«Երեկ ես հայտարարություն արեցի սոցիալական թեմայով, տիկին Լիլիթ Ստեփանյանը նեղսրտեց, բարկացավ, ինձ արգելել է սոցիալական թեմաներով խոսել: Շառից-փորձանքից հեռու, հարցս ՆԳ նախարարին կուղղեմ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում հեգնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց վարորդական իրավունքների հարցով․ հերթեր են, մարդիկ ամիսներով ստիպված են լինում սպասել վարորդական իրավունք ստանալու համար իրենց քննության հերթին։
Արփինե Սարգսյանը համաձայն է՝ հերթեր կան, բայց համակարգում ոչ թե հետընթաց, այլ առաջընթաց է նկատում. «Մենք ոչ թե նահանջ ունենք այս հարցի կարգավորման առումով, այլ հակառակը՝ ունենք առաջընթաց։ Այո, մենք ներդրել ենք հերթագրման նոր համակարգ, դրանից առաջ մենք ունեինք իրավիճակ, երբ քաղաքացուն կարող էր ընդհուպ մինչև քննության հաջորդ օրը հասցեագրված հաղորդագրություն, որ վաղը պետք է հրավիրվի քննական ստորաբաժանում և տա գործնական քննությունը։ Մենք հանել ենք այդ մոտեցումը։ Քաղաքացին այժմ կարող է ընտրել, թե որտեղ և որ օրը կարող է հանձնել քննությունը։
Այո, մենք ունենք իրավիճակ, որ Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումը բավական ծանրաբեռնված է, դրա փոխարեն մարզեր կան, որոնք չունեն նման ծանրաբեռնվածություն։ Այս պահին որոշ հաստիքներ ենք ավելացրել Երևանի ստորաբաժանումում, ավելացվել է նաև մեքենաների թիվը, որոնք սպասարկում են գործնական քննությունները։ Նաև, օրինակ, անցած տարի մի քանի շաբաթ օրեր հայտարարվել են աշխատանքային, որ թեթեւացնենք ծանրաբեռնվածությունը։
Կարդացեք նաև
Մեր պլանը այն է, որ այս տարվա կտրվածքով մենք համագործակցություն պետք է ծավալենք նաև մասնավոր ընկերությունների հետ և մոդելային փոփոխություն ունենանք հաշվառման քննական ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Մոդելի փոփոխման արդյունքում կունենանք ավելի բարվոք պայմաններ։ Խոսքը վերաբերում է նաև վարորդական իրավունք ստանալու բովանդակությանը, նախատեսում ենք նաև կրթական բաղադրիչի ներդնում, տեսական ու գործնական քննությունների վերաիմաստավորում»։
«Ինքս ձեր ասած վարժությունն արեցի, Երեւանում հունիսին է օր տալիս, մարզերում՝ Վայոց ձորում, ապրիլի վերջ․ ակնկալում եմ, որ հստակ ասեք՝ ի՞նչ քայլեր են արվել եւ ո՞ր օրվա դրությամբ է խնդիրը լուծվելու,- ասաց պատգամավորը:- Գուցե ինչ-որ հարցեր լուծել եք, բայց խնդիրը մնացել է։ Ես անձամբ այցելել եմ ու տեսել եմ այդ կուտակումները, անկառավարելի վիճակը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































