Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշանվեր թղթադրամով «գնել» էր հեռախոս

Հունվար 16,2026 12:30

Էլմիրա Մալխասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թ. հուլիսի 19-ին վստահությունը չարաշահելու եղանակով Աշոտ Ասատուրյանից հափշտակել էր խոշոր չափի` 560.000 ՀՀ դրամ արժողության  «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոս: Է.Մալխասյանը, «Լիստ ԷՅ ԷՄ» հայտարարությունների կայքում նկատելով տուժողի կողմից «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոսը 560.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու ցանկության վերաբերյալ տեղադրված հայտարարությունը, երեկոյան էր ժամադրել քաղաքացուն, նրան տվել «5000 ռուբլի» անվանական արժեքով հուշանվեր-թղթադրամներ (5.000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով 15 հուշադրամներ-Ռ.Մ), ստացել հեռախոսը: Հեռախոսին տիրանալուց հետո քրեական վարույթի ընթացքում  նա 22 օր ժամկետով թաքնվել էր քննությունից:

2023թ. ապրիլի 6-ին դատարանը որոշում է կայացրել Էլմիրա Մալխասյանի նկատմամբ մինչեւ 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Դատարանը գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության արդյունքում արձանագրել էր, որ ամբաստանյալ Էլմիրա Մալխասյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունն ավարտվել է 19.07.2019թ., այսինքն՝ 18-ից մինչեւ 21 տարին լրանալը (19 տարեկանում): Ըստ դատարանի`  ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 75-րդ եւ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 106-րդ հոդվածների կանոններով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության՝ 3 տարի 4 ամիս եւ դրան գումարած՝ քննությունից խուսափելու 22 օր ժամկետը լրանալու օրվա՝ 11.12.2022թ. դրությամբ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել:

Վերաքննիչ քրեական դատարանը քննության առնելով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր՝ Մանվել Շահվերդյան)՝ 2023 թ. ապրիլի 6-ի որոշման դեմ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Անահիտ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը, վերաքննիչ բողոքը բավարարել էր մասնակի:

Խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակությունը ենթադրաբար կատարած՝ Է. Մալխասյանի վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թ. ապրիլի 6-ի որոշումը բեկանել էր եւ թիվ ԵԴ/0847/01/20 քրեական գործով վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն անցած տարեվերջին քննության առավ 2023 թ. հուլիսի 14-ի որոշման դեմ պաշտպան Գ.Պապոյանի վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ դատարանը որոշեց մեղադրյալ Է.Մալխասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումը բեկանել եւ օրինական ուժ տալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թ. ապրիլի 6-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:  Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս վարույթով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել նյութական օրենքի խախտում, եւ որ մեղադրյալ Է.Մալխասյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական վարույթը կարճելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ու հիմնավորված է: Վճռաբեկ դատարանը շեշետեց, որ քրեական օրենսդրության հետադարձությունը սահմանող նորմը քրեական օրենսգրքի գործողության ընդհանուր կանոն է, որն անմիջականորեն սկսում է գործել քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից՝ անկախ այն հանգամանքից՝ համապատասխան կանոնը նախկին քրեական օրենսդրության համեմատ խստացվել, թե մեղմացվել:

6 հատորանոց գործն անցած տարվա դեկտեմբերի 30-ին ուղարկվեց Երեւան քաղաքի քրեական դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031