ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Նախարարն ամփոփել է նախարարության աշխատակազմի 2025 թվականի գործունեությունը։
Քննարկմանը մասնակցել են նաև ենթակա ծառայությունների ղեկավարները, որոնք ներկայացրել են իրենց հարցադրումները նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցության շրջանակում։
Խորհրդակցության առանցքում եղել է ինչպես 2025 թվականի գործունեության համապարփակ ամփոփումը՝ ձեռքբերումների արձանագրումից մինչև բացթողումների գույքագրում, այնպես էլ 2026 թվականի գործողությունների ծրագրով առաջնահերթությունների սահմանումը ու դրանց իրականացման գործուն մեխանիզմների հստակեցումը։
Ակնկալելով առավելագույն արդյունավետություն՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է սահմանված ժամկետների խիստ պահպանմամբ ապահովել 2026 թվականի առաջին կիսամյակի ծրագրային թիրախների ամբողջական իրագործումը։ Նախանշվել են այն հստակ ուղղությունները ու նախագծերը, որոնք ընթացիկ տարում լինելու են բարեփոխումների առանցքը։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային վերապրոֆիլավորմանը, որի կենսագործումը հնարավորություն կտա կենտրոնանալ քաղաքականության մշակման ու վերահսկողական գործառույթների վրա՝ զերծ մնալով կատարողական կրկնվող գործառույթներից և ապահովելով ռեսուրսների առավել արդյունավետ բաշխում։
Թվային տրանսֆորմացիայի համատեքստում նախարարը հանձնարարել է ամբողջացնել նախարարության թվայնացնելու քարտեզը՝ ներառելով ինչպես արդեն իսկ գործարկված, այնպես էլ հեռանկարային լուծումները։
Նախարարը հանձնարարել է ավարտին հասցնել նյութատեխնիկական բազայի արդիականացման և արհեստական բանականության գործիքների ներդրման գործընթացը, ինչը թույլ կտա ավտոմատացնել վերահսկողական մեխանիզմները և առանձին դեպքերում նվազագույնի հասցնել մարդկային սուբյեկտիվ գործոնը։
Արփինե Սարգսյանը կարևորել է ծառայողների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի արդիականացումն ու դրանց բովանդակային վերափոխումը, ինչը նպատակաուղղված է մասնագիտական ներուժի լիարժեք իրացմանն ու համակարգի գործառնական արդյունավետության բարձրացմանը։
Հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ։
ՀՀ ներքին գործերի նախարարություն


















































