«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, հրապարակվեց «ԹՐԻՓՓ» ծրագրի վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը։ Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսվում է «Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածություն հաստատել՝ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ եւ ստեղծելով Տրանս-Կասպյան առեւտրային երթուղու կենսական օղակ»։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, Հայաստանի համար ձեռնտու փաստաթո՞ւղթ է սա։
-Ճիշտն ասած՝ դա այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքի նկարագրությունն է, եթե ադրբեջանցիների համար անխոչընդոտ անցում է ապահովվում։ Հասկանալի է, որ դա հենց այն է, ինչ ադրբեջանական կողմն ակնկալում էր։
-Սահմանված է, որ «ԹՐԻՓՓ» ընկերության բաժնեմասերի միայն 26 տոկոսն է պատկանում ՀՀ-ին, իսկ մեծ մասը՝ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին, սա ի՞նչ է նշանակում։
Կարդացեք նաև
-Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ հավասար պայմաններում է հայտնվում ակնհայտորեն։
-ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դա բացատրում է նրանով, որ ներդրումներն անելու է ամերիկյան կողմը, ՀՀ կողմից հիմնական բանը, որը ներդրվելու է, կառուցապատման իրավունքի տրամադրումն է։
-Այո, ներդրումները լինելու են ամերիկյան, բայց նաեւ եկամուտներն են գնալու ԱՄՆ-ին, այդպե՞ս է։ Եթե Հայաստանն այս կարեւոր պրոյեկտում ունի ընդամենը 26 տոկոս, ըստ իս՝ դա նշանակում է ձեւական մասնակցություն։ Մուլտիմոդալ նշանակում է, որ դա եւ ավտոմոբիլային, եւ երկաթգծի, եւ բոլոր կոմունիկացիների անցկացման իրավասությունը Հայաստանը զիջում է այդ համատեղ կազմակերպությանը, որտեղ ընդամենը 26 տոկոս մասնակցություն ունի։ Դա հավասարազոր է ոչ մի բան չունենալուն կամ ոչ արդյունավետ գործարք է։ Հայաստանն առնվազն 50 տոկոս բաժնեմաս պետք է ունենար նման նախագծում։ Իսկ 26 տոկոս բաժնեմաս ունենալը նշանակում է, որ Հայաստանը չի վերահսկելու այդ ընկերության գործունեությունը։ Հսկիչ փաթեթը լինելու է ամերիկյան կողմի մոտ, ինչպես գործածել, ինչպես կազմակերպել ներդրումները, ամբողջը որոշելու է ամերիկյան կողմը։ Սա ոչնչով չի տարբերվում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ կնքած պայմանագրից, երբ Հայաստանը ձեւական իրեն պահեց 20 տոկոս բաժնեմասերը, բայց իրականում ընկերության կառավարման հարցերին չէր կարող մասնակցել, հետագայում դա էլ վաճառել։ Սրանք գաղութային գործարքներ են, մեծ ջանքեր չեն պահանջվում պետական գործիչներից՝ նման գործարքներ կնքելու համար։
-Արարատ Միրզոյանը շեշտադրեց հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանը հստակորեն պահպանում է օրենսդիր, կարգավորիչ եւ դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ եւ տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ ազգային անվտանգության եւ իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ԹՐԻՓՓ-ով առեւտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը, հարկերի, մաքսային տուրքերի եւ առեւտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Կա երկու հարթություն՝ առաջին հարթությունը պետական ինքնիշխանությանը բնորոշ հատկություններն են։ Երկրորդ հատկությունը տնտեսական կողմն է։ Այս պահին ես դժվարանում եմ գնահատական տալ, թե ինչի մասին է խոսքը, բայց եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը մեծ ձեռքբերում է ներկայացնում 26 տոկոս մասնակցությունն այդպիսի տրանսպորտային ու կոմունիկացիոն հանգույցում, որը ներառում է եւ նավթատար, եւ գազատար, եւ այլ տեսակի կոմունիկացիաներ, դա ըստ էության Հայաստանի քաղաքացիների, հաջորդ սերուդների հաշվին այլ պետություններին արված նվեր է։
-Արարատ Միրզոյանը փորձում է համոզել հանրությանը, որ «փաստաթուղթն իսկապես լավն է»։
-Դե հասկանալի է, իրենք չեն կարող գիտակից մարդկանց համոզել, որ տրանսպորտային մուլտիմոդալ նախագծում 26 տոկոս բաժնեմաս ունենալը լավ գործարք է։ Ըստ էության՝ դրանով Հայաստանը մեկ որոշմամբ բազմաթիվ լիցենզիաներ տրամադրեց մեկ ընկերությանը՝ թե գազամուղ անցկացնելու, թե նավթամուղ անցկացնելու, թե կաբելային կոմունիկացիոն համակարգեր։ Եթե առանձին-առանձին հաշվենք, թե յուրաքանչյուր նման թույլտվություն ստանալու գինն ինչպիսին է ներդրողների համար, համոզված եմ, որ սա ի վնաս Հայաստանի Հանրապետության է։ Բայց դե առջեւում ընտրություններ են, պետք է դա ներկայացնեն մեծ հաջողություն։ Իսկ մարդիկ ինչը ինչի հետ պիտի համեմատեն, հիմա մենք սա ինչի՞ հետ համեմատենք՝ «Գազպրոմ Արմենիա»-ի գործարքի հե՞տ, ոչնչով չի տարբերվում դրանից։ Եթե այստեղ ավելացնում ենք նաեւ Ադրբեջանի բաղադրիչը, ապա այս ամենը ցույց է տալիս, որ Ալիեւի պնդումները, որ իրենք ստացան ամեն ինչ, լիովին համապատասխանում է իրականությանը։ Իրենք ստանում են անխոչընդոտ կապ, ընդ որում, ոչ միայն մարդկանց տեղափոխումների, այլ նաեւ ապրանքների համար։ Ակնհայտ է, որ Հայաստանը նման հնարավորություն՝ Ադրբեջանի տարածքով իր ապրանքները տեղափոխելու եւ Ադրբեջանի տարածքով անխոչընդոտ անցում ունենալու, չի ստանում։ Կառավարության քարոզչությունն ուղղված է լինելու այն մարդկանց, ովքեր այս հարցերում չեն խորանում եւ առհասարակ դմբո մարդկանց, որոնք շատ են մեր հանրության մեջ։ Սա նորություն չէ՝ սեփական բացթողումները ներկայացնել որպես հաջողություն։ Դա հին հայտնի հնարք է, որն աշխարհում կիրառվում է, որը հենվում է նրա վրա, որ հանրության մեջ պակաս է քաղաքացիական գիտակցությունը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.01.2026


















































