«ՀՀ-ն հողի կառուցապատման իրավունքով է օժտելու «ԹՐԻՓՓ» ընկերությանը։ Այստեղ կհիշեք՝ ինչքան շահարկումներ եղան, թե ՀՀ-ից որեւէ կերպ հող է օտարվում։ Ոչ, ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու, ինչպես բազմաթիվ ընկերությունների»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի շրջանակներում կողմերը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան–ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Միրզոյանն ասաց, որ հիմնվելու է «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերություն, որն անմիջականորեն է զբաղվելու երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ եւ շահագործմամբ։ Կլինեն այլ ենթակառուցվածներ, որոնց շինարարության եւ կառավարման համար «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերությունը կարող է հիմնադրել դուստր ձեռնարկություններ կամ հատուկ նշանակության կազմակերպություններ, բայց ՀՀ կառավարության համաձայնությամբ ու մասնակցությամբ։
Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ է «ԹՐԻՓՓ» ընկերության բաժնեմասերի միայն 26 տոկոսը պատկանում ՀՀ-ին, իսկ մեծ մասը՝ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին։ «Մեծ հաշվով բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է երկրների ներդրումները։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի ու քաղաքական աջակցության ու ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների մասին։ Հայաստանի Հանրապետությունն իր կողմից հիմնական բանը, որը ներդնելու է, մեծ հաշվով կառուցապատման իրավունքն է։ Եվ կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է։ Ընդ որում, խոսքը միայն առաջիկա 49 տարվա մասին է։ Ենթադրվում է, որ տարիների ընթացքում, երբ ներդրումների վերադարձն ինչ-որ չափով ապահովված կլինի եւ պայմանագիրը կերկարացվի եւս 50 տարով, այդ ժամանակ բաժնեմասերի համամասնությունը փոխվելու է եւ համարյա հավասարվելու է»,- նշեց Միրզոյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Նախարարը նաեւ ասաց, որ ինչպես ցանկացած ընկերության բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, վերակազմակերպվել, բայց չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության:
Ըստ նրա՝ փաստաթղթում հստակ նշված է, որ վերջնական սեփականատերերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախօրոք համաձայնությունը: Միրզոյանի խոսքով՝ դավադրության տեսություններ կան, թե ինչ-որ փուլում հայկական կողմից թաքուն եւ կամքին հակառակ բաժնեմասերի մի մասը կարող է վաճառվել այս կամ այն երկրին։ Ըստ նրա՝ դա չի կարող տեղի ունենալ առանց ՀՀ համաձայնության։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































