«Հորդորում եմ, որ Եղիշե Հակոբյանը հրապարակային՝ ձեր ներկայությամբ ի լուր հանրության ներկայացնի ճշմարտությունը, ասի այն, ինչ մինչ օրս չի ասել և չի ցանկանում ասել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Ինձ հետ հաղորդակցության ընթացքում տարբեր անձինք փորձել են տեղեկություններ հաղորդել, որ Եղիշեն վախենում է, որ կաշկանդված է, վախեցնում են նրան, բան ունի ասելու, Եղիշեի ընտանիքի հետ կապված խնդիրներ կան»,- Ազատի զինվորական կացարանում երեք տարի առաջ զոհված 15 զինծառայողների գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանի և ծնողների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա, դիմելով գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանին, ասաց․ «Միանգամից ուզում եմ փոխանցել հետևյալը՝ չկա ավելի թանկ արժեք, քան սեփական կյանքն է, սեփական ընտանիքի ճակատագիրը։ Եթե կա այս գործով թաքցված գործողություն, հորդորում եմ Եղիշեին ու պաշտպանին ներկայացնել իրականությունը»։
Անդրադառնալով այն պաշտոնական վարկածին, որ Ազատի կացարանում զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազի և ջերմային էներգիայի պատճառով, Նորայր Նորիկյանն ասաց․ «Նախորդ նիստերում փորձագետն ուղղակիորեն բացառեց, որ զինվորական կացարանում վառվող փայտե վառարանից կարող էր առաջանալ շմոլ գազ։ Մենք միջնորդում ենք հարցաքննել դատաբժիշկներին, որոնք իրականացրել են համապատասխան փորձաքննություն։ Նրանց տված եզրակացության համաձայն՝ զինվորների մահը վրա է հասել շմոլ գազի և կենդանության օրոք ջերմային էներգիայի պատճառով։ Նշված փորձագետը բացառել էր, որ փայտե վառարանի շահագործման արդյունքում կարող էր առաջանալ շմոլ գազ։ Ուստի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որ մահը վրա է հասել շմոլ գազից, բավականին վիճահարույց են դառնում։ Այսինքն, եթե կացարանի շահագործման վառարանից հնարավոր չէր շմոլի առաջացումը, ապա հրդեհի բռնկման պահին կացարանում ենթադրվում է այլ գործունեություն, որի արդյունքում է առաջացած եղել շմոլ գազ։ Եթե պաշտոնական վարկածին հավատանք, զինվորների մահը վրա է հասել շմոլի առաջացման արդյունքում։ Եթե շմոլ գազի առաջացման արդյունքում է մահն առաջացել, որտեղի՞ց ու ի՞նչ հանգամանքներում է դա առաջացել, ո՞ր պահից է սկսել առաջանալ։ Եթե մի պահ ընդունենք, որ Եղիշեի՝ վառարանը վառելուց հետո է կրակը տարածվել, որի հետևանքով բռնկվել է կացարանի տանիքը, այրվել են այլ նյութեր և դրանցից է շմոլ գազ առաջացել, ինչպես պնդում է պաշտոնական վարկածը, 5-10 րոպե դրա համար պետք էր։ 5-10 րոպեն բավարա՞ր չէր, որ զինծառայողները արթնանային և խուսափեին այդ ողբերգությունից։ Քնած զինծառայողներն ինչո՞ւ չեն արթնացել և հեռացել այդ տարածքից»։
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































