-2019 թվականի հունվարյան հենց այս օրերին 44-օրյա հացադուլից հյուծվելուց եւ անդառնալի առողջական խնդիրներ ձեռքբերելու արդյունքում մահացավ խմբագիր Մհեր Եղիազարյանը: 2022 թվականի հուլիսի 15-ին իմ աչքի առաջ դատարանում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը,-այսօր ՄԻՊ գրասենյակի դիմաց ի պաշտպանություն արդեն 11-րդ օրը հացադուլում գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի, ինչպես նաեւ Նարեկի հետ անազատության մեջ գտնվող Վազգեն Սաղաթելյանի, հիշեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
– Երեկ Նարեկին հրատապ հոսպիտալացրել են Էջմիածին բ/կ, որովհետեւ սրտի հետ կապված խնդիրներ ունի: Մենք գիտենք՝ Նարեկն ունի առողջական մի շարք խնդիրներ եւս, որոնք միջազգային կոնվենցիաներով եւ ներպետական օրենսդրությամբ անհամատեղելի են կալանք կրելու հետ: 11-րդ օրն է՝ Նարեկը հացադուլի մեջ է, ո՛չ ՄԻՊ տիկինը, ո՛չ ՄԻՊ-ի արագ արձագանքման որեւէ ջոկատ չի այցելել քրեակատարողական հիմնարկ ու բացարձակ որեւէ տեղեկություն չունի Նարեկի առողջականի վերաբերյալ,- շարունակեց տիկին Զոհրաբյանը:
Նա նկատեց, որ քաղբանտարկյալներին վերաբերող ապօրինությունների մասին Փաշինյանի բնորոշած «եվրոյոնջաները»՝ միջազգային կազմակերպությունները, շարունակելու են լռել, քանի որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ ունեն իդեալական գործիք մեր տարածաշրջանում առանց կանոնների իրենց մարտերը ՌԴ դեմ մղելու համար. «Բայց որ ՄԻՊ-ը, որի ղեկավարը կին է, որը հուզվում է, երգում է Աննա Հակոբյանի կազմակերպած կրթական ծրագրերին, ինչ-որ էմոցիոնալ հայտարարություններ է անում ու չի կատարում իր անմիջական պարտավորությունը, քանի որ իրեն թույլատրված չէ այցելել հացադուլի մեջ գտնվող մեդիագործչին, թող հիշի այն երդումը, որ տվել է ԱԺ-ում՝ ստանձնելով Օմբուդսմենի պարտավորությունը: Սրանք նաեւ բարոյական կարմիր գծեր են, որ սրանք քացի տալով ջնջում են… Ես կոչ եմ անում բոլոր միջազգային կառույցներին, անկախ նրանից, որ Նիկոլը ձեր տղեն է, մի՛ լռեք, որովհետեւ մարդկանց կյանքն է այստեղ դրված, այն արժեքների գնահատականը, որոնցով մենք մշտապես հպարտացել ենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































