Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկությունը մերժել եմ՝ հաստատելով, որ եկեղեցու կարգ ու կանոնին հնազանդ եմ. Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովվին չեն կարողացել համոզել միանալ նախկին առաջնորդին

Հունվար 20,2026 17:17

Մասյացոտնի թեմը հայտարարություն էր տարածել, որ երեկվանից թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք եւ փորձել տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաեւ սպառնալիքների միջոցով նրանց ուղղորդել միանալու թեմի նախկին առաջնորդին եւ ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։

Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովսեփ քահանա Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն պաշտոնական հայտարարության մեջ ամբողջությամբ արտահայտված է եղելությունը:

«Հանդիպում է եղել, ինձ առաջարկություն է եղել, որպեսզի միանամ նախկին առաջնորդ Գեւորգ սրբազանին: Ես այդ առաջարկությունը մերժել եմ՝ հաստատելով, որ եկեղեցու կարգ ու կանոնին հնազանդ եմ: Իհարկե, հանդիպումը քաղաքակիրթ ձեւով է ընթացել եւ ավարտվել: Ով եկել էր այդ հանդիպմանը՝ նման առաջարկություն անելու, ինձ ծանոթ մարդ էր՝ իմ համայնքից, որի հետ բազմիցս առնչվել ենք, լավ հարաբերությունների մեջ ենք եղել եւ հիմա էլ լավ հարաբերություններ ունենք: Ես իրեն սիրուն ներկայացրել եմ եկեղեցու կարգն ու կանոնը եւ իմ դիրքորոշումը, եւ այդպես խաղաղ կերպով իրարից բաժանվել ենք»,-ասաց տեր Հովսեփը:

Մեր հարցին՝ արդյոք մտավախություն չունի՞, որ կրկին կլինի նման հանդիպում, քահանան հետեւյալ կերպ արձագանքեց. «Հնարավոր է, չեմ կարող բացառել, որովհետեւ իրականում սա երկրորդ հանդիպումն է: Հնարավոր է հետագայում էլի ցանկանան հանդիպել, ես պատրաստ եմ, ծառայության մեջ եմ, եւ բոլոր հարցումներին, այդ թվում ձեր հարցմանն ի պատասխան պատրաստ եմ նորից կրկնել, վերահաստատել, որ մենք եկեղեցու ծառայողներ ենք եւ մեզ համար առաջին տեղում եկեղեցու կարգն ու կանոնը պահելն է: Մենք հնազանդ ենք եկեղեցու կարգ ու կանոնին եւ հնազանդ ենք լինելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031