Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ու անավարտ կտավների արանքում

Հունվար 24,2026 12:00

Նա ծնվել էր արվեստի համար, բացառիկության կնիքով, բայց պատերազմը ջրբաժան դրեց երիտասարդ գեղանկարիչ Արամ Պողոսյանի կյանքի ու անմահության միջեւ։ Պատանի գեղանկարչի բազմաթիվ աշխատանքներում կյանքն ապրում է իր ուրույն փիլիսոփայությամբ, այն ասես զրույց է, որի իմաստն ու խորությունը հասկանալի է դարձրել նրա ֆիզիկական բացակայությունը։ Արամը կարծես ապրում է այն եզերքում, որը նրա սյուրռեալիստական գործերում ներկայանում է հաճախ այլ էներգետիկ աշխարհով, մի ինքնատիպ ու հաստատուն իրականությամբ, ուր ժամանակը հոսում է հավերժության մեջ ու չկա վախճան, չկա վերջ, կա անընդհատ կատարելագործվելու մի բացառիկ իրավիճակ, ուր խաղաղության ու ներդաշնակության բանաձեւերը գտել են իրեց հավասարման կետն ու գործում են անշեղ օրենքներով, անգամ ավանգարդիստական ոճի գործերում ասելիքը խտացված է ներկայանում նրա ստեղծագործություններում, իզմերի ու ոճերի իր փնտրտուքում։ Արամը ստեղծել է մի բազմակետեր թողնող արվեստ, որը միայն նրանն է։ Մայրը, տիկին Կարինեն, հետո պիտի փորձեր մեկնել որդու կտավների ասելիքը, որոնք նրա՝ երիտասարդ գեղանկարչի բացառիկ տաղանդի ու հոգու փիլիսոփայական խորքի մասին պատմող մասունքներ են այլեւս։

-Հերոսի ու սովորական քաղաքացու միջեւ եղած սահմանում կյանքը մի այլ իրականության մեջ դրեց բազմաթիվ հայորդիների ու նրանց ընտանիքներին, որոնց կյանքի գնով ապրած մեր ամեն մի օրը պիտի արդարացված ապրենք, հասարակության գիտակցության մեջ դնելով այդ պատասխանատվության զգացումը, որի գիտակցական մակարդակին դեռեւս ցավալիորեն չենք հասնում։ Տիկին Կարինե, որպես հայրենիքին զավակ նվիրած մայր, ինչպիսի՞ն է իրականությունը, պատերազմից առաջը եւ հետոն։ Ո՞վ էր Արամը։

–Արամ Արթուրի Պողոսյանը ծնվել է 1997 թվականին, Երեւանում։ Սովորել է Հակոբ Կոջոյանի կրթահամալիրում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը։ Ավարտել է կարմիր դիպլոմով։ Բազմաթիվ ստեղծագործություններ ուներ։ Երազում էր ծառայությունից վերադառնալուց հետո ունենալ իր ցուցահանդեսը։ 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, ապա տեղափոխվել Կուբաթլու։ Տանկի հրամանատար էր եւ ավագ սերժանտ։ Զոհվել է Ջաբրայիլում, հոկտեմբերի 5–ին։ Հետմահու պարգեւատրվել է Արիության շքանշանով։

–Արվեստի հանդեպ սերը ինչպե՞ս արտահայտվեց իր մեջ, ինչպե՞ս որոշեց, որ պիտի գնա այդ ուղով։

–Արվեստի հանդեպ սերը Արամիս մեջ վաղ տարիքից էր ի հայտ եկել։ Դեռ տառաճանաչ էլ չէր, բայց նկարում էր ու կարողանում էր բացատրել, թե իր պատկերացմամբ ինչ է պատկերել։ Ես գրում էի այդ պատկերների տակ, արջ, փիղ, նապաստակ, որոշ ժամանակ անց, որ ցույց էինք տալիս, ինքը կրկին ասում էր, թե ինչ է պատկերել, բնականաբար կարդալ չգիտեր, իր պատկերացումն էր շատ վառ։ Դպրոցում, առաջին դասարանում «Հրաշք տետր» կար, որտեղ երեխաները նկարում էին, համարյա բոլորի փոխարեն ծնողներն էին նկարում, իսկ Արամիս փոխարեն չի եղել մի դեպք, որ ես դա անեի, քանի որ ինքը այնքան հետաքրքիր ու սիրով էր դա անում։ Երկրորդ դասարանից տեղափոխեցինք Հակոբ Կոջոյանի անվան դպրոց, ուր ինքը այնքան մեծ սիրով էր հաճախում, իր երազած դպրոցն էր, որը Արամիս համար դարձավ ուղի դեպի գեղարվեստի ակադեմիա։

 

–Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիները ինչո՞վ էին առանձնանում, ինչպիսի՞ երիտասարդ էր, ի՞նչ կարեւոր հատկանիշներ ու արժեհամակարգ կառանձնացնեք, բնավորության գիծ, որը բնորոշում էր իրեն։

–Գեղարվեստի ակադեմիա ընդունվեց բարձր բալերով, անվճար, այդ էր պատճառը, որ բանակ զորակոչվեց 21 տարեկանում։ Ավարտեց կարմիր դիպլոմով, առաջադեմ ուսանողներից էր, իրեն բոլոր դասախոսներն են հիշում։ Իր մտածողությամբ արվեստագետ էր եւ տարբերվող էր: Սովորելու տարիներին ինքնուրույն եռաչափ մոդելավորում ծրագիրը ուսումնասիրեց ու սովորեց եւ արդեն աշխատում էր, այդ ծրագիրը հեշտերից չէ, բայց իր համար բացարձակ դժվարություն չէր ներկայացնում։ Այդպիսին էր։

–Ի՞նչ էր սիրում նկարել, ո՞ր ոճն էր իրենը։

–Իր ոճը բոլորից տարբերվում էր, գնալով ավելի փիլիսոփայական էին դառնում իր նկարները ու կարծես անբացատրելի, հարցնում էինք՝ ի՞նչ ես նկարել, պատասխանում էր, որ կգա ժամանակ, կհասկանաք`ինչու եմ սա արել, ինչու եմ այսպես նկարել։ Նույնիսկ մի նկար ուներ, որտեղ մի աղջիկ է վերեւ նայում, իսկ գլխավերեւում 23 թռչնակներ էին։ Իր զոհվելուց հետո, երբ ցուցահանդես արեցինք, հոգեբանները բացատրեցին, որ Արամը զգացել է իր գնալու ժամանակը։ Զոհվեց քսաներկուսի արանքում, քսաներեք չդարձած, ինքը միշտ ասում էր՝ ես անմահ եմ, անմահ եմ, չէի հասկանում ինչու է ասում, հիմա ցավ եմ զգում, որ չենք հասկացել իր նկարների մեսիջները ու չեմ կարողացել փրկել իրեն դրանից։

–Երազանքներ, ապագայի պլաններ, ի՞նչ նպատակներ ուներ կյանքում եւ արվեստում։

–Արամը ուներ բազում երազանքներ, որոնցից ամենակարեւորը ուսումը շարունակելն էր Իտալիայի Միլան քաղաքում։ Նա իր ամբողջ ուժն ու եռանդը դրել էր իր ուսման մեջ։ Մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ լինելով, նա նաեւ տիրապետում էր 3D Max ծրագրին, լոգոներ էր ծրագրավորում ու տիրապետում էր Rhinoceros ծրագրին։ Արամը նաեւ նկարիչ-քանդակագործ էր եւ նրա նկարների մեծամասնությունը մինիմալիստական ոճի մեջ էր։ Նա իր նկարներում պատկերում էր իր իսկ հոգու արտացոլանքը։ Իր անհատական ցուցահանդեսը անելու երազանք ուներ, որը մենք իրականություն դարձրեցինք, ցավոք, առանց իր ներկայության։ Արամը ուներ իր իսկ ստեղծած գյուտերը, որոնք հնարավոր է մի օր կիրականացնենք։ Ծառայության ժամանակ իր ծառայակից ընկերոջ հետ որոշել էին հիմնել օրգանիկ ելակի արտադրություն եւ Արամն արդեն իսկ ստեղծել էր իրենց տարբերանշանը։ Արամի ընկերը որոշել է գործին ընթացք տալ ու կատարի Արամի երազանքը։ Երազում էր իր նախագծած տունը կառուցել, մեծ ապակիներով, մեծ պարտեզով, որը իրենից հետո մենք կառուցեցինք իր իսկ նախագծով, դեռ մի հարկն ենք կառուցել լիովին, բայց այն կա ու հողի վրա ամուր կանգնած է։ Երազում էր աշխարհով մեկ ցուցահանդեսներ ունենալ, դառնալ հայտնի նկարիչ։ Ցավոք, պատերազմը խլեց մեր տղաների կյանքն ու երազանքները։

–Ինչպե՞ս հայտնվեց Արցախում, որտե՞ղ է ծառայել պատերազմի ժամանակ, որտե՞ղ է կռվել։

–6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, այնտեղ հիացած էին, թե ինչ գծագիր էր գծում Արամը, որ կարող էին պահել իրենց մոտ աշխատանքի, բայց չարեցին. երեւի իրենց խելացիներ պետք չէին..գ Հետո տեղափոխեցին Արցախ, Կուբաթլու, ավագ սերժանտ էր կոչումով, որը զոհվելուց հետո չգիտեմ ինչու անհայտացավ, չգիտենք՝ ինչու այդ կոչումը մնաց որպես կրտսեր սերժանտ, շատ լավ էր անցնում ծառայությունը, շատ հանգիստ էր ու ապահով։ Երբ պատերազմը սկսվեց, քանի որ ինքը տանկի հրամանատար էր, սեպտեմբերի 25-ից իրեն տարել էին Ջաբրայիլ։

–Երկնային գնդի հավերժական ասպետների մեջ, որոնք, ինչպես ձեր որդին, ընտրյալներ ասես լինեն, կարոտների ու ներքին հոգու խաչմերուկում ի՞նչ եք զրուցում Ձեր որդու հետ։

–Սկզբնական շրջանում միշտ Արամիս տեսնում էի, միշտ զրույցներ էի ունենում, երբ մենակ էի կամ նեղված, ինքս իմ մեջ փակված էի, մի անգամ տեսիլքի նման երազ տեսա, տեսա, որ Արամս Աստծո մոտ էր, սպիտակ, երկար հագուստով էր, բարձրանում էր աստիճաններով, որոնք երկինք էին տանում ու հավերժական աստիճաններ էին, վերջը չէր երեւում, բարձրանում էր ու շրջվեց ինձ նայեց մի հայացքով, որ կարծես ասում էր, որ սա իմ տեղն է, որ ինքը գտել է իր հանգրվանը, իհարկե, այդ հայացքը նաեւ տխուր էր, ափսոսանք կար դեմքին, որովհետեւ ինքը բարձրանում էր, ներքեւում թողնելով մեզ՝ ինձ, հորը, քրոջը։ Միշտ ասում էի, որ դու մեզ մենակ թողեցիր, նեղվում էի, ինքը երազով գալիս էր ու ասում էր. մամ ես ձեր կողքին եմ, ես ամեն ինչ վերեւից տեսնում եմ, չմտածեք, որ ես չկամ, ես կամ։

–Չկա Արցախը, հանուն որի գնաց ազգի գեղեցիկների մի ողջ աստղաբույլ։ Տիկին Կարինե, ինչպե՞ս եք գտել ապրելու բանաձեւը, այն հանունը, որը կցանկանար Արամը։

–Պատերազմից հետո շատ փոխվեց նաեւ մեր շրջապատը, շատ քչացավ, հարազատներ, բարեկամներ, բոլորը անհայտացան, մնացին զուտ այն մարդիկ, ովքեր մեր հանդեպ սրտացավ էին, երեւի բարին էլ դա էր։ Արամից հետո ապրելու իմաստը կորել էր, ընդհանրապես չէի ուզում ապրել, քանի որ լույսի պես տղա եմ կորցրել ու հանուն ոչնչի։ Եթե գոնե Արցախը լիներ, կմտածեինք, որ մեր երեխեքը հանուն հայրենիքի, հանուն ինչ-որ բանի գնացին։ Ես միշտ ասում եմ, որ մեր երեխեքը չեն պարտվել, դավաճանների շնորհիվ է Արցախը հանձնվել, իրենք անկոտրում կանգնած են եղել մի գաղափարի շուրջ, որ թուրքը չմտնի մեր հայրենիք ու իրենց տուն։ Հիմա ապրում եմ հանուն իմ աղջկա, հանուն իմ թոռների։ Սկզբնական շրջանում շատ-շատ էի լացում, քրոջ երազին էր եկել, ասել էր՝ մամային ասա, թող չլացի, մաման շատա լացում ու ես էստեղ անհանգիստ եմ, տեղս չեմ գտնում։ Ինձ շատ դժվարությամբ հաջողվեց ինքս ինձ հավաքել, մոտ երկու տարի պահանջվեց, հոգեբանների օգնությամբ նաեւ կարողացա փոքր-ինչ կարգավորել հուզական այդ վիճակը, մտածելով, որ ես երեխայիս երբեք նեղություն չեմ տվել այստեղ, ինչու պիտի այնտեղ նեղություն տամ։ Հիմա ինչ անում ենք, միշտ իր հետ հաշվի նստելով ենք անում, ինչպես կուզեր Արամը, ոնց կուզեր որ անեինք։ Հոկտեմբերի 5-ն էր, ես հիստերիայի մեջ էի, քանի որ Արամից քանի օր լուր չունեի, այդ օրը մայրական բնազդս վատ բան էր զգում, սրտիս մեջ խորը ծակոց զգացի ու բնազդով հասկացա որ վատ բան է տեղի ունեցել, չնայած, ոչ ոք դա ինձ չէր ասել… Իր մեդալները՝ Գարեգին Նժդեհի անվան մեդալը, ՊՆ-ի կողմից տրված մեդալներն ու իր նկարները, պահել եմ իր համար նախատեսված սենյակում, հետագայում տեղադրելու համար, որը դեռ կառուցելու ենք։

–Եթե կարողանայինք ետ տալ կյանքի ու ճակատագրի անիվը, ի՞նչ կարեւոր քայլ կար, որ կուզենայիք անել։

–Չգիտեմ ինչ կանեի, երեւի երեխայիս երկրից դուրս կհանեի, որ չլիներ այն, ինչ եղավ, բայց ինքը չցանկացավ, ունենալով այդ հնարավորությունը, նա չգնաց, ինքը ուզեց իր պարտքը կատարել, նոր գնալ իր մյուս նպատակների ետեւից։ Երեւի այդքան ազնիվ ու արդարամիտ չէի դաստիարակի, չնայած կարծում եմ, որ երբ մարդը ծնվում է, իր բնավորությունն էլ իր հետ է ծնվում, ամեն դեպքում երեւի չուզեի, որ ինքը այդքան պարզ ու մաքուր լիներ, գուցե այդ դեպքում մեր կողքին կլիներ։ Իր շատ պարտաճանաչությունը, իր խելացիությունը թույլ չտվեց, որ հիմա նա մեր կողքին լիներ։ Ինքն էլ կարող էր թաքնվել, երբ ընկել են շրջափակման մեջ, տղաները թաքնվել են, ինքը լինելով տարիքով ծառայակիցներից մեծ` դուրս է եկել, որ մի ելք գտնի ու դեպքը տեղի է ունեցել։ Հնարավոր է, որ ինքն էլ ողջ մնար, եթե մնացածի հետ ինքն էլ թաքնվեր, նրանք տարիքով փոքր են եղել, ինքը չի թողել, որ տղաները առաջ գնան։ Երեւի ավելի սառնասիրտ լիներ, հիմա ողջ կլիներ։ Բայց այն ժամանակ, երբ նման խնդրի առաջ չէինք կանգնել, չէինք կարող այդպես մտածել։ Մինչեւ այս դժվարին ճանապարհը անցնելն այդպես չէինք կարող մտածել, թե ինչ կանեինք, ինչպիսին կլինեինք…

–Ի՞նչ կցանկանայիք ասել մեր հանրությանը, ում ապրելու իրավունքը նաեւ Ձեր որդու թանկ կյանքի հաշվին է։

–Կցանկանամ, որ երբեք, ոչ մի տեղ չլինեն պատերազմներ, չհնչեն զենքերի ձայներ ու երբեք չլինեն մեզ նման դարձած ընտանիքներ։ Ուզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն, երջանիկ ապրեն։ Բոլոր դեպքերում խնդրանքս մեկն էգ մեզ նման ընտանիքների հանդեպ հարգանքը մեծ լինի, ընդամենը հարգանք ենք պահանջում, քանի որ մենք վիրավոր սիրտ ունենք, որը կարող է ամեն ինչից էլ խոցվել, ուրիշ կերպ հասկանալ… Քանի դեռ մարդու սիրտը վիրավոր չի, նա իրականությունն այլ կերպ է հասկանում։ Չնայած ես շատ-շատ եմ աշխատել ինձ վրա, հիմա ուրիշ կերպ եմ նայում մարդկանց, հասկացել եմ, որ պետք է շատ ուժեղ լինել, ամուր կանգնել ոտքերի վրա ու էն հողի վրա ամուր կանգնել, որ մեր տղերքն են մեզ թողել որպես ժառանգություն։ Էդ հողը պիտի ամուր պահենք ու էդ հողի ամեն մի մասնիկը, որ մենք վայելում ենք, դա մեր լույս տղաների կյանքի շնորհիվ է։ Ուզում եմ, որ հասարակությունը դա գիտակցի։ Չմոռանանք։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
23.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031