Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում դատաիրավական համակարգը գտնվում էր իշխանության ազդեցության տակ, հիմա իրենք խաղում են իրար հետ»

Հունվար 17,2026 13:30

Հայաստանը բացարձակ առաջատար է Եվրոպայում՝ առանց դատավճռի ազատազրկվածների տոկոսային հարաբերակցությամբ

Սկիզբը՝ «Առավոտի» 26. 12.2025-ի համարում

Հայաստանը բացարձակ առաջատար է Եվրոպայում՝ առանց դատավճռի ազատազրկվածների տոկոսային հարաբերակցությամբ. այս ցուցանիշները հանրայնացրել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա առաջիններից էր, որ շինծու քաղաքական մեղադրանքով 2 տարի վեց ամիս՝ 1 տարի, 11 ամիս կալանքի հաշվանցմամբ, ազատազրկվեց ՔՊ-ական իշխանության կողմից՝ այսպես կոչված՝ «շահագրգռելու գործով»։ Ավետիք Չալաբյանին մեղադրանք էր ներկայացվել՝ երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։

Այսպես. «Всемирный обзор тюрем»-ի տվյալներով՝

Հայաստան – 53% (30.9.2025)

Ուկրաինա – 36.5% (31.12.2023)

Ռուսաստան — 25.5% (01.11.2022)

Ադրբեջան – 24,3% (01.04.2025)

Վրաստան — 23.7% (վերջին WPB թարմացում).

Հունգարիա — 22.8% (31.01.2024)

Բուլղարիա — 21.5% (31.01.2023)

Մոլդովա — 20.2% (01.04.2025)

Թուրքիա- 14.9% (վերջին WPB թարմացում)

Բելառուս — 16.6% (31.12.2018)

Լեհաստան — 11.2% (30.9.2025)

Ռումինիա — 9.2% (31.12.2024)

Չեխիա — 8.4% (30.9.2025)

Ի՞նչն է այս խայտառակ վիճակի պատճառը՝ հարցին Ավետիք Չալաբյանը պատասխանում է, որ իր գնահատմամբ, Հայաստանում նախաքննության տակ գտնվողների բարձր տոկոսը պայմանավորված է հիմնականում օրենքի ակնհայտ բացով՝ կալանքը որպես գերակշռող միջոց օգտագործվելը, ապա՝ դատական համակարգի գործընթացների դանդաղությամբ, նախաքննության մարմինների կողմից ստալինյան գործելաոճով եւ դատական համակարգը քաղաքական իշխանության կողմից փաստացի բռնազավթելով։ «Արդյունքում՝ առանց դատավճռի ազատազրկվածների մասնաբաժինը կազմում է բանտարկյալների ավելի քան կեսը (53.3%), ինչը շատ բարձր ցուցանիշ է՝ համեմատ Արևելյան Եվրոպայի այլ երկրների հետ։ Արևելյան Եվրոպայի երկրներում կալանքը կիրառվում է միայն ծանր և առավել ծանր հանցագործությունների դեպքում, այլապես կիրառվում են այլ խափանման միջոցներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։

Հայ ազգային կոնգրեսի իրավական խմբի պատասխանատու Արմեն Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում, Հայաստանում քաղաքական բռնաճնշումների եւ հետապնդումների իր համեմատական վերլուծության ընթացքում, նկատեց՝ հիմա անտրամաբանական եւ բազմազան է ներկապնակը. «Մեկին տեռորիստ են դարձնում կամ իշխանությունը զավթելու գործողություն են նկատում այն արտահայտության մեջ, որ ասում է՝ «մենք էլ մեր ձեւով կանենք»։ Սա հազար ձեւ կարելի է մեկնաբանել։ Գուցե, իսկապես նկատի ուներ բռնությամբ իշխանությունը զավթելը, բայց որպեսզի հնարավոր լիներ հանրային հետապնդում հարուցել դրա հետ կապված, պետք է զուգորդող բազմակի գործոններ, լրացուցիչ գործողությունների համակցություն ունենայինք։ Կամ՝ Միքայել սրբազանի քրեական գործը. աբսուրդ է, որ մարդն իր սենյակում նստած՝ ասում է՝ հա, լավ էլ կոչ եմ անում, գնացեք հեղաշրջում արեք։ Բայց արդյո՞ք այդ կոչն ուղղված էր կոնկրետ անձանց, կոնկրետ խմբի, ունե՞ր նախապատրաստական փուլ, կատարման փուլ։ Մարդը կարծիք է ասել»։

Անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատության սահմաններին, Արմեն Խաչատրյանը նկատում է. «Ինքս լինելով իրավաբան եւ հանրային գործիչ, իմ խոսքը, ամենասուր քննադատությունն իշխանությունների հասցեին կազմակերպում եմ այնպես, որ դա առավելագույնը քաղաքացիաիրավական հարաբերությունների սահմաններից այլ կերպ չդիտարկվի՝ որեւէ մեկնաբանության դեպքում։ Ինչի կարիքը երբեւէ չեմ ունեցել նախկինում՝ թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ նկատի ունենալով, որ առնվազն 2011 թվականից իրավապաշտպան եւ քաղաքական գործունեություն եմ իրականացրել։ Երբեւէ ես իմ խոսքին այդքան ուշադիր չեմ եղել՝ վատ իմաստով, սահմանափակված լինելու իմաստով, քան վերջին 4-5 տարիներին, թեեւ հիմա շատ ավելի ակտիվ եմ հանրային դաշտում, քան եղել եմ նախկինում։ Այս իմաստով, միանշանակ է եւ ակնհայտ, որ հիմա խոսքի ազատությունը վտանգված է այնպես, ինչպես երբեւէ վտանգված չի եղել, որովհետեւ արտահայտված ցանկացած կարծիք կարող է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք հանդիսանա»։

Խոսելով դատաիրավական համակարգի արձագանքի մասին էլ, մեր զրուցակիցը նկատում է՝ որքան էլ 2008-ին արձանագրենք, որ կատարվածը հարված էր դատաիրավական համակարգին, քանի որ եթե որոշել էին մարդուն դատել՝ դատում էին, բացառությամբ մի քանի դեպքերի, այնուամենայնիվ, այն ժամանակ կային մի խումբ դատախազներ, մի խումբ քննիչներ, ովքեր հրաժարվել են այս քրեական գործերով մասնակցություն ունենալ՝ նախաքննություն իրականացնել, նախաքննության ընթացքում հսկողություն իրականացնել կամ գործը տանել դատարան եւ մեղադրանք պաշտպանել. «Նաեւ դատավորներ եղան, ովքեր ըմբոստացան։ Օրինակ, Ռուբեն Ափինյանն, ով հրաժարվել էր ազատազրկման ձեւով պատիժ նշանակել, ինչի պատճառով իր նկատմամբ քրեական վարույթ նշանակվեց, քրեական դատարանից իրեն տեղափոխեցին քաղաքացիական դատարան եւ այլն։ Ընդ որում, այն ժամանակ թե դատավորների, թե դատախազների հետ կոնտակտի, խոսելու ուղիղ ձեւ կար, իրենք իսկապես հանդես էին գալիս, որպես հակառակորդ կողմ։ Հիմա, անորոշ, գորշ զանգված է՝ ի դեմս դատաիրավական համակարգի, որն իր պարտքն է համարում այս վարույթներով ներկայանալը։ Իսկապես «Մարտի 1-ի» գործով մենք ապացույցների կեղծման մի խոշոր երեւույթի բացահայտմանն առնչվեցինք եւ ականատեսը եղանք, բայց այն ժամանակ, օրինակ, կեղծ ապացույց էին ստեղծում. բերում էին ոստիկանի, ոստիկանը կեղծ ցուցմունք էր տալիս, որ այսինչը քարով կամ փայտով խփեց ինձ։ Ընդ որում, իշխանությունները հեռու էին, առաջին պլանում չէին, տակից ինչ անում էին՝ մենք դրան տեղյակ չէինք լինում։ Հիմա այս ամեն ինչը կատարվում է իշխանության ուղիղ հրահանգներով, ամբիոնից բարձրանում եւ հայտարարում են, որ  այս քրեական գործով էս-էս ապացույցները կան։ Իհարկե, հետո պարզվում է, որ կեղծ է, չկան նման ապացույցներ, բայց զուտ պրոպագանդայի առումով, իշխանությունն ու դատաիրավական համակարգը գործում են իրար հետ պասերով։

Ռոբերտ Քոչարյանը երկու նախադասություն էր ասել՝ «կտեսնեք, մեքենայի հետեւից ոնց են ցուցարարները կրակում եւ թաքնվում», փաստաբաններին էլ ասել էր՝ «դուք ամաչելու եք, թե դուք ո՞ւմ եք պաշտպանում», մենք մինչեւ այսօր այդ նախադասությունը հիշեցնում ենք։ Առաջին դեպքում այդ ապացույցն այդպես էլ չեղավ, երկրորդ դեպքում փաստաբանները երբեւէ ամաչելու առիթ չունեցան՝ մեր քաղբանտարկյալների հսկայածավալ գործերի քննության կամ դատական լսումների ընթացքում։ Այժմ, իշխանության բարձրագույն ներկայացուցչից սկսած՝ մինչեւ քննիչներ, իսկապես ամոթից գլուխները կախ ման գալու հազարավոր առիթներ ունեն։ Մարդուն դատել,  որովհետեւ հարցազրույցի մեջ ասել է նախադասություն, որը հազար կերպ կարելի է մեկնաբանել ու այդ մեկնաբանություններից որեւէ մեկի մեջ հանցակազմ գտնելն ուղղակի հիմարություն է։ Այն ժամանակ դատաիրավական համակարգը գտնվում էր իշխանության ազդեցության տակ, բայց հիմա իրենք խաղում են իրար հետ՝ իբրեւ զույգեր. նա ասում է, նա անում է, նրանք ասում են, սրանք՝ անում են»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շարունակելի

«Առավոտ» օրաթերթ
16.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031