«Բոլորն էլ հասկանում են, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այլ ավելի շատ գոյաբանական, գաղափարական նշանակություն ունեցող ընտրություններ են, նաեւ ընտրություններ, որոնց արդյունքում հասկանալի է դառնալու, թե Հայաստանը որ ուղով է գնալու եւ արդյոք գնալու է: Այս առումով թե իշխանությունը, թե ընդդիմությունը կարեւոր նշանակություն են տալիս դրան»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով. «Հատկապես իշխանության համար է բառի բուն իմաստով գոյաբանական խնդիր, որովհետեւ իրենց պատկերացմամբ, եթե կորցնում են իշխանությունը, ապա կորցնում են ոչ միայն բոլոր լծակները՝ ֆինանսական, տնտեսական, քաղաքական ազդեցության, այլեւ շատերը կարծում են, որ իրենց անհատական, անձնական անվտանգության խնդիր է առաջանում: Իմ դիտարկմամբ, դեռեւս 2024 թվականից իշխանությունը սկսել է նախապատրաստվել այս ընտրություններին»:
Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, քաղտեխնոլոգի ձեւակերպմամբ, այս ընտրությունները լեգիտիմ իշխանափոխություն իրականացնելու շանս են. «Որքանով դա կստացվի, կախված է շատ հանգամանքներից, բնականաբար, նաեւ ուժերի հարաբերակցությունից, ընդ որում՝ ուժերի հարաբերակցությունից՝ հիմնված նաեւ հանրային կարծիքի, նախապատվությունների վրա:
Այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչ է ուզում մեր հանրությունը: Հենվելով սոցիոլոգիական հրապարակված եւ չհրապարակված արդյունքների վրա՝ մեր հանրության մեծ մասն ուզում է փոփոխություններ, այլ հարց է, թե հանրությունն այդ փոփոխություններն ուզելով ինչ վարքագիծ կդրսեւորի, որքանով կմասնակցի ընտրություններին, ընդհանրապես կմասնակցի, թե ոչ, ինչպիսի նախապատվություն կտա, արդյոք այլընտրանք կգտնի իր համար այս առումով: Ես կարծում եմ, որ թիվ 1 խնդիրն այն է, որ մասնակցությունն ավելի ակտիվ լինի, քան նախորդ տարիներին, որովհետեւ շատ հարցեր կարող են լուծվել հենց մասնակցությամբ»:
Կարդացեք նաև
Քախտեխնոլոգի ձեւակերպմամբ, ընտրություններին ընտրողների ակտիվ մասնակցության հարցն ավելի շատ ընդդիմությանը պետք է հուզի, որովհետեւ իշխանությունը կուզենա, որ մասնակցությունը լինի հնարավորինս պասիվ, որովհետեւ իշխանությունը սովորաբար իր ընտրազանգվածին կարողանում է բերել՝ վարչական, ուժային ռեսուրս օգտագործելով:
«Ընդդիմությունը նախ եւ առաջ պետք է աշխատի այն ընտրազանգվածի վրա, որը պասիվ է, որը մոտ 60 տոկոսն է կազմում…Մասնակցության բարձր շեմը գրեթե վերջնականապես լուծում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության խնդիրը: Ընդդիմությունը պետք է փորձի որպես այլընտրանք ներկայանալ: Մարդկանց չպետք է հիասթափեցնել: Շատերին ակնհայտորեն դուր չի գալիս, որ ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է տարբեր շարասյուններով:
Եթե ընդդիմությունը մասնակցելու է 3-4 խոշոր բեւեռով, պետք է հանդես գա որպես մեկ ֆորմատ: Սա նշանակում է, որ ընդդիմադիր տարբեր ուժերը, որոնք մասնակցելու են ընտրությունների, պետք է ընդհանուր մի սեղանի շուրջ նստեն, մեմորանդումի պես մի բան ստորագրեն՝ հայտարարության մակարդակով, որ իրենք թեպետ առանձին շարասյուներով են գնում ընտրությունների, բայց բոլորն ունեն մեկ նպատակ՝ Հայաստանում իշխանափոխությունն իրականացնել, նոր իշխանություն ձեւավորել: Այդ մեմորանդումը պետք է հասու լինի հասարակությանը, հույսեր ներշնչի, որ իրենք մեկ բեւեռ են»,-կարծում է քաղտեխնոլոգը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Վիգեն Հակոբյանի լուսանկարը՝ Sputnik Արմենիայի


















































