Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի այսօր շարունակվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար:
Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։
Պաշտպանական կողմը ներկայացրեց միջնորդություն՝ պնդելով, որ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ վերացման:
Կարդացեք նաև
-Պետք է հասկանանք՝ արդյոք ՀՀ քրեադատավարական օրենքը նախատեսո՞ւմ է կարգ դատական վարույթում անժամկետ կալանք կիրառելու վերաբերյալ կամ արդյոք սահմանո՞ւմ է որեւէ կարգ պատժի կրումից խուսափելու նպատակով կալանք սահմանել դատական վարույթում,- ասաց Համբարձումյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը: Նրա խոսքով՝ անժամկետ կալանքի կիրառումը Համբարձումյանի նկատմամբ վկայում է, որ այդ կալանքը կրում է ապօրինի բնույթ:
Պապոյանը նաեւ նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը չի կարող անժամկետ կալանքը դարձնել ժամկետային կալանք, որովհետեւ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 39 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անալոգիա կիրառել չի թույլատրվում, եթե դրանով կսահմանափակվեն անձանց ազատություններն ու իրավունքները: Եթե այս դեպքով դատարանը անժամկետ կալանքը դարձնի ժամկետային կալանք, դրանով կսահմանափակվի Դավիթ Համբարձումյանի ազատության իրավունքը, հետեւաբար Դավիթ Համբարձումյանը պետք է ազատ արձակվի:
Հանրային մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ այդ միջնորդությունը չի բխում օրենքից, իրավունքի սկզբունքներից, ենթակա է մերժման:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































