-Ես միանում եմ իմ սրբազանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Վեհափառի հրահանգն է՝ բոլոր քահանաները ենթակա են հոգեւոր առումով իրենց թեմի առաջնորդին,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգման» նախաձեռնությանը միանալու իր որոշումը Կոտայքի թեմի քահանաներից տեր Շահան քահանա Միրզոյանը:
-Երկու ամիս առաջ, որ Վեհափառին բան էի ասում, ինքն ինձ ասում էր՝ առաջնորդիդ հետ, տեր հայր ջան: Երբ որ ամիսներ առաջ թեմական ժողովի ժամանակ ես ասացի՝ սրբազան ջան, (խմբ. Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան) ամեն հոգսով դիմել ենք ձեզ, փորձել եք աջակցել մեզ, մենք էլ, իմացեք, ձեր կողքին ենք կանգնած: Եթե ես կեսբերան էի ասում, մնացած բոլոր քահանաները միաբերան էին գոռում դա ու տարօրինակ է ինձ համար, որ հիմա չեն միացել: Ես սրբազանին էլ եմ ասել՝ սրբազան ջան, ձեր կողքին եմ, Նիկոլ-միկոլ չգիտեմ ես: Ես սրբազանիս կողքին եմ, որովհետեւ սրբազանը իմ կողքին է միշտ եղել,- պատմեց Տեր Շահանը:
Անդրադառնալով քննադատությանը, թե ինչպես են եկեղեցին բարենորոգելու իշխանական օրակարգին միացած այն 10 եպիսկոպոսները, որոնք հայտնի են տարբեր մեղքերով՝ կին, երեխա, սիրուհի, բիզնես, բենթլի, փողերի լվացում եւ այլն, տեր Շահանն այսպես արձագանքեց. «Ո՞ւմ համար չեն ասում: Կա՞ մեկը, որի մասին չեն ասում: Դուք բարոյակա՞ն եք համարում, եթե ես չմիանայի իմ առաջնորդին: Հոգեւոր առումով, ես պետք է լինեմ իմ առաջնորդի կողքին»:
Տեր Շահանից հետաքրքրվեցինք՝ որպես հոգեւորական չի՞ ամաչում, որ «բարենորոգողները» հարբած, հայհոյանքներով Մայր Աթոռ էին գնացել, որոշները բարձրացել էին կաթողիկոսների շիրիմների վրա, ի պատասխան ասաց. «Ես վատ եմ զգում, որ խմած մարդիկ են գալիս: Խմած մարդիկ, երբ ինձ շատ հաճախ հանդիպում են, ես փորձում եմ նախատել նրանց դրա համար: Դուք մի վերցրեք դա որպես շաբլոն, դրեք ամեն բանի վրա: Բարեպաշտ հավատացյալները երբեմն իրենց վատ չե՞ն պահում, պահում են»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե բարենորոգողներին հանրությունը համարում է Հուդա, տիրադավ, Տեր Շահանն արձագանքեց. «Գեղեցիկ անուն են գցել մարդկանց բերանը, մարդիկ էլ օգտագործում են այդ բառն ու ուրախանում են: Ի՞նչ ասել է տիրադավ: Ես Քրիստոսին դավաճանե՞լ եմ կամ սրբազանները դավաճանե՞լ են»:
Մեր հարցին, թե հոգեւորականների Տերը նաեւ Վեհափառ հայրապետը չէ՞, որին Տեր, Տեր եք դիմում, Տեր Շահանը պատասխանեց. «Իմ Տերը նախ Աստված է, վեհափառը առաջնորդների առաջնորդն է, բայց իմ անմիջական առաջնորդը իմ սրբազանն է, Տեր Առաքել սրբազանը»:
Տեր Շահանից նաեւ հետաքրքրվեցինք՝ իրեն համարո՞ւմ է քաղաքական օրակարգի սպասարկու. «Լավ, վարչապետը չի բարենորոգում, թող Վեհափառը բարենորոգի: Ո՞նց պայքարենք: Մենք չենք կարող պայքարել: Երբ եկեղեցու հարցով դիմում ես Վեհափառին, ասում է՝ առաջնորդիդ հետ, ուզում ես ուզի- չես ուզում մի ուզի: Ես ճիշտ եմ համարում, որ քահանան լինի իր առաջնորդի վերահսկողության ներքո: Եթե երկու ամիս առաջ առիթ էին ման գալիս առաջնորդին գովերգելու, հիմա, մեղմ ասած, մեջքով են շրջվում, ճիշտ չէ: Իրենք Վեհափառին էլ մեջքով կշրջվեն: Ես այդքան այնտեղ ապրել, սովորել եմ, դե թող Մայր Աթոռից մեկը զանգի, հարցնի՝ տեր հայր ջան, ինչու ես միանում, ես էլ բացատրեմ՝ տղերք բա ինչի: Շատ բաներ կան, որոնց մասին չենք խոսում»:
Ի դեպ, Տեր Շահանը «հեղափոխական» քահանա է, նա մասնակցել է 2015 թվականի «Էլեկտրիկ Երեւանին», 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերին…
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































