ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որում նշվում է, որ «երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» եւ «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»։
Խանդանյանի խոսքով՝ Ադրբեջանի այդ խոսույթն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար։ «Եվ անընդհատ այդ մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այդուհանդերձ մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաեւ խոսույթը։ Զեկույցը ամբողջ տարվա վերաբերյալ է, նախորդ տարվա տարբեր դրվագներում այդ խոսույթն ակտիվացել է, եւ արտաքին հետախուզության ծառայությունը դա որպես որոշակի սպառնալիք է համարել։ Բայց խաղաղությունը գործընթաց է, մեկօրյա իրադարձություն չէ, մենք շատ ենք խոսում օգոստոսի 8-ի բերած պտուղների մասին, բայց դա պրոցես է, որը շենքի պես պետք է կառուցվի՝ քար առ քար, այդ թվում՝ համապատասխանեցնելով մեր խոսույթն այն իրողություններին ու գործընթացներին, որոնք տեղի են ունենում նաեւ մեր տարածաշրջանում»,- ասաց նա։
Հարցին, թե ՀՀ իշխանությունը «ադրբեջանցիների վերադարձի» հարցն այս փուլում չի՞ քննարկում, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Այդ խոսակցությունը Հայաստանի իշխանությունը որեւէ փուլում չի քննարկի, հատկապես այն շեշտադրումներով, որով տեւական ժամանակ խոսել է Ադրբեջանը։ Դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին։ Ուստի, սա մի թեմա է, որը չարժե արծարծել, մենք ավելի լայն օրակարգեր ունենք մեր հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը մտահոգիչ է համարում նաեւ Ադրբեջանի ռազմական ծախսերի կտրուկ աճը։ Անդրադառնալով այս հարցին՝ Սարգիս Խանդանյանն ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւ գործընթացները ենթադրում են, որ այդ վտանգներն ու ռիսկերը որոշ առումով կմեղմվեն, հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված։ «Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, սկսել են որոշակի առեւտրաշրջանառություն եւ այլն»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































