-Մենք Հայաստանում գործ ունենք ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ: Այստեղ թույլատրելի է ամեն ինչ, բացի քաղաքականությամբ զբաղվելը,- այսօր ԲԴԽ շենքի դիմաց ի պաշտպանություն «Իմնեմնիմիի» համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի անցկացվող բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանություններին չեն կաշկանդում ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ ստանձնած միջազգային պարտավորությունները. «Անում են այն, ինչ այդ պահին իրենց հարկավոր է, իրենց նույնիսկ չի հետաքրքրում ՀՀ վարկանիշը: Մենք ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու ենք, ե՛ւ գործադիրը, ե՛ւ օրենսդիրը, ե՛ւ դատական համակարգը պատկանում են մեկ մարդու, այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է»:
Լուսինե Առաքելյանը նաեւ պատմեց, որ ամուսնուն հացադուլից հետո չի հանդիպել, հեռախոսային զրույցների ժամանակ Նարեկն ասում է՝ լավ է. «Բայց բնական է՝ լավ չի: Ինքը երբեք չի բողոքել ո՛չ իր առողջական վիճակից, ո՛չ իրադրությունից, որում գտնվում է: Բայց ձայնից էլ հասկանալի է իրողությունը: Էս աբսուրդի տակ ստորագրող մարդկանց խղճից եմ ուզում, որովհետեւ աննկարագրելի է՝ ոնց են այս ամենը կարողանում գլուխ բերել ու հանգիստ քնել»:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը օրեր առաջ եւս երեք ամսով իրենց կալանքը երկարաձգելու դատարանի որոշման հրապարակումից հետո հենց դատարանում հայտարարեց անժամկետ հացադուլ:
Կարդացեք նաև
Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի աջակիցները պահանջում են անհապաղ կատարել Նարեկ Սամսոնյանի պահանջները՝ այն է` դադարեցնել ապօրինի գործողություններն իրենց դեմ:
Հիշեցնենք նաեւ, որ «Իմնեմնիմիի» համահեղինակների աջակիցները նախորդ բոլոր օրերին տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ իրենց հրատապ նամակներն են փոխանցել Հայաստանում միջազգային կառույցների ղեկավարներին ու օտարերկրյա դեսպաններին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից


















































