ՀՀ ներքաղաքական դիսկուրսում Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից իրենցից դուրս «մեղավորների փնտրտուքը» վաղուց վերածվել է ոչ թե իրավիճակային արձագանքի, այլ կայուն քաղաքական տեխնոլոգիայի, որը գործարկվում է հատկապես ճգնաժամային փուլերում՝ իշխանության պատասխանատվությունը նոսրացնելու, քաղաքական օրակարգը վերահսկելու և հանրային դժգոհությունը կառավարելի ուղղություններով շեղելու նպատակով։
Ժամանակ առ ժամանակ անվտանգային հարցերում Փաշինյանի խոսույթը տեղափոխվում է դեպի «տասնամյակներով ձևավորված կոռումպացված բանակ», «նախկինների քայքայած դիվանագիտություն», «միջազգային համակարգի անարդարություն», «գլոբալ ուժերի աշխարհաքաղաքական բախում», որի պայմաններում, ըստ իշխանության ներկայացրած պատկերի, անգամ լավագույն կառավարումը չէր կարող եղանակ փոխել։ Այս կերպ ստեղծվում է այն տպավորությունը, թե ներկայիս իշխանությունը ոչ թե որոշումների սուբյեկտ է, այլ արտաքին հանգամանքների պատանդ, ինչը թույլ է տալիս խուսափել ռազմավարական սխալների քաղաքական գնահատականից։
Տարիներ շարունակ նույն՝ անցյալին կամ արտաքին հանգամանքներին հղում անելը՝ որպես ներկա ձախողումների հիմնական պատճառ, փաստացի վերածվում է ոչ թե քննադատական վերլուծության, այլ պատասխանատվության տեղափոխման հարմարավետ գործիքի։ Այս մոտեցման խնդիրը միայն այն չէ, որ այն դառնում է ոչ համոզիչ ու խաթարում է քաղաքական գործընթացների տրամաբանությունը, այլև այն, որ իշխանությունը մնում է մշտապես «անցման փուլում»՝ կառավարելով, սակայն երբեք ամբողջական պատասխանատվության կրող չդառնալով։
Հատկանշական է, որ մեղավորների փնտրտուքը հաճախ ուղեկցվում է հասարակության ներսում խմբերի բաժանմամբ՝ «հասկացողներ» և «չհասկացողներ», «պետական մտածողություն ունեցողներ» և «ապակառուցողականներ», «իրատեսներ» և «պոպուլիստներ», «դավադիրներ և նվիրյալներ»։ Այս բաժանումը թույլ է տալիս ցանկացած քննադատություն ներկայացնել ոչ թե որպես քաղաքական այլընտրանք, այլ որպես վտանգավոր կամ անտեղի պահանջ, որը հաշվի չի առնում «իրականությունը»։ Այդ կերպ հանրային քննարկումը աստիճանաբար կորցնում է քաղաքական բովանդակությունը և վերածվում է լոյալության կամ անհանդուրժողականության չափման դաշտի։
Կարդացեք նաև
Մեղավորների փնտրտուքի մեկ այլ կարևոր գործառույթ է քաղաքական օրակարգի վերակառուցումը։ Երբ հանրային ուշադրությունը կենտրոնանում է ձախողումների վրա, մեղավորների թեման դառնում է շեղող մեխանիզմ, որը քննարկումը «ինչու չի ստացվել» հարցից տեղափոխում է դեպի «ով է խանգարել»։ Այս տեղափոխումը էական է, քանի որ «ինչու»-ն ենթադրում է կառավարման որակի, ռազմավարական հաշվարկների, որոշումների կայացման տրամաբանության և պատասխանատվության շղթաների խորքային քննարկում, այն է՝ հարցադրում, որը անխուսափելիորեն բացահայտում է սխալների աղբյուրները գործող իշխանական համակարգի ներսում։
Շատ շուտով այդ մեղավորների շարքում իր «պատվավոր տեղը» կզբաղեցնի նաև ժողովուրդը։ Ավելին, շուտով Փաշինյանը ամեն ինչի մեղավոր կկարգի հենց ժողովրդին: Նախադրյալներն արդեն կան:
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































