«Իրանում տեղի ունեցող կամ Իրանի շուրջ գործընթացները որեւէ կերպ չենք քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում։ Մեկ բառ անգամ այդ մասին չի ասվել»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Առավոտ»-ի հարցին։
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ առեւտուր իրականացնող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Միացյալ Նահանգների հետ առեւտրային բոլոր գործարքների համար։ «Առավոտ»-ը հարց էր ուղղել Արարատ Միրզոյանին՝ ամերիկյան կողմի հետ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է այս հարցը՝ սա Հայաստանին եւս վերաբերելո՞ւ է եւ ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության համար։
Միրզոյանն ի պատասխան ասաց, որ հարցը չի քննարկվել ամերիկյան կողմի հետ։
Հարցին, թե ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկե՞լ են հայ գերիների ազատ արձակմանն առնչվող հարցեր, նա պատասխանեց․ «Ըստ էության՝ մենք քննարկել ենք եւ երկկողմ, եւ ԹՐԻՓՓ-ից բխող համագործակցության հեռանկարները։ Եվ, իհարկե, նաեւ քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղություն ձեւավորող դրական տենդենցներին։ Իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է։ Այո, իմ եւ պետքարտուղարի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում պահվող անձանց հարցը»։
Կարդացեք նաև
Նշենք, որ Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի շրջանակներում կողմերը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Այսօրվա ասուլիսում Միրզոյանը ներկայացրեց հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերը եւ վերջում դիմեց հայ հանրությանը՝ Փաշինյանի ոճով «սրտիկ» ցուցադրելով․ «Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեսաք, ի հեճուկս իրական թվացող կամ իրական չթվացող ակնհայտ զրպարտող, սուտ կամ լավ քողարկված մանիպուլյացիաների, ահա, հերթական անգամ եկավ պահը, երբ հերթական բանակցված փաստաթուղթը հրապարակում ենք։ Եվ կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիները, ովքեր անկեղծ շահագրգռված են խաղաղությամբ, կարող են տեսնել, որ ամեն ինչ նորմալ ա, ամեն ինչ լավ ա եւ ամեն ինչ գնում է խաղաղության, համագործակցության»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































