Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսնակների համար հայկական դաշնամուրային գիրք չկար, Հասմիկ Գրիգորյան-Բելիչը որոշեց ստեղծել այն

Հունվար 16,2026 12:00

«Իմ առաջին հայկական դաշնամուրային գրքի» պատմությունը

2025 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում բնակվող մեր հայրենակից Հասմիկ Գրիգորյան-Բելիչը հրատարակեց իր «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը» մանկական աշխատությունը։ Երեք երեխաների մայր Հասմիկն այսպես փորձում է մատչելի կերպով հայկական դասական մանկապատանեկան ստեղծագործությունները ներկայացնել փոքրիկ երաժիշտներին՝ թե՛ հայերին, թե՛ ամերիկացիներին եւ այլազգիներին։ «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը» Հասմիկի առաջին աշխատանքը չէ։ 2020-ին նա հրատարակեց «Բարեւ արեւ» հայալեզու գիրքը, որն օգնում է հայերենը որպես երկրորդ լեզու սովորող երեխաներին ծանոթանալ հայերեն բառերին։

«Երբ երեխաներս սկսեցին երաժշտություն ընթերցել, պինդ մի ձգտում առաջացավ ինձ մոտ»

«Այդ նախագծից հետո, ես սկսեցի մի քանի այլ նախագծեր զարգացնել, այդ թվում՝ հայերեն այբբենարանին նվիրված գիրք, որը դեռ ընթացքի մեջ է։ Բայց երբ երեխաներս, նախ՝ դուստրս, հետո՝ որդիս, սկսեցին դաշնամուրի դասընթացների հաճախել, իմ ստեղծագործական ուշադրությունը բնականորեն սեւեռվեց դեպի երաժշտությունը։ Իրենց դասընթացներն ինձ համար պատուհան բացեցին դեպի սկսնակ դաշնակահարներին միտված մանկավարժություն. ստույգ կերպով աստիճանավորված նյութեր, Բախի եւ Մոցարտի աշխատանքների ներածություն եւ խորամիտ տեխնիկա, որն օգնում է երեխաներին քայլ առ քայլ սովորել նվագը, ռիթմը, ձայնանիշերը»,-պատմում է Հասմիկը՝ մանրամասնելով երաժշտական գիրքը պատրաստելու մտքի հղացման աղբյուրը։

«Երբ երեխաներս սկսեցին երաժշտություն ընթերցել, պինդ մի ձգտում առաջացավ ինձ մոտ՝ ստեղծել մի բան, որը երբեւէ չէի ստեղծել. հայկական դաշնամուրային գործեր՝ մատչելի երիտասարդ սովորողների համար։ «Արեւ, արեւ, եկ, եկ»-ը մշակելն իմ առաջին փորձն էր։ Ձայնանիշերի համակարգչային ծրագրի օգտագործում պետք է սովորեի։ Չարչարալից մի քանի օր պահանջվեց, որպեսզի մաքուր եւ տպման ենթակա նոտագիր պատրաստեի», – ասում է նա, շարունակում՝ «Ամենուր ման եկա հայկական նոտագրեր, որոնք հարմարեցված կլինեին սկսնակների համար. գնելու, ներբեռնելու եւ անգամ ադապտացնելու համար ոչինչ չկար»։

Իսկ ինչո՞ւ հայկական երաժշտական հսկաների ստեղծագործությունների ներածական տարբերակներ մշակված չեն հայ եւ այլազգի փոքրիկ դաշնակահարների համար։ Հենց այս հարցն էլ մտածելու տեղիք է տվել Հասմիկին։

«Սկսնակների համար հայկական նյութեր պարզապես գոյություն չունեին»

Այս բացը նա տեսնում է ԽՍՀՄ տարիներին հայկական երաժշտագիտական կրթությունը ձեւավորած ռուսական կոնսերվատորիաների ավանդույթների մեջ. «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մոդելը վերցվել է ռուսական հաստատություններից։ Շատ հայ երաժիշտներ վերապատրաստվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում»։

Այս պատճառով է, կարծում է Հասմիկը, որ Հայաստանում երաժշտագիտության դասավանդման լեզուն, ռեպերտուարը, եզրութաբանությունը գլխավորապես ռուսերեն էին։ «Սկսնակների համար հայկական նյութեր պարզապես գոյություն չունեին։ Ուսուցիչները հաճախ դժվարանում էին հայերեն թարգմանել անգամ ամենահիմնարար երաժշտական հասկացությունները»,-նշում է Հասմիկը։

«Արեւ, արեւ, եկ, եկ»-ի շուրջ երեխաների ոգեւորությունից հետո Հասմիկն անցավ Ռուբեն Հախվերդյանի «Կլոր զատիկ»-ին, «որը անչափ սիրելի օրորոցային է մեր տանը»։

«Աղջիկս, որն արդեն ավելի կատարելագործված էր, սկսեց այն նվագել գրեթե անմիջապես»,-հիշում է Հասմիկը։

Դուստրը՝ Էվան, կիսվում է. «Մայրիկիս գիրքը խրախուսում է ինձ հայկական երաժշտություն սովորել։ Հիմա ես ուզում եմ նաեւ աշխարհի այլ երկրների երաժշտություն ուսումնասիրել»։

«Իմ պապը շուրջ երեսուն տարի նվիրեց Սայաթ-Նովայի ուսումնասիրությանը»

«Աղջկաս խանդավառությունը վարակիչ էր։ Այդ պահը կայծ էր ավելի խոր մտքերի համար. իսկ Կոմիտա՞սը, իսկ Սայաթ-Նովա՞ն, իսկ այն ժողովրդական երգե՞րը, որոնք լսելով եմ մեծացել»։

Այստեղ է, որ Հասմիկը հիշատակում է իր պապին՝ Լյուդվիգ Դուլյանին. «Իմ պապը շուրջ երեսուն տարի նվիրեց Սայաթ-Նովայի կյանքի ու ստեղծագործությունների ուսումնասիրությանը եւ փաստագրմանը՝ 1990-ից սկսած՝ Հայաստանի առեւտրի մինիստրության վարչության պետի պաշտոնից թոշակի անցնելուց հետո։ Երկարատեւ աշխատանքի արդյունք էր Սայաթ-Նովային նվիրված մի քանի հատորը, որոնք նա հրատարակեց տարիների ընթացքում։ Գոնե մեկ աշուղական գործ գրքում ներառելը խոր անձնական նշանակություն ուներ ինձ համար»։

Հասմիկն անկեղծանում է՝ ցանկությունը կար, բայց այն իրագործելը դյուրին չէր։ «Սա մեծագույն մարտահրավերներից էր։ Սայաթ-Նովայի երաժշտությունն ավանդաբար գրվել է 6/8 չափով եւ ռիթմիկ մանրակրկտությամբ։ Պետք է ուշադիր կերպով պարզեցնեի օրինաչափությունները՝ միեւնույն ժամանակ արժանին մատուցելով բնագրի ոգուն եւ իսկությանը»,-պատմում է գրքի հեղինակը։

Մշակութային հիշողության պահպանման համակցումը «փոքր ձեռքեր»-ի ունակությունների հետ

«Իմ առաջին հայկական դաշնամուրային գրքի» ստեղծման ուղին այստեղից մեկնարկեց։ Հեղինակի խոսքով՝ այդ ուղին «վերաճանաչման անձնական ճանապարհ» էր. «Թեեւ ամուր դասական կրթություն էի ստացել, գիտակցեցի, թե որքան սակավ գիտելիք էի ստացել հայկական երաժշտական ժառանգության, իր հիմքերի, ժողովրդական ավանդույթների, կոլեկցիոներների եւ կոմպոզիտորների մասին։ Սկսեցի ուսումնասիրել, լսել, հետազոտել եւ մշակել՝ նոր կյանք տալով գալիք սերնդի համար եւ վերամիավորվելով այն երաժշտության հետ, որը մանկությունս էր ձեւավորել»։

Պատրաստելով գիրքը՝ Հասմիկը կարեւորել է մշակութային հիշողության պահպանման համակցումը, ինչպես ինքն է ասում, «փոքր ձեռքեր»-ի ունակությունների հետ։

Ոգեշնչման մեծագույն աղբյուրը երեք երեխաներն են

«Գրքի դիզայնի ընտրությունը պահանջում էր հստակության, գեղեցիկի եւ մանուկներին համապատասխան պարզության հավասարակշռում։ Դե իսկ խմբագրման ընթացքում կողքիս էին ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ մենթորները։ Այդ ընթացքը ե՛ւ մանրակրկիտ էր, ե՛ւ խորապես իմաստալից՝ ապահովելով, որ յուրաքանչյուր էջ արժանին մատուցի մեր երաժշտական ժառանգությանը, բայցեւ մատչելի լինի երիտասարդ սովորողների համար»,-շեշտում է Հասմիկը՝ առանձնացնելով մայրիկի՝ Սուսաննա Դուլյանի դերը գրքի հայերեն տեքստի խմբագրման աշխատանքներում։

Ոգեշնչման աղբյուրների մասին հարցիս՝ Հասմիկի պատասխանը հստակ է։ Ոգեշնչման մեծագույն աղբյուրն իր երեք երեխաներն են՝ որդիները՝ Վինն ու Ալեքսը, եւ դուստրը՝ Էվան։

«Երբ սկսեցին դաշնամուրի դասընթացների հաճախել, ես ուզում էի, որ ժամանակ առ ժամանակ հայկական գործեր նվագելու հնարավորություն ունենան՝ իրենց երաժշտական աշխարհն ընդլայնելու եւ իմ անցյալի մի մասն իրենց հետ կիսելու համար»,-ասում է Հասմիկը։ Նա սա կարեւորում է, քանի որ Ֆորթ Ուորթ քաղաքում, որտեղ ապրում է ընտանիքը, հայկական համայնքը փոքր է։

«Ամեն կերպ փորձում եմ մշակույթը մեր տուն հասցնել։ Եթե նրանք դաշնամուրի շնորհիվ կարող են լսել Հայաստանը, անգամ եթե դա օրվա ընթացքում մի քանի րոպե է, դա մեծ նշանակություն ունի ինձ համար»,-նշում է նա։

«Իր ժառանգությունը շարունակում է ուղղորդել եւ ոգեշնչել ինձ». Հասմիկը՝ Կոմիտասի մասին

Մեր անվանի երաժշտագետներից որպես ոգեշնչման աղբյուր Հասմիկն առանձնացնում է Կոմիտաս վարդապետին։ Նշում է՝ ամեն անգամ Կոմիտասի աշխատություններից մեկն ուսումնասիրելիս կամ նվագելիս ավելի է գնահատում նրան։

«Լինի դա իր սկզբնական գործերից մեկը, օրինակ՝ «Շուշիկի»-ն կամ «Յոթ երգ»-ը, լինեն դրանք այդչափ խնամքով հավաքված եւ պահպանված ժողովրդական մեղեդիները, երբ նվագում եմ Կոմիտաս, մտքիս է գալիս այն հսկա պարգեւը, որը նա թողել է մեր ժողովրդին։ Այս պատճառով եմ գրքիս մեջ մի բանաստեղծություն նվիրել Կոմիտասին։ Իր ժառանգությունը շարունակում է ուղղորդել եւ ոգեշնչել ինձ»,-ընդգծում է հեղինակը։

Հասմիկը հիշում է՝ 90-ականները հեշտ տարիներ չէին Հայաստանում. հոսանքազրկումներից մինչեւ սթրեսային քննություններ

Հասմիկ Գրիգորյան-Բելիչը մագիստրոսի գիտական կոչում է ստացել Տեխասի Հարավային մեթոդիստական համալսարանի «Տեղեկատվական համակարգեր եւ կառավարում» բաժնից։ Այսօր նա էներգետիկ ոլորտում գործող, ծրագիրը որպես ծառայություն (SaaS) մատուցող ընկերությունում արտադրանքի կառավարման ավագ տնօրեն է։ Նվիրված է իր աշխատանքին, ամուսնուն՝ Ջիմի Բելիչին, երեխաներին։

Երաժշտական կրթությունը դպրոցական տարիքում է ստացել՝ 14 տարեկանում ավարտելով Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը։ Հասմիկը հիշում է՝ 90-ականները հեշտ տարիներ չէին Հայաստանում՝ հոսանքազրկումներ, դպրոց հասնելու դժվարություններ, բաց թողնված դասեր։

Կրթության մեթոդաբանության առումով նույնպես հեշտ չէր. «Մեր առաջընթացը գնահատվում էր սթրեսային քննությունների, ոչ թե զվարթ հանդիսությունների միջոցով։ Այդ մշակույթը ես Միացյալ Նահանգներում բացահայտեցի։ Մենք կարգուկանոն ենք սովորել, բայց փորձառությունը ոչ միշտ էր հաճելի։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո ես շատ տարիներ հեռացա դաշնամուրից»։

Վերադարձը դաշնամուրին եւ երաժշտությանը կայացավ, երբ երեխաների ուսուցման համար դաշնամուր գնեցի։ «Ես այլեւս պարտադրված գործեր չէի սովորում, քննությունների չէի պատրաստվում։ Ես ունեի ստեղծագործության ընտրության, սխալվելու, ուսումնասիրելու եւ պարզապես նվագովս կիսվելու ազատություն։ Ազատության եւ անցյալիս հետ վերամիավորման այդ զգացողությունն ի վերջո ձեւավորեց «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը»։

Զուգահեռներ իր եւ պապի պատմությունների միջեւ

Հասմիկը զուգահեռներ է անցկացնում իր եւ պապի պատմությունների միջեւ։ Երկուսն էլ հումանիտար կամ երաժշտագիտական կրթություն չեն ստացել, բայց ժամանակ են նվիրել՝ բացահայտելու եւ հանրահռչակելու հայկական դասական երաժշտությունը։

Հասմիկը՝ համակարգչային գիտությունների եւ բիզնեսի համակարգման մասնագետ է, Լյուդվիգ Դուլյանը տնտեսագետ էր. «Սակայն նա տիրապետում էր հայերենին, ռուսերենին, թուրքերենին, որոշ չափով վրացերենին, պարսկերենին, արաբերենին, եւ այդ բազմալեզու գիտելիքն, ինչպես նաեւ նրա բացառիկ ունակությունը՝ վերծանելու Սայաթ-Նովայի ստեղծագործություններին բնորոշ գաղտնագրային ու խորքային իմաստները, հնարավորություն տվեցին նրան բացահայտելու եւ աշխարհին փոխանցելու աշուղի իրական պատգամը։ Նույն կերպ, ես պարտադիր չէ, որ մասնագիտությամբ արվեստագետ կամ վարպետ դաշնակահար լինեմ։ Իմ ուժեղ կողմը բարդ գաղափարները պարզեցնելու ունակությունն է՝ այնպես, ինչպես անում եմ աշխատանքում՝ հաճախորդների խնդիրները վերածելով գործնական լուծումների, որոնք իրական աշխարհում արդյունք են տալիս։ Այդ ունակությունը, երբ միանում է հետաքրքրասիրությանը եւ երաժշտական կրթությանը, հնարավորություն է ստեղծում ձեւավորելու մի բան, որն այսօր իսկապես անհրաժեշտ է՝ հայկական մշակույթը սփյուռքում պահպանելու համար»:

Հասմիկն ուրախ է, որ իր գրքով եւ հայկական երաժշտությամբ հետաքրքրվում են նաեւ ամերիկացիները, այդ թվում՝ երեխաների դաշնամուրի ուսուցիչը։ Նա պատրաստվում է գիրքը դասընթացների մաս դարձնել։

«Թեեւ գիրքը ստեղծվել է՝ հաշվի առնելով հայկական համայնքը, նրա մշակութային եւ երաժշտական հարստությունը կարող է հրապուրել ավելի լայն զանգվածին»,-ասում է նա։

Ասելիք ուներ նաեւ Վինը՝ Հասմիկի ավագ որդին. «Երաժշտական գիրքը հրաշալի է եւ մեծ հաջողություն։ Սպասում եմ, որպեսզի սովորեմ նվագել»։

Ապագա գործերի մասին Հասմիկն ասաց՝ հնարավոր է «Իմ առաջին հայկական դաշնամուրային գրքի» երկրորդ, փոքր-ինչ ավելի բարդ գործերով շարունակություն հրատարակի։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարում՝ Հասմիկ Գրիգորյան-Բելիչը, ձեռքում՝ «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը», կողքին՝ Էվան, Վինը, դաշնամուրի նստարանին՝ Ալեքսը

«Առավոտ» օրաթերթ
15.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031