Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենադավերի ու եղբայրադավերի միացումից Հայոց Պետություն չի ստեղծվի, ինչպես թզենու և մամխենու պատվաստումից հայկական ծիրան չի ստացվի․ Գենադի Մնացականյան

Հունվար 17,2026 14:25

Հայաստանում 2018 թվականից սկիզբ առած հակաեկեղեցական արշավը շարունակվում է։ Օրերս վերջնականապես դիմակազերծվեց նաև եղբայրադավերից թերևս ամենատիտղոսավորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ապերախտ առաջնորդ ապաշնորհ Հովնան սրբազանը։

Նա հանդես է եկել հակաեկեղեցական հայտարարությամբ, որը մեծ հաշվով հենց իր իսկ՝ որպես հոգևորականի մահախոսականն էր։ Այս մեծամիտ ու փառասեր հոգևորականին արդեն հասցրել են պատասխանել բազմաթիվ ազնիվ հայորդիներ։ Այդուհանդերձ, ուզում եմ մեր ուշադրությունը ավելի սևեռենք Հովնան սրբազանի «մահախոսականի» 8-րդ կետի վրա, որտեղ նա ասում է․ «Վեհափառ Հայրապետը քաղաքականացուցած է եկեղեցին՝ հակադրուելով պետության որդեգրած խաղաղության օրակարգին»։

Ծանոթ խոսույթ է, ճի՞շտ է։ Այս անտրամաբանական ու զրպարտիչ խոսույթի մասին դեռևս 2025 թվականի մայիսին առաջին ակնարկն արել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, ով ի լուր աշխարհի հայտարարել էր, իբր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարածաշրջանի խաղաղության համար սպառնալիք է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, բնականաբար, անհապաղ և խստագույնս դատապարտել է այդ հայտարարությունը։  Ապաշնորհ Հովնան սրբազանը խոսում է «Պետության որդեգրած խաղաղության օրակարգի մասին»՝ անտեսելով Հայ Եկեղեցու խաղաղության օրակարգը։ Ավելին` նա դիտավորյալ հակադրում է Եկեղեցու և Պետության խաղաղության օրակարգերը, մինչդեռ պետք էր հակառակ ուղղությամբ գործել։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից շրջանառության մեջ սողացող այդ հակահայկական ու վտանգաշատ խոսույթով անընդհատ հայ ժողովրդին մոլորեցնելու փորձեր են անում նաև քրիստոնեության հետ որևէ աղերս չունեցող ՀՀ իշխանություններն ու իրենց կամակատար քարոզիչները։

Իսկ հիմա ԱՄՆ-ում Հայ Եկեղեցու արքեպիսկոպոսը այդ կրակի վրա յուղ է լցնում։ Գուցե Ադրբեջանը այն կենտրոնը չէ, որտեղ կայացվել է Հայ Եկեղեցու դեմ արշավ սկսելու որոշումը, սակայն, ինչպես արդարացիորեն նկատել են շատ վերլուծաբաններ, հենց Ադրբեջանի հոգևոր առաջնորդի այդ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները շարունակեցին դեռևս 2018 թվականից սկիզբ առած իրենց հակաեկեղեցական արշավը։

Որոշ հոգևորականներ տրվեցին գայթակղությանը և միացան ՀՀ վարչապետի կողմից հիմնադրված «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդին, սակայն մի բան հստակ է, որ հայրենադավերի ու եղբայրադավերի միացումից Հայոց Պետություն չի ստեղծվի, ինչպես թզենու և մամխենու պատվաստումից հայկական ծիրան չի ստացվի։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031