականի և նպատակների, արդյունքային շրջանակի և գիտության ոլորտի գերակայությունների վերաբերյալ։ Ռազմավարության նախագծով նախատեսվում է հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, վերակազմավորում և առաջխաղացում։
Հանդիպման մասնակիցները քննարկել են գիտական և գիտատեխնիկական մրցունակ համակարգի ձևավորմանը ու հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Վարչապետը կարևորել է գիտական կարողությունների զարգացմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը և այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի կյանքի կոչումը։
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի աշխատակազմ


















































