«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասելով, թե լավ է արել, որ ուրախացել է Նարեկ Կարապետյանի՝ իր հետ հանդիպումից։
Նա, մասնավորապես, նշել է. «Գևորգ, ոնց որ շատ ես ուրախացել, որ Նարեկ Կարապետյանի հետ հանդիպել ես։ Լավ ես արել, որ ուրախացել ես, քո համար դա շատ ուրախանալու բան է, բայց ամեն ինչից անկախ ուզում եմ քեզ տխրեցնել ու ասել, որ Նարեկ Կարապետյանը բոլոր նախարարների հետ հանդիպել է ու ամենաքիչը քո հետ է հանդիպել։
Հա ու մի բան էլ, Տարոն Չախոյան, քեզ էլ եմ ուզում տխրեցնեմ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, էս էլ անձնագիրս, բայց շատ չտխրես»։
Իր հերթին «Մեր ձևով»-ի անդամ Ռոբերտ Կադարյանը ներկայացրել է Նարեկ Կարապետյանի ու Պապոյան Գևորգի հանդիպման մանրամասները, քանի որ ինքը ևս ներկա է եղել. «Մենք ընդհանրապես, բոլոր նախարարների հետ էլ հանդիպել ենք, քննարկումներ ենք ունեցել, ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք, կարելի է ասել, մեծ մասամբ ընդունվել են։ Վահան Քերոբյանի անարդար ազատումից հետո, երբ որ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Պապոյան Գևորգը, երևի կլիներ մոտավորապես մեկ տարի, որ Նարեկը չէր հանդիպել էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների և նախարարի հետ։ Նեղսրտել էր մեր նախարարը, դրա համար ես եմ խնդրել պարոն Կարապետյանին հնարավորության դեպքում հանդիպել նախարարի հետ, ես էլ հանդիպումը կազմակերպել եմ։
Կարդացեք նաև
Հանդիպման ժամանակ քննարկել ենք ձուլարանների աշխատանքը կարգավորող օրենսդրությունը, քանի որ էկոնոմիկայի նախարարությունը մեկ տարի առաջ էր սահմանել արտահանման տուրքը, մոտավորապես հինգ ձուլարան՝ միջին և մեծ, կանգնել էի խնդրի առաջ, ընդհուպ մինչև փակման խնդրի առաջ, այսքան մարդ գործազուրկ էր մնալու, առաջարկը եղել է՝ մեկ տարի հետաձգել արտահանման տուրքը սահմանել 2026 թվականին։
Քննարկման ժամանակ Պապոյանը առաջարկեց տրամադրել սուբսիդավորում, բայց Նարեկն ասաց, որ սուբսիդիա պետք չի, մեզ պետք է, որ օրենքը ճիշտ աշխատի և գործարանները իրենց բնականոն աշխատանքը շարունակեն»։
Ալեքսան Ալեքսանյանն էլ իր հերթին նշեց. «Գևորգը սուբսիդավորման ինչ-որ ուռճացված թվերից է խոսում՝ 3.5 մլրդ դրամ։ Ես հեսա երկու օրինակ կբերեմ, գրեթե 30 անգամ տարբերվող թվեր են։ Մեր կազմակերպություններից մեկը պետական ծրագրից օգտվել է 9.6 միլիոն դրամի և այդ նույն ժամանակահատվածում վճարել է հարկ շուրջ 996 միլիոն դրամ։ Երկրորդ օրինակն էլ բերեմ, մեր կազմակերպություններից մեկը 79.5 միլիոն դրամի օգտվել է պետական ծրագրից և այդ նույն ժամանակահատվածում 2.9 միլիարդ դրամ հարկ է վճարել։
Գևորգ, հերիք է սուտ խոսաս։ Ինձ թվում է այդ պարգևավճարներից մոտդ ինչ-որ ընկալման խնդիրներ են առաջացել, կամ վաղուց եղել են, ավելի են սրվել, չեմ կարող ասել, բայց բոլորը գիտեն, որ դու հայտնի սուտ խոսացող ես, բայց հերիք է սուտ խոսաս»։


















































