Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն մարդիկ, ովքեր այսօր խաղաղություն են բերում, պետք է կարողանան երկիր ներկայացնել, նորմալ շոր հագնել»․ Ալեն Սիմոնյանը՝ պաշտոնյաների պարգեւավճարների մասին

Հունվար 19,2026 12:43

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտոնյաների ստացած միլիոնավոր պարգեւավճարների հարցին։

Կառավարությունում նախարարները նախորդ տարեվերջին 6-7 մլն դրամ պարգեւավճար են ստացել, հարցին, թե խորհրդարանականները չեն նախանձո՞ւմ գործադիրի անդամներին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես միայն լրագրողներին եմ նախանձում, որովհետեւ ոչ մեկս չգիտենք, թե լրատվական կայքերը որտեղից են ֆինանսավորվում, չգիտենք՝ մեր լրագրողներն ով ինչքան աշխատավարձ են ստանում, բայց չորրորդ իշխանության ներկայացուցիչ են»։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր պետք է տատիկ-պապիկների աշխատավարձերը բարձրացնեն, պետք է արհեստավարժ լինեն։ «Էն մարդիկ, ովքեր էսօր խաղաղություն են բերում, պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծո օր ամեն ինչի մեջ մեղադրվում են, էդ մարդիկ պետք է կարողանան երկիր ներկայացնել, նորմալ շոր հագնել, աշխատանքի գալ։ Եվ վերջիվերջո, իրենք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնալ մասնավորի հետ աշխատել։ Հենց այս նույն մարդիկ են, որ այսօր ուսուցիչների աշխատավարձերն են բարձրացրել, բարձրացրել են այդ նույն տատի-պապիկների թոշակները։

Դուք նենց ձեւով եք ներկայացնում, որ 6-7 տարի է անցել, որեւիցե բան չի բարձրացել, մեկ էլ էս չինովնիկները վերցրեցին ու իրենց աշխատավարձերը բարձրացրին։ Ֆիքսեք՝ պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 մլն դրամ է, թե ինքը 500 հազարը կստանա, էն մյուս 500 հազարը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր-կտոր կստանա, դա իր աշխատավարձի մի մասն է։ Անունը կլինի պարգեւավճար, թե այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է»,- նշեց նա։

Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց,որ 2025-ի վերջին պաշտոնյաների ստացած պարգեւատրումն իրականում նրանց աշխատավարձն է։ «Դա պարգեւատրում չէ, այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել եւ տրվել է։ Ասեմ ավելին՝ էլի է տրվելու, այլ համամասնությամբ։ Դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետեւ իրավական ձեւակերպման առումով դեռ լուծումը չենք գտել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով բնակչության սոցիալական վիճակի մասին հարցին, որ շատ մարդիկ անգամ Ամանոր չեն կարողացել նշել, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Բայց լիքը մարդ էլ դուբայներում ու եգիպտոսներում է դիմավորել, տարբեր երկրներում է դիմավորել, ՀՀ տարբեր ռեստորաններում է դիմավորել, հյուրանոցները լեփ լեցուն են եղել»։

Ալեն Սիմոնյանը նաեւ դիմեց լրագրողներին․ «Գնացեք նայեք էն ժամանակվա խոսքի ազատությունը, էս ժամանակվա խոսքի ազատությունը։ Նախկինում ձեզանից ոչ մեկը չէր իմանա իրենց խմբակցության ղեկավարը քանի միլիոն դրամով որտեղ ինչ տուն ունի, որ երկրի քաղաքացի է։ Կամ կծեծեին, կամ կզանգեին խմբագիրներին՝ գործից հանել կտային»։ Նա նշեց, որ խոսքի ազատությունն այսօր վերածվել է լկտիության։ Սիմոնյանն անդրադարձավ նաեւ լրագրողներին վիրավորելու դեպքերին՝ նշելով, որ դա անթույլատրելի է։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031