Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւավորվում է պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար. Հայաստանում Իրանի դեսպան

Հունվար 14,2026 13:22

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը մարդկանց խաղաղ հավաքները պաշտոնապես ճանաչեց եւ  հայտարարեց, որ նրանք իրավունք ունեն նմանօրինակ հավաքների միջոցով իրենց կարծիքն արտահայտելու»,- ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին՝ անդրադառնալով դեկտեմբերի 28-ից Իրանում սկսված բողոքի ցույցերին։

Դեսպանի խոսքով. «Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության մեջ էլ մարդկանց այդ իրավունքը պաշտոնապես ամրագրված է: Սակայն, որքան ԻԻՀ կառավարությունը պարտավոր է ապահովել մարդկանց ազատ խոսքի  եւ բողոքելու իրավունքը, նույնքան էլ պարտավոր է ապահովել հասարակության անվտանգությունը… Ոստիկանությանը համապատասխան հրահանգներ էին տրված՝ ապահովելու այդ անվտանգությունը։ Հիմնականում ոստիկանությունը զինված չէր: Բայց ամեն ինչ փոխվել է հունվարի 9-ին եւ 10-ին, երբ ակնհայտ է դարձել, որ տեղի ունեցող գործընթացների նպատակն այն է, ինչին ականատես ենք եղել Սիրիայում»։

Նրա ձեւակերպմամբ՝ մարդկանց մի փոքրաթիվ խումբ կարողացել է յուրացնել եւ իրենով անել խաղաղ բողոքի ցույցերը, ինչի արդյունքում տեղի են ունեցել բախումներ եւ կրակոցներ՝ ուղղված թե ոստիկանության, թե քաղաքացիական անձանց դեմ։

Դեսպան Խալիլ Շիրգոլամին կատարվածը որակում է կազմակերպված հանցագործություն, որին, նրա պնդմամբ, մասնակցել են ահաբեկչական խմբավորումներ, որոնք հատուկ պատրաստված էին մարդկանց սպանելու համար, քանի որ, դեսպանի փաստմամբ, ԱՄՆ նախագահ Թրամփն ասել էր, որ եթե մարդիկ սպանվեն, ԱՄՆ-ը կմիջամտի, ավելին, իսրայելցի պաշտոնյաները եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն հաստատել են, որ Մոսադի գործակալները գտնվում են Իրանում:

Ի թիվս այլնի՝ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարություն արեց Հայաստանի հետ կապված՝ շեշտելով, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ «Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, եւ  նրանց համար կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։

Արդեն վեց օր շարունակ՝ երեկոյան ժամը 18-ից մինչեւ 21-ը Իրանի դեսպանատան առաջ հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով, եւ հակառակ նրան, որ հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին… Այսօր ինքներս ենք գտնվում ենք ծանր իրավիճակում, եւ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ Իրանի դեսպանատան մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»։

Խոսելով Իրանի բողոքի ցույցերի մասին, դեսպանը նշել է, որ  Իրանում  դրանց հաջողելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաեւ Հայաստանը։

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031