Օրերս ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ իրենց իշխանության 7 տարիների ընթացքում կենսաթոշակը 16 հազար դրամից դարձրել են 43 հազար դրամ, այսինքն՝ բարձրացրել են 27 հազար դրամով և թոշակառուներին տվել անվճար առողջապահական ապահովագրություն։
Մինչդեռ նախկին իշխանությունները, ըստ պատգամավորի, նվազագույն կենսաթոշակը բարձրացրել էին ընդամենը 3 հազար դրամով․ 2012 թվականին այն եղել է 13 հազար դրամ, իսկ 2018 թվականին դարձել՝ 16 հազար դրամ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Վահագն Ալեքսանյանի այս հայտարարությունը համարում է մանիպուլյացիա։ Ըստ Գագիկ Համբարյանի՝ երբ ՔՊ-ն եկավ իշխանության, նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 16 հազար դրամ էր, հիմա հասել է 36 հազար դրամի, մինչդեռ Վահագն Ալեքսանյանը փորձում է համոզել, որ հիմա կենսաթոշակները բարձրացել են 27 հազար դրամով՝ դառնալով 43 հազար դրամ։
«Վահագն Ալեքսանյան երեսփոխանի տարածած տեղեկատվությունը բացահայտ կեղծիք է ու մանիպուլյացիա։ Այդ անձը լավ կլինի իր տեսանյութում պարզաբանի, որ այդ 43 հազարը չի վերաբերում բոլոր մինիմալ թոշակ ստացողներին։ 43 հազար դրամ կարող է ստանալ այն թոշակառուն, ով օգտվում է 20 տոկոս հավելավճարներից։
Կարդացեք նաև
Խնդիրը հետևյալն է․ իշխանություններն արդյո՞ք տեղյակ են Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների քանի տոկոսն է օգտվում հետվճարային թոշակի բարձրացման կարգից։ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն կարող մասսայաբար թոշակները բարձրացնել, որովհետև թոշակառուների թիվը շատ մեծ է, նշեց՝ մոտ 600 հազար մարդ, պաշտոնապես՝ 550 հազար է։ Հետագայում պարզվեց, որ այդ cash-back ծրագրից, որքան հիշում եմ, օգտվում է ընդամենը 342 հազար մարդ, ինչը փաստացի նշանակում է, որ այդ ծրագրից օգտվում է թոշակառուների 50 տոկոսից մի փոքր ավել։
Հիմա հարց՝ բա էն մյուս 50 տոկոսի թոշակներն ինչպե՞ս են բարձրանալու, եթե մարդիկ, շատ լավ իմանալով, որ կա հետվճարային թոշակի բարձրացման համակարգ, չեն օգտվում։
Ինքներդ գիտեք, թե թոշակը ստանալու օրը ինչ հերթեր են գոյանում բանկոմատների մոտ, ինչը նշանակում է, որ այդ թոշակառուն ստիպված է գնում, կանխիկացնում իր թոշակը, որովհետև ունի դրամի կարիք, որովհետև Հայաստանի շատ-շատ թոշակառուներ պարտքով ապրանք են գնում իրենց տան մոտի, բակի խանութներից՝ այն պայմանով, որ թոշակը ստանալուն պես պարտքը փակեն։
Երկրորդը՝ այդ թոշակից նրանք նաև վճարում են կոմունալ ծախսերը, ինչի արդյունքում իրենք այդ cash-back ծրագրից չեն օգտվում»,- ասում է Գագիկ Համբարյանը։
Նա հարց է տալիս ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին ու մյուս ՔՊ-ականներին, թե ուսումնասիրե՞լ են նվազագույն կենսաթոշակի առումով Հայաստանը մեր տարածաշրջանում որ հորիզոնականում է գտնվում։
«Ես չեմ ուզում մեզ համեմատել Թուրքիայի հետ, որտեղ նվազագույն թոշակը կազմում է 400 ամերիկյան դոլար, չեմ ուզում համեմատել Իրանի հետ, քանի որ այնտեղ ռիալի գնանկում է տեղի ունեցել, բայց ամեն դեպքում գիտեմ, որ այնտեղ նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան մեզ մոտ։ Հայաստանի Հանրապետությունը բերեք համեմատենք մեր երկու հարևան պետությունների հետ․ նվազագույն թոշակը Ադրբեջանում կազմում է 170 դոլար, Վրաստանում՝ 165 դոլար, իսկ եթե մեր նվազագույն թոշակը՝ 36 հազարը, դարձնենք դոլար, կստացվի 93 դոլար»,- ասում է Գագիկ Համբարյանը։
Նա հիշեցնում է, որ Հայաստանում սննդամթերքն ու դեղորայքը մյուս երկրների հետ համեմատ թանկ են։
Ըստ նրա՝ կան դեղեր, որոնք Վրաստանում, օրինակ՝ Նինոծմինդայում կամ Ախալքալակում, կրկնակի էժան են, իսկ այդ տեղանքները Գյումրիից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































