Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ անում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բխում է միայն ու միայն Հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. Գենադի Մնացականյան

Հունվար 22,2026 18:50

2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում պաշտոնապես սկիզբ առած, իմ դիտարկմամբ, «Եկեղեցու բարենորոգում» անվամբ կրոնա-քաղաքական աղանդը շատ ծանր է տանում այն փաստը, որ 2026 թվականի փետրվարի 16–19-ին Ավստրիայում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողովը։

Հայրապետական այս որոշման կանոնական լինելու մասին շարունակվում են հանգամանալից պարզաբանումները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, սակայն հաստատուն քայլերով հերձվածի վերածվող վերոնշյալ աղանդի առաջնորդի համար, կարծես, այդ պարզաբանումները ընդունելի չեն և, ամենայն հավանականությամբ, հենց նա է ուղղորդում իր թակարդում հայտնված սրբազան հայրերին, որպեսզի կոչ անեն Մայր Աթոռին չեղարկել Ավստրիայում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովի Հայրապետական որոշումը կամ խոսեն դրա ոչ կանոնական լինելու մասին, այլապես սրբազան հայրերը շատ լավ գիտեն, որ ամեն ինչ եկեղեցական օրենքների շրջանակներում է արված։

Հետևաբար, փորձեմ մի փոքրիկ պարզաբանում ևս կատարել։ Եթե նույնիսկ համարենք, որ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողով գումարելը ինչ-որ խնդիրներ ունի կանոնականության հետ, ապա ի գիտություն պետք է ունենանք նաև, որ Եկեղեցում գործում է նաև «Հարկ լուծանէ զօրէնս» չգրված օրենքը։

Տվյալ դեպքում այս օրենքի կիրառման անհրաժեշտությունը անմիջականորեն կապված է ժողովականների անվտանգության հետ, որը երաշխավորված չէ Հայաստանի ներքաղաքական ու ներհասարակական առկա ֆորսմաժորային իրավիճակի պայմաններում։ Նման ժողովներ ընդունող պետությունը իր վրա պետք է վերցնի ժողովականների անվտանգության հարցը։

Պետությունը պետք է ապահովի ժողովի անխոչընդոտ ընթացքը և զերծ մնա ժողովի որոշումների վրա ազդելու նպատակով անօրինական միջամտություններից։ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները պատրա՞ստ են նման երաշխիքներ տալ։ Իհարկե՝ ոչ։

Իսկ եթե անգամ նման երաշխիքների մասին խոսեն, ապա ո՞վ կհավատա նրանց խոսքերին այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը ինքն է փաստում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հոգևորականների հետ «հակահետախուզական աշխատանքներ» կատարելու մասին։

Ակնհայտ է, որ այն, ինչ անում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բխում է միայն ու միայն Հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից, ինչը, թերևս, որոշ շրջանակների մոտ մտավախություններ է առաջացնում։

Եպիսկոպոսաց ժողովը, կարելի է ասել, փոքր Ազգային–Եկեղեցական ժողով է։ Ազգային–Եկեղեցական ժողովներում քննարկվող եկեղեցական հարցերում աշխարհիկ պատգամավորները իրենց թեմի առաջնորդների հետ հիմնականում համամիտ են լինում, եթե, անշուշտ, առաջնորդը իր Գերաշնորհությունը չի փոխարինել ապաշնորհությամբ, երախտագիտությունը՝ ապերախտությամբ։

 

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031