Հունվարի 16-ն ամսվա նախավերջին ուրբաթն էր, ինչը նշանակում է, որ աշխատանքից հետո ազգային մշակույթի սիրահարները ոչ թե տուն կամ մեկ այլ ժամանցի վայր էին գնալու, այլ ազգային պարերով շաբաթն ամփոփելու: Սա արդեն մշակույթ է դարձել հայկական էթնո պարերով հետաքրքրվողների համար և, կարելի է ասել, ամեն ուրբաթ նրանք ունեն այդ հնարավորությունը՝ շնորհիվ տարբեր ազգագրական խմբերի:

Ամսվա վերջին ուրբաթները «Կարին» ավանդական երգի-պարի խումբն է պարեր սովորեցնում՝ Մենք ենք, մեր պարերը խորագրի ներքո, նախավերջին ուրբաթներին՝ «Մենք» ազգային պարի խումբը. դրանք կոչելով Պարախոսություններ: Մյուս խմբերն էլ անմասն չեն մնում բաց- դասեր կազմակերպելուց՝ տարբեր տարիքի անձանց առօրյան հագեցնելով ազգային երգ ու պարով:
«Մենք»-ի` պար+դասախոսություն ձևաչափով նախագիծն ամիսը մեկ անգամ պատմում և սովորեցնում է մեկ կոնկրետ պար՝ ընդգրկելով տվյալ պարի ծագումը, պատմությունն ու բովանդակությունը, շարժումների բացատրությունն ու խորհրդաբանությունը:
Կարդացեք նաև
Նախաձեռնության հիմնական նպատակն է ամսվա նախավերջին ուրբաթ օրերը դարձնել ազգային ինքնության հետ շփման օր, աշխատանքային շաբաթն ամփոփել հայկական մշակույթով և ձևավորել ազգային պարի շուրջ նոր, ժամանակակից մշակութային սովորույթ։ «Մենք»-ի պարախոսությունները բաց են բոլորի համար և հանդիսանում են խմբի ավելի լայն առաքելության մի մասը՝ ազգային պարի տարածում, ճանաչում և փոխանցում տարբեր տարիքային և սոցիալական խմբերին։
4-րդ պարախոսությունը. Գյովնդ
«Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը «գունդ» բառի հին ձևերն են և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողով։ Չնայած պարի ձախ դարձող քայլին՝ երկու աջ գնացող քայլերի շնորհիվ ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն՝ խորհրդանշելով համայնքի ձգտումը դրականին:
Մինչև այս «Մենք»-ն իրականացրել է արդեն 3 պարախոսություն Յարխուշտայի, Իշխանաց պարի և Թամզարայի վերաբերյալ: Գյովնդի մասին պարախոսությունն այս անգամ վարում էր ոչ թե «Մենք»-ի հիմնադիր և պարուսույց Ստեփան Թորոյանը, այլ «Մասունք» ազգագրական համույթի ղեկավարներից Հայարփի Անանյանը:
Ստեփան Թորոյանի խոսքով, որոշել են Պարախոսություններին պարբերաբար հրավիրել տարբեր մասնագետների` ոլորտային համագործակցությունը զարգացնելու նպատակով։
Ինչո՞ւ է ազգային պարը քաղաքային կյանքի անհրաժեշտ մաս
Հայկական ազգային պարն իրականում ծնվել է համայնքում, առօրյայի մեջ, մարդկանց միջև կապ ստեղծելու համար։ Պարը եղել է լեզու, որին տիրապետել են բոլորը՝ անկախ տարիքից կամ մասնագիտությունից։
Մենք-ի հիմնադրի կարծիքով այսօր քաղաքում ապրող մարդը հաճախ կտրված է այդ փորձից։ Մենք կարող ենք շատ բան իմանալ մեր ինքնության մասին, բայց քիչ բան զգալ։ Իսկ պարը հենց այն եզակի մշակութային ձևերից է, որտեղ գիտելիքն ու զգացողությունը միանում են։
Ազգային պարը քաղաքային կյանքում կարող է դառնալ ոչ թե «անցյալի հիշողություն», այլ ժամանակակից գործիք՝ ինքնության գիտակցման,սթրեսի հաղթահարման, համայնքային կապի վերականգնման համար։
«Երբ մեծահասակ մարդը գալիս է ազգային պարի ուսուցման, նա հաճախ չի գալիս «պար սովորելու»։ Նա գալիս է վերագտնելու մի բան, որը երբեմն չի հասցրել ապրել մանկության տարիներին»,-նշեց Ստեփան Թորոյանը:
Այսօր շատ քաղաքներում ձևավորվում են նոր մշակութային սովորույթներ՝ յոգա, մեդիտացիա, շարժման թերապիա։ Ազգային պարը կարող է և պետք է դառնա այդ շարքի մի մասը՝ որպես սեփական, տեղական, խորքային փորձ։
Հնարավոր է՝ այսօր քաղաքին ամենից շատ պակասում է ոչ թե նոր ժամանցը, այլ գիտակցված շարժումը։ Շարժում, որը հիշեցնում է` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ինչպես կարող ենք միասին լինել։
Եվ հենց այդտեղ ազգային պարը դառնում է ոչ թե անցյալի մաս, այլ ներկայի անհրաժեշտություն։
Սոնա Դանիելյան



















































