«Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը:
Այսպիսով, ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել՝ մոտ 3 միլիոն-ական դրամներ, այլև նախարարներն ու փոխնախարարները ստացել են օրենսդիրներից զգալիորեն ավելի բարձր պարգևավճարներ՝ պետբյուջեի միջոցներից:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե դեկտեմբեր ամսին նախարարներն ու փոխնախարարները որքան գումար են ստացել՝ որպես պարգևավճար և հավելավճար (տես 1-ին լուսանկարը)։ Հունվարին՝ տոներից հետո, Կառավարությունը ժամանակ էր խնդրել 30 օրով՝ հարցին պատասխանելու համար(տես 2-րդ լուսանկարը)։
Սակայն հունվարի 9-ին ստացվեց պատասխանը Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի անունից:
Կարդացեք նաև
Կառավարության ղեկավարությունը հրաժարվել է հայտնել նախարարների ստացած պարգևավճարների չափը: (տես 3-րդ լուսանկարը)։
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:
Տարակուսելի է, որ պետական բյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:





















































