Այսօր հրավիրած ասուլիսում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղվեց այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինվել ու համալրել իր բանակի անձնակազմը, իսկ ՀՀ իշխանությունները կրճատում են ժամկետային զինծառայության ժամկետը։
«Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որտեղից է ինֆորմացիան, որ ինչ-որ մեկն անձնակազմ է ավելացնում։ Ժամկետային զինծառայության կրճատումը չի նշանակում, որ մենք կրճատում ենք բանակը։ Ես խոսեցի, որ բանակի համալրումը շարունակվելու է պայմանագրային սկզբունքով։ Եվ սա նրա մասին է, որ մենք հետեւողականորեն մեր բանակը դարձնելու ենք պրոֆեսիոնալ»,- ասաց նա։
Անդրադառնալով զենք-զինամթերք գնելուն՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Նախ ես չեմ պատրաստվում որեւէ երկրի հետ, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել։ Բայց միեւնույն ժամանակ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումն ու բանակի արդիականացումը։ Դա այդպես չէ։ Եվ ես խոսեցի այն թվերի մասին, որոնք դրա վառ վկայությունն են»։
Պապիկյանը հավելեց, որ զինված ուժերն ունեն պլան ա, բ, գ, «բայց չեմ կարծում, որ հիմա մեր այս պահի քաղաքականության ու իրականության մեջ կա դիսոնանս, որտեղ մենք պետք է պլան բ կամ պլան գ քննարկենք ու գնահատենք։ Կարծում եմ՝ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես մենք կանխատեսում ենք»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նախարարն ասաց, որ «Սու-30 ՍՄ» կործանիչները բավականին լավ կործանիչներ են եւ մեծ դեր կարող են ունենալ մեր երկրի հակաօդային պաշտպանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ «Այս պահին ես առաջարկում եմ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումների մասին ինֆորմացիա չտանք, բայց այն, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով, դա կարող եմ հավաստիացնել»,- ասաց նախարարը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































