«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Վարչապետի /և իշխող ուժի/ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առճակատման արդյունքում ստիպված եղանք խորացնել կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ մասնագիտական գիտելիքը։
Այս դեպքում խոսքը գնում է կրոնական կազմակերպություններում ծառայող հոգևոր սպասավորների և որոշակի հաստիքներում աշխատող անձանց պաշտոնին նշանակելու/ազատելու հարցերին։
Այս առումով առկա է ոչ միայն միջազգային նորմեր և դատական պրակտիկա, այլ նաև հենց Հայաստանի դատարանների պրակտիկա։
Կարդացեք նաև
Դատալեքսում գտել եմ ութ գործ, որոնք վերաբերել են ՀՀ-ում գործող տարբեր կրոնական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի դեմ բերված աշխատանքային վեճերով հայցերի /եթե վրիպել են որոշ գործեր, կիսվեք, ուսումնասիրենք/։
Նշված գործերից միայն երկուսով է բարձրացվում հոգևոր պաշտոնից ազատելու/կարգալույծ անելու հարցը։
Դրանցից մեկը 2026թ․ հունվարին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված Արման Վոլոդյայի Սարոյանի ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական կազմակերպության` Մասյացոտնի թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 10.01.2026 թվականի թիվ 02 հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու, որպես հետևանք Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջների մասին հայցն է։
Դատալեքսում որոնման արդյունքներից դատելով՝ նման հայցը կարելի է ասել աննախադեպ է, կարող է վկայել նաև նրա մասին, որ նախկինում նման իրավիճակում հայտված հոգևորականները գիտակցել են, որ նման հարաբերությունները դուրս են քաղաքացիական և աշխատանքային օրենսդրության կարգավորումից։
Նման եզրահանգման տեղ է տալիս նաև դեռևս 2013թ-նին առաջին ատյանի դատարանի կողմից կայացված մի վճիռ, որով հայցվորը բարձրաձայնել է կարգալույծ լինելու հանգամանքը և դրա ազդեցությունը աշխատանքից զրկվելու վրա /հայցը բերվել էր ընդդեմ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու, ԵԱՔԴ/1783/02/13/։
Դատարանը շատ հստակ արձանագրել է, որ․
– նախ, վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Սահմանադրությամբ ամրագրված` եկեղեցու պետությունից անջատ լինելու սկզբունքը նշանակում է, որ պետության և եկեղեցու գործունեության ոլորտները սահմանազատված են: Պետությունը չի խառնվում կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությանը, կրոնական կազմակերպությունները ստեղծվում են, գործում են իրենց սեփական աստիճանադաս/հիերարխիկ/ կառուցվածքին համապատասխան, սեփական կանոններով սահմանված կարգով ընտրում, նշանակում, և փոփոխում են եկեղեցական պաշտոնատար անձանց և սպասավորներին: Կրոնական կազմակերպությունները կազմակերպական կառուցվածի հատուկ սկզբունքներ, որոշումների ընդունման և գույքի կառավարման ուրույն կարգ ունեցող մասնավոր ` ոչ առևտրային միության յուրահատուկ տեսակ են: Դրանք գործում են եկեկեցական կանոններով պահպանելով ՀՀ Սահմանադրության «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և այլ օրենքների պահանջները:
– քննարկելով կիրառելի օրենսդրությունը՝ դատարանը եզրահանգել է, որ կրոնական կազմակերպությունները, որպես հասարակական միավորման տեսակ, վերջիններիս գործունեությունը և դրանց իրավական կարգավորումը, կախված այդ կազմակերպությունների կրոնական բնույթ ունենալու հետ, ունեն մի շարք առանձնահատկություններ և դրանցով իսկ տարբերվում են իրավաբանական անձանց և քաղաքացիների միավորումների այլ տեսակներից:
– նշում է, որ կրոնական կազմակերպության գործունեությունը անհնարին կլինի կազմակերպել առանց կրոնական կազմակերպությունների հոգևոր սպասավորների, որոնց ընտրության, ներգրավման և մասնակցության կարգը, պայմանները և շրջանակները, որպես կրոնական կազմակերպությունների ներքին կյանքի անբաժանելի մաս, ածանցվում են նշված իրավունքներից և կարգավորվում են ոչ թե օրենքներով, այլ հենց կրոնական կազմակերպությունների ներքին իրավական ակտերով: Թվարկվածները, ուստիև դրանցից ածանցվող գործունեությունը, հոգևոր-կրոնական գործունեության դրսևորումներ են, ունեն զուտ հոգևոր-կրոնական բնույթ, հետևաբար դրանց արդյունքում առաջացող հարաբերությունները զուտ հոգևոր-կրոնական հարաբերություններ են:
– Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կրոնական կազմակերպության ներքին կյանքի հետ կապված իրավահարաբերությունները որևէ կերպ չեն հանդիսանում պետության կողմից իրավական կարգավորման օբյեկտ, չեն կարգավորվում պետության, հետևաբար նաև` ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ: Այդպիսի հարաբերությունների կարգավորումը թողնված է բացառապես կրոնական կազմակերպությունների հայեցողությանը:
Այսպիսով` կրոնական կազմակերպությունների հոգևոր, ներքին կազմակերպական հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի կիրառումն անթույլատրելի է և նման հարաբերությունների հետ կապված պահանջները ենթակա չեն դատարանում քննության:
Արդյունքում դատարանը գտել է, որ սույն գործով առկա է կրոնական հարաբերություններից ծագած վեճ, հայցվորների ներկայացրած` որոշումն անվավեր ճանաչելու պահանջը վերաբերում է բացառապես կրոնական կազմակերպության ներքին կյանքին և ունի ոչ թե քաղաքացիաիրավական, այլ` հոգևոր-կրոնական բնույթ, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորման ենթակա չէ, հայցվորի կարգալույծ անելու որոշումը ենթակա չէ վիճարկման քաղաքացիական հայցի շրջանակում:
Մնացած բոլոր գործերով դատարաններում քննվել են ոչ հոգևոր սպասավորների, այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձանց կողմից բերված հայցեր, օրինակ՝ հոգեբանի, գանձապահի, խանութի վաճառողի և այլն։


















































