«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Հայաստանում թմրամոլությունն ու խաղամոլությունը դուրս են եկել վերահսկողությունից և դարձել կործանարար հատկապես երիտասարդների շրջանում․ կոտրվում են երազանքներ, իմաստազրկվում է կյանքը, ձևավորվում կախվածություն, որից ինքնուրույն դուրս գալը դժվար է, հաճախ՝ գրեթե անհնար։
Երբ թմրանյութը հասանելի է անգամ դպրոցականի համար, իսկ խաղատներն ու օնլայն խաղերը՝ անսահման ու անվերահսկելիորեն տարածված, դա արդեն ոչ թե պատահականություն է, այլ պատկան մարմինների անպատասխանատու գործելաոճի հետևանք։
Իշխանությունը պարտավոր է բացատրել՝ ինչու է սա հանդուրժվում, ովքեր են շահում, և ինչու պետությունը գործնական քայլերով չի պաշտպանում իր քաղաքացիներին։ Թմրամոլությունն ու խաղամոլությունը ներսից քանդում են առողջ հասարակության հիմքերը, խեղում մեր երեխաների ու ընտանիքների առողջ ու անվտանգ կենսակերպը։ Մենք այլևս չենք կարող ձևացնել, թե դա նեղ ընտանեկան կամ անհատական խնդիր է։ Դա պետական անգործության, վերահսկողության բացակայության և անտարբերության հետևանք է։
Կարդացեք նաև
Պետությունը պարտավոր է ոչ թե աչք փակել, այլ՝ կանխել, բուժել և աջակցել իր քաղաքացուն։ Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին, վերահսկենք խաղերի ու թմրանյութերի տարածումը, ստեղծենք իրական վերականգնման ծրագրեր, ոչ թե թողնենք մարդուն մենակ իր խնդրի հետ։
Անհրաժեշտ են խիստ օրենսդրական կարգավորումներ, իրական վերահսկողություն, կանխարգելում և բուժում, ոչ թե ձևական հայտարարություններ։ Ի վերջո, առողջ հասարակությունը սկսվում է պատասխանատու պետությունից և հոգատար միջավայրից։ Խոսելն առաջին քայլն է, կանխարգելումն ու աջակցությունը՝ փրկության ճանապարհը»։


















































