Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք ուզում, որ Արցախը դառնա Նախիջեւան, պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը թողել ենք Արցախում, որն ամեն օր ոչնչացվում է թշնամու կողմից»

Հունվար 18,2026 15:55

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ընթանում է «Մենք կանք» խորագրով մեծ մշակութային միջոցառումը, որը կազմակերպել են արցախցիները՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի եւ «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ։ Միջոցառման շրջանակներում 12:00-ից բացվել է արցախյան մոտիվներով ցուցահանդես, որտեղ կներկայացված են բռնի տեղահանումից հետո իրենց գործունեությունը Հայաստանում վերսկսած արցախյան ընկերությունների արտադրանքը, ձեռքի աշխատանքները եւ անհատների ու մշակութային կոլեկտիվների ստեղծագործական ներկայացումները։

 

Իսկ երեկոյան՝ ժամը 18։00-ին կմեկնարկի մեծ համերգ, որին կմասնակցեն արցախյան համույթները եւ երգիչ-երգչուհիները։ Արցախցի հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ հրավիրված են նաեւ հյուրեր Հայաստանից, որոնց համար Արցախը կարեւոր է, ովքեր միշտ Արցախի ու արցախցու կողքին են։

Արտակ Մկրտչյանի խոսքով՝ այս միջոցառման խորհուրդը արցախյան մշակույթի պահպանությունն ու այն սերունդներին փոխանցելն է։ «Եթե մենք դա չանենք, ապա ոչ ոք մեր փոխարեն չի անելու այդ գործը՝ թե մշակույթի, թե բարբառի պահպանությունը»,- ասաց նա։

Մկրտչյանի խոսքով՝ ընտրվել է հունվարի 18-ը, եւ կարելի է ասել, որ այս օրը հայտարարում են Արցախի օր։ «Քանի որ արցախցիները ցրված են Հայաստանի տարբեր մարզերում ու արտերկրում, այս օրը հնարավորություն է, որ գան ու միավորվեն։ Մենք չենք ուզում, որ Արցախը դառնա Նախիջեւան։ Մենք Նախիջեւանում չունենք պահպանված հայկական որեւէ բան, բայց Արցախում դեռ կա։ Չնայած Արցախն այսօր գերեվարված է, բայց մենք պետք է աշխարհին ցույց տանք, պետք է լինենք պահանջատեր, որ մեր մշակույթը թողել ենք Արցախում, այսինքն՝ եկեղեցիներ կան, որոնք ամեն օր ոչնչացվում են թշնամու կողմից։ Եվ մեր մշակույթը ցույց տալով՝ պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք կանք եւ շարունակում ենք մեր պայքարը՝ մեր մշակույթով, մեր կրթությամբ, մեր հայ լինելով։ Արցախը հայկական է, անկախ նրանից, որ այսօր գերեվարված է։ Եթե մենք լռենք, ապա երբեւէ չենք վերադառնա։ Մենք պետք է  ցույց տանք, որ հայկական մշակույթն Արցախում կար, հիմա եւս կա եւ շարունակվելու է։ Այս միջոցառմամբ փորձում ենք ցույց տալ, որ մենք դա պահպանում ենք եւ փոխանցելու ենք հաջորդ սերունդներին՝ մինչեւ որ պահը կգա, եւ բոլորս միասին կվերադառնանք հայկական Արցախ»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031