Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարն էլ մեր պայքարի ձեւն է»

Օգոստոս 25,2023 13:30

Ասում է Մոսկվայի «Նժդեհ» հայկական ազգային պարերի դպրոցի համահիմնադիր Արամ Պողոսյանը:

Օգոստոսի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Մոսկվայի «Նժդեհ»  հայկական ազգային պարերի դպրոցի 3-րդ մենահամերգը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) մասնակցությամբ՝ «Իմ անունն է պայքար» խորագրով: Համերգը վարելու է Արսեն Ղազարյանը, երգելու է Կարեն Մշեցին: Համերգից առաջ «Առավոտը»   զրուցել է «Նժդեհ» պարախմբի գեղարվեստական ղեկավար, հիմնադիրներից Արամ Պողոսյանի հետ: Նա ասաց, որ համերգը նվիրվում է հայ զինվորին, հայոց մշակույթին: Հավելեց, որ այս օրերին շատ կարեւոր է ոգին բարձր պահելը Հայաստանում եւ Սփյուռքում, որպեսզի մարդիկ չհուսահատվեն, «չխեղդվեն»  դեպրեսիվ լուրերի տեղատարափում:
Արամ Պողոսյանն ասաց, որ պարն էլ իրենց պայքարի ձեւն է մշակույթի միջոցով: Նրա խոսքով, ազգային ակունքներից եկած երգն ու պարը շատ կարեւոր դերակատարություն ունեն. «Մեր նախնիները միշտ երգել եւ պարել են՝ ինչպես կռիվ գնալիս, այնպես էլ հաղթանակի ժամանակ: Երբ զինվորները գնում էին կռվի, կանայք երգում ու ռազմական պարեր էին պարում, որպեսզի հոգով ու մտքով իրենց զինվորների հետ լինեն ու նրանց էներգիա փոխանցեն»:

Նաեւ հավելում է, որ հայկական պարը նախ եւ առաջ յուրահատուկ է նրանով, որ խմբային պար է, եւ ամեն մի պար, շարժում, նշանակություն, իմաստ ու գաղափար ունի, դրանք հենց այնպես հորինված չեն, եկել են մեր կենցաղից, ապրելակերպից. «Խմբային պարերը ներկայացնում են մեր միաբանության խորհուրդը, մենք մենապարեր համարյա չունենք: Պարերից մեկն էլ կոչվում է «Գյովընդ», որը գունդ է նշանակում, պարաքայլերը՝ երկու աջ ու մեկ ձախ են, նշանակում է, որ միշտ գնում ենք աջ՝ առաջ դեպի հաջողություն, իսկ ձախ արվող քայլը խորհրդանշում է խնդիրները, դժվարությունները, բայց մենք միեւնույն է՝ միշտ առաջ ենք գնում»:

«Նժդեհ» պարախմբի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ ինքը Գագիկ Գինոսյանի սաներից է, համերգին եւ «Կարինն» է պարելու, եւ իրենք, եւ երկու պարախմբերը՝ միասին են հանդես գալու: Ասաց, որ Գագիկ Գինոսյանից շատ բան է սովորել, ամենատպավորիչն այն միտքն է, որ պարը սովորական շարժում չէ, պարի մեջ պետք է հոգի դնել: «Շարժումը, երաժշտությունը եւ երգի բառերը, որոնք դու երգելիս հնչեցնում ես, մեծ հույզեր են առաջացնում քեզ մոտ, մղում են հայկականությանն ու հայրենիքին օգտակար լինելու արարքների ու գործողությունների: Երբ մենք որեւէ գիրք ենք կարդում, որից ոգեշնչվում ենք, ցանկանում ենք նմանվել այդ գրքի հերոսներին, նույնն էլ պարի դեպքում է: Մեզ մոտ կան երեխաներ, որ պարերից հետո սկսել են հայոց լեզու սովորել, հայոց պատմությամբ հետաքրքրվել, տարբեր օգտակար նախաձեռնությունների մաս կազմել: Կամ ունենք երեխաներ, որոնք երբեք Հայաստանում չեն եղել, հիմա պարի միջոցով սիրում են Հայաստանը, տարբեր արշավների են գնում, օրերս էլ Խուստուփ ենք բարձրացել: Խուստուփ բարձրացողների մեջ է եղել նաեւ ութամյա փոքրիկ պարողը: Մշակույթը մարդու ձեւավորման հիմքն է, մենք պետք է դաստիարակենք սերունդ, որը կրի ազգայինի վրա խարսխված արժեքներ: Մենք դա կարող ենք անել ազգային պարի, երգի, հայոց պատմության ու ճարտարապետության միջոցով»,-նշեց մեր զրուցակիցը: Նա անհավանական լավ գաղափար է համարում ամեն ամսվա ուրբաթ օրը Կասկադում պարելը, որին անծանոթ մարդիկ, զբոսաշրջիկներն են միանում: Արամ Պողոսյանն ասում է, որ իրեն հաջողակ մարդ է համարում, որովհետեւ հաճույք է ստանում այն ամենից, ինչով զբաղվում է՝ մասնավորապես հայկական ազգային պար ուսուցանելուց: Նաեւ հավելում է, որ Նժդեհի անունը շատ պարտավորեցնող է, հատկապես որ՝ իրենց պարախմբի անունն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արամ Պողոսյանը

«Առավոտ» օրաթերթ
24.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031