Անբեկանելի ճշմարտություն է, որ ազգային Եկեղեցին պետության մաս է կազմում և նրա կատարած քայլերը պետք է համահունչ լինեն քաղաքական իշխանության վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը։ Այդ դեպքում Եկեղեցին թիրախ է դառնում քաղաքական ընդդիմության համար, սակայն հեշտությամբ կարողանում է պաշտպանվել, որովհետև գտնվում է պետության հովանու ներքո։ Ընդդիմությանը հաստատ չէր հաջողվի ծնկի բերել որոշ թուլամորթ հոգևորականների կամ, առավել ևս, բռնազավթել Մայր Աթոռին պատկանող սրբավայրեր։
Այսօր մենք ականատես ենք լինում հակառակ պատկերին։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, պետության մաս կազմելով հանդերձ, որևէ կերպ չի կարողանում համակերպվել ներկայիս ՀՀ իշխանությունների կողմից վարվող հատկապես արտաքին քաղաքականությանը և արդյունքում վտանգվում է ազգային միասնականությունը, վերակենդանանում են տարաբնույթ ձկնորսներ, ովքեր սովոր են միայն պղտոր ջրում ձուկ որսալ, ինչը և ավելի է նպաստում հասարակության պառակտմանը։
Թեև բազմիցս նշել ենք, որ հակաեկեղեցական արշավը խորքի մեջ սկսված էր դեռևս 2018 թվականից, սակայն այդ արշավը ավելի հզոր չի եղել, քան 1917-1991 թվականների հակաեկեղեցական բազմակողմանի արշավները։ Եկեղեցին կարողացել է, այսպես ասած, լեզու գտնել աստվածամարտ կոմունիստների, և ոչ միայն նրանց հետ և պահպանել է ազգային արժեքները, պահել է ազգային պայքարի ոգին, մեծագույն ջանքեր է գործադրել օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում և այլ ազգանպաստ ծրագրերում և, իհարկե, Արցախի ազատագրման հարցում։
Սակայն պետք է նշենք նաև, որ ներքաղաքական և ներհասարակական կյանքում առկա էին բազմաթիվ անարդարություններ։ Այն ժամանակ էլ կար մեկ այլ ծայրահեղություն, երբ որևէ մեկը համարձակվեր հակաեկեղեցական կամ Վեհափառ Հայրապետին քննադատող որևէ հրապարակային խոսք ասեր, ապա մեծ մասամբ այդ մարդիկ կարող էին կամ միաբջիջ հաստավիզ ձրիակերների կողմից կամ պետական մարմինների կողմից ենթարկվել բռնաճնշումների։ Այլ խոսքով առկա էր Եկեղեցու սերտաճում Պետության հետ։
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, ինչո՞ւ Հայ Եկեղեցուն հաջողվեց լեզու գտնել աստվածամարտ կոմունիստների և նրանց հետևորդների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ դեռևս չի հաջողվում։ Չեմ կարծում, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեղավոր է այդ հարցում։ Այստեղ պատճառները բավականին խորքային են և որևէ կապ չունեն ո՛չ կուսակրոնության հետ, ո՛չ ինչ որ արարքներ կոծկելու հետ, ո՛չ արտաքին ուժերի հետ իբր կապեր ունենալու հետ և ո՛չ էլ այն բարձրաձայնվող մեղադրանքների հետ, որոնք ներկայացվում են ՀՀ իշխանությունների կողմից։
Իրականում ընդամենը պետք է կամքի ուժ գտնել և ձերբազատվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ ունեցած անհիմն ատելությունից և երկխոսել ո՛չ թե «հանգստի կոչելու» մասին այլ խաղաղ ու համերաշխ ապրելու մասին։ Եթե ձեր համար Արցախի հարցը փակված է, ապա դուք դրա մասին մի՛ խոսեք, բայց պետք չէ փակել մարդկանց բերանները, որովհետև, համահունչ Սուրբգրային խոսքի, միևնույն է՝ եթե անգամ Եկեղեցին Արցախի մասին չխոսի, ապա քարերը պիտի աղաղակեն։
Դիվանագիտությունը նրա համար է, որ կարողանանք բացատրել հարևաններին, որ ինչպես մեր բլուրը ձեր բարձր սարին վնաս չէ, այնպես էլ մեր բարձր սարը ձեր կիսալուսնին վնաս չէ։ Հանդիպեցեք ու հաշտվեք։ Ազատվե՛ք ձեր մեջի ատելությունից, դա շատ հեշտ է անել։ Եկեղեցին անսասան է և անպարտելի սիրելիներ, իզուր մի՛ փչացրեք հոգևորականներին ու ամեն կիրակի մի՛ պղծեք Հայոց Սրբությունները։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ



















































