Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը պարտավոր է դադարել լռել, որովհետեւ լռությունը հանցակցություն է. Դավիթ Ֆիդանյան

Հունվար 13,2026 19:07

-Ընդամենը վերջերս մենք ֆիքսեցինք իշխող ռեժիմի կցորդ հանդիսացող դատարանի հերթական ապօրինի որոշումը կապված «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ:

Դատարանը հերթական անգամ երկարացրեց նրանց կալանքը՝ այս անգամ երեք ամսով: Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ: Այսօր Հայաստանում կա քաղբանտարկյալ, որն այս պահին գտնվում է հացադուլի մեջ եւ կիրակի օրը տեղեկություն տարածվեց, որ նրան տեղափոխել են պատժախուց: Չլսված եւ չտեսնված բան է, որ հացադուլավոր անձին, քաղաքական բանտարկյալին տեղափոխում են ոչ թե հացադուլավորների համար նախատեսված հատուկ խուց՝ անհրաժեշտ պայմաններով, այլ տեղափոխում են պատժախուց,- այսօր ԵՄ դեսպանության դիմաց ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բողոքի ցույցի ժամանակ ասաց «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

-Մենք ԵՄ դեսպանի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստին՝ ՀՀ-ում կալանավորված են մեդիադեմքեր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ, որոնք արդեն գրեթե երկու ամիս անազատության մեջ են եւ նրանց կալանքը ապօրինի կերպով երկարացվեց եւս երեք ամսով:

ԵՄ դեսպան, մեր բողոքը ուղղված է ԵՄ-ին, որովհետեւ ԵՄ-ը հետեւողական կերպով լռում է ՀՀ-ում փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող բռնաճնշումների մասին…ԵՄ-ը՝ որպես ժողովրդավարական արժեքների ջատագով, պարտավոր է հետեւողական կերպով արձագանքել ՀՀ-ում տեղի ունեցող այս խայտառակ ապօրինություններին, որոնք կատարվում են այս իշխանությունների օրոք: ԵՄ-ը պարտավոր է մի կողմ դնել աշխարհաքաղաքական այսրոպեական առաջնահերթությունները ու իր ձայնը բարձրացնել տիրող իրավիճակի վերաբերյալ: ԵՄ-ը պարտավոր է դադարել լռել, որովհետեւ լռությունը հանցակցություն է: ԵՄ-ը պարտավոր է հավատարիմ մնալ իր իսկ կողմից որդեգրած արժեքների պաշտպանությանը, սակայն այս պահին ֆիքսում ենք, որ ԵՄ համար առաջնահերթություն են աշխարհաքաղաքական ռեալպոլիտիկ ասվածը, ոչ թե մարդու իրավունքները կամ խոսքի ազատությունը,- ասաց Ֆիդանյանը:

Բողոքի ցույցի մասնակիցները ԵՄ դեսպանին իրենց նամակը հանձնելուց հետո գնացին ԱՄՆ դեսպանատուն ու փորձեցին նաեւ ԱՄՆ դեսպանին իրենց նամակը փոխանցել, սակայն դեսպանատան աշխատակիցը չվերցրեց:

«Անտիֆեյքի» խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանն ասաց ՝ իրենք նաեւ էլեկտրոնային տարբերակով են նամակը փոխանցել. «Չեմ ուզում նամակ չվերցնելու առումով դիտավորություն տեսնել: Այստեղ նամակ չընդունելը պրոտոկոլային է: Բայց եւս մեկ անգամ ներկայացուցիչներին զգուշացրեցի, որ այո՛, դուք մեզ ասում եք էլեկտրոնային տարբերակով ուղարկեք, բայց մենք ուղարկում ենք, դուք չեք արձագանքում:

Խնդրեցի զգուշացնել, որ ո՛չ մեր նախորդ, ո՛չ էլ երեկ ուղարկած նամակներին դեռեւս պատասխան չի ստացվել, իսկ մենք ակնկալում ենք պատասխան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031