Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման առաջին քայլը եւ ամենակարեւոր մեխանիզմը ընտրություններն են։ Դրանք հավանաբար կլինեն հերթական, քիչ հավանականություն կա նաեւ, որ ընտրությունները լինեն արտահերթ․ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ն սահմանադրական երաշխիքներ՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար։
Թե որքանո՞վ առաջիկա ընտրություններն ազատ եւ արդար կլինեն այն պարագայում, երբ ունենք իշխանության գերկենտրոնացում մեկ անձի ձեռքին, որն ամեն տարբերակ գործադրելու է, որպեսզի վերարտադրվի, բանախոսը համարում է ընդդիմադիր ուժերի խնդիրը։ Իր գնահատմամբ, ընդդիմադիր ուժերի հիմնական անելիքը պետք է լինի՝ կարողանալ մոբիլիզանալ, մոբիլիզացնել ոչ պրոնիկոլական ընտրազանգվածի ձայները, որպեսզի դրանք չկենտրոնանան իշխանական ճամբարում, որպեսզի դրանք չփոշիանան եւ հնարավորություն լինի մտնել պառլամենտ ու նոր կառավարություն ձեւավորել։
Իր տպավորությամբ, ընդդիմադիրները շատ հստակ չեն պատկերացնում, թե կառավարության ձեւավորումն ի՞նչ կերպ պետք է լինի։ Վարդան Պողոսյանը մանրամասնում է՝ ընտրություններից հետո կառավարության ձեւավորման եւ վարչապետի ընտրության հարցը ոչ թե պառլամենտին, այլ ժողովրդին է վերապահված, եթե որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն չի հավաքում։ Դա նշանակում է, որ ընդդիմադիր ճամբարը մինչեւ ընտրություններ պետք է համաձայնության գա երկրի վարչապետի թեկնածուի շուրջ։ Համաձայնության չգալու պարագայում լինում է ընտրությունների երկրորդ փուլ, որն մասնակցում են ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները՝ 4 տոկոս կուսակցությունների համար, 8 տոկոս մինչեւ երեք կուսակցությունների դաշինքների համար, 10 տոկոս՝ չորս եւ ավելի կուսակցությունների դաշինքների համար։ Երկրորդ փուլում էլ են հնարավոր նոր դաշինքներ, քանի որ երկրորդ փուլին պետք է մասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու կուսակցությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ինչպե՞ս կիրառել Սահմանադրությունը, երբ մեկ անձը վարում է ողջ իշխանությունը՝ օրենսդիր եւ գործադիր՝ հարցին, սահմանադրագետը պատասխանեց՝ ասելով, որ այստեղ էական է դառնում արդեն դատական իշխանության դերակատարումը։ Բայց այս իշխանությունում, ցավոք, հատուկենտ դատավորներ են մնացել, ովքեր հավատարիմ են իրենց կոչմանը։
Ի դեպ, կառավարման մոդելի փոփոխության մասին խոսակցություններին ի պատասխան՝ Վարդան Պողոսյանը հայտարարում է, որ կիսանախագահական մոդելին վերադառնալը կործանարար է լինելու Հայաստանի համար, քանի որ այն ենթադրում է «դուալիստական» կառավարման մոդել։ Օրինակ բերելով Լեհաստանի մոդելը՝ նկատում է, որ այստեղ էլ է կառավարումը լինում անկառավարելի, քանի որ անգամ պաշտոնական հանդիպումներում երկիրը ներկայացնելու համար վարչապետի ու նախագահի միջեւ բախում է լինում։ Այս թնջուկը լուծելու համար, Լեհաստանը որոշեց վարչապետին «առաջին ջութակի» դերակատարում վերապահի։
Ընդհանուր առմամբ, իր գնահատմամբ, հիմնական խնդիրը տվյալ երկրի քաղաքական էլիտայի եւ քաղաքական մշակույթի մեջ է։ Հայաստանը երկու մոդելում էլ խնդիր է ունեցել, քանի որ բախվել է անձնիշխանության։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































