«Կար որոշակի մտահոգություն, վախ, որ տարածաշրջանում կարող է ավելի շատ հակամարտություն լինել։ Այդ ժամանակվանից ի վեր՝ վարչապետի, նրա թիմի ապագային ուղղված տեսլականի, նաեւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցության ու ներգրավվածության շնորհիվ, կարծում եմ, հիմա մենք ունենք շատ ավելի տարբեր իրավիճակ»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ հայտարարելով, որ 2023-ին ՀՀ սահմաններում իրավիճակը լարված էր, սահմանի երկայնքով ամեն օր կրակոցներ էին լինում, հայ սահմանապահները հաճախ վիրավորվում կամ զոհվում էին։
Նա խոսեց նաեւ 2023-ի սեպտեմբերի իրադարձությունների եւ Արցախի բնակչության բռնի տեղահանման մասին։
«2025 թվականին ԱՄՆ-ն վերաձեւակերպեց իր հարաբերությունները Հայաստանի հետ, թարմացրեց իր բարձր մակարդակի հարաբերությունները՝ հասցնելով դրանք ռազմավարական գործընկերության: Ի՞նչն է կարեւոր այստեղ․ այն, որ այս ռազմավարական գործընկերության հետ միասին՝ մենք մշակեցինք կանոնադրություն, որը սահմանեց նաեւ մեր առաջարկի ուղին։ Տնտեսական իմաստով մենք բավականին շատ աշխատանք ենք արել։ Ես կցանկանայի ընդգծել երկու բան, որոնք իրականացվել են կամ մեկնարկել են վերջին ամիսների ընթացքում․ առաջինն այն էր, որ հիմա մենք արդեն ունենք բանակցված մեկ, երկու, երեք համաձայնագրերը։ Դրանք քաղաքացիական ու միջուկային էներգիայի համաձայնագրերն են Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ, ինչը մեզ կտա ավելի մեծ հնարավորություններ, լրացուցիչ համագործակցության քաղաքացիական նպատակներով միջուկային ռեակտորի օգտագործման իմաստով»,–ասաց նա։
ԱՄՆ դեսպանը հատուկ ընդգծեց անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ Հայաստանի համագործակցությունը։ Նա վստահեցնում է՝ դա կօգնի Հայաստանին՝ աշխարհում իր խաղաղապահ գործառնությունների իրականացման համատեքստում։ Իսկ ԱՄՆ-ի զինված ուժերին կօգնի ավելի լավ ծանոթանալ ՀՀ ԶՈՒ-ի հետ, հասկանալ միմյանց մոտեցումները. «Ի վերջո, մենք շատ ենք աշխատել սահմանային անվտանգության եւ սահմանային կառավարման ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Խոսելով օգոստոսի 8-ի վաշինգթոնյան փաստաթղթերի մասին էլ դեսպանն ասաց՝ այն ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ավելի լայն, ավելի ընդգրկուն տեսլականի մեկնարկ է տվել։ TRIPP-ի մասով էլ դեսպանն ասաց, որ այն բավական լայն համագործակցություն է ենթադրում ու դրա կարեւոր հատվածը սահմանային անվտանգությունն է եւ կառավարումը, տնտեսական գործընկերությունը. «Սա մեր հարաբերությունները տանում է արդեն հաջորդ փուլ, առաջ է մղում խաղաղության հեռանկարները ամբողջ տարածաշրջանում։ Դրա մի մասը նաեւ խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումն էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Կարծում եմ՝ այն փաստը, որ այս տեքստը արդեն հաստատված է, կարեւոր քայլ է։ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել Հայաստանի եւ տարածաշրջանի այլ գործընկերների հետ աշխատանքին, Ադրբեջանի հետ, տեսնելու, որ այն բոլոր քայլերը, որոնք մենք արել ենք, հասնում են իրենց տրամաբանական եզրահանգման՝ բերելով տեւական ու արդար խաղաղություն, բարգավաճում Հայաստանին ու տարածաշրջանին։ Ես հույս ունեմ, որ դրանով կդրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ մենք Հայաստանը կտեսնենք որպես տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Ասիայի եւ Կենտրոնական Եվրոպայի միջեւ, տնտեսական հանգույց, նաեւ ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































