Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ». Համալիրի տնօրենը՝ համերգի ընթացքում Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասին. «Փաստինֆո»

Հունվար 19,2026 16:34

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտեցումն այնպիսին է, որ այնտեղ կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում պետք է լինի պետականության շրջանակում։ Այսպիսի պնդում է արել Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։

Երեկ՝ հունվարի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի ընթացքում չի հնչել Արցախի Հանրապետության պետական օրհներգը, քանի որ դրա հնչեցման պարագայում համերգը կդադարեցվեր։

«Ընդհանրապես մեր մոտեցումն այն է, որ ամեն ինչ, ինչը մեզ մոտ արվում է, արվի մեր պետականության շրջանակում։ Դրա համար կլինի եկեղեցու հետ կապված, այլ բաների հետ կապված՝ կան որոշակի ուղղվածություններ, այդքան բան։ Ոչ մի արգելք, ոչ մի այլ բան չի եղել, մարդիկ նորմալ համերգ են արել, Արցախի դրոշ էլ է եղել, ամեն բան էլ եղել է»,– ասել է Համալիրի տնօրենը։

Նրա խոսքով՝ համերգի մասնակիցների հագուստների վրա սիմվոլիկա է եղել, ոչինչ չի արգելվել, սակայն ինչ վերաբերում է պետական օրհներգին, ապա այն չի կարող հնչել, եթե պետություն չկա։

«Երբ պետությունը չկա, բայց ասում են՝ պետական օրհներգ լինի, այդ պատճառով իրենք չեն կարող հայտարարել այն որպես պետական օրհներգ»,– ասել է տնօրենը։

Հստակեցնող հարցին, թե երբվանի՞ց նման կետ կա պայմանագրում, մեր զրուցակիցը նշել է, որ նման համերգ առաջին անգամ է տեղի ունեցել, սակայն եթե լինեն այլ համերգներ, որոնք Արցախի հետ կապված չլինեն, այլ կապված լինեն այլ երկրների հետ, այնուամենայնիվ այդ կետը նույնպես կլինի։

«Բոլոր այն պայմանագրերում, որտեղ նման բաներ կան, իհարկե պարզ համերգների ժամանակ չէ, նման պայմանագրերում որոշակի արգելքներ լինում են։ Քանի՞ անգամ է նման համերգ եղել։ Նման համերգ առաջին անգամ է լինում։ Այս կետը, իհարկե, լինելու է պայմանագրերում՝ անկախ նրանից՝ կապված է Արցախի հետ, թե ոչ, այլ երկրի հետ էլ կապված լինի, էլի կլինի»,– նշել է Ղազարյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ եթե օրհներգը, այնուամենայնիվ, հնչի, Ղազարյանը նշել է, որ տուգանքներ չկան, պարզապես համերգը դադարեցվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031