«Վաղուց սպասում էինք այս փաստաթղթին, որքան հասկացա՝ հայցադիմումը ամբողջությամբ շարադրվել է»,- սա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով պաշտպան Վահագն Դալլաքյանի արձագանքն էր ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հռիփսիմե Ասատրյանի հայտարարությանը։
Ռուբեն Հայրապետյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր՝ տասն ամիս անց, վերջապես ներկայացրեց հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության վերաբերյալ փաստաթուղթը։ Հռիփսիմե Ասատրյանը միջնորդեց նաեւ գործով նոր պատասխանող ներգրավվել՝ Լենա Ռուբենի Հայրապետյանին։
Հայցի հիմքի, առարկայի փոփոխությունը պայմանավորված է ՍԴ որոշումով։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով քննությունը։
Կարդացեք նաև
Վահագն Դալլաքյանը նկատեց՝ մինչ այժմ հայցադիմումի հիմքը «Հայէկոնոմբանկից» տրված կեղծ փաստաթուղթն էր։ Հիշեցրեց, որ պաշտպանական կողմն այդ առիթով հանցանքի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել, քրեական վարույթ էր նախաձեռնվել, որով հաստատվել է, որ քաղվածքն իրականությանը չի համապատասխանում, բայց որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել։ Նա հետաքրքրվեց՝ դատախազությունն այդ փաստը հաշվի առվե՞լ է, համապատասխան վերահաշվարկ արվե՞լ է։
Հռիփսիմե Ասատրյանը հայտարարեց, որ՝ ոչ, միայն այն որ հաստատվել է տեղեկանքի կեղծ լինելը՝ հիմք չի հանդիսացել իրավասու մարմնի համար, որպեսզի վերանայումներ անեն, քանի որ շրջանառությունը չի երեւում։
Վահագն Դալլաքյանը ժամանակ խնդրեց փաստաթղթին ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար։ Միջնորդությունը բավարարվեց։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նիստի ավարտից հետո, Aravot.am-ի հարցին ի պատասխան ՝պաշտպան Վահագն Դալլաքյանն ասաց, որ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ՍԴ-ն հստակ դիրքորոշում էր հայտնել՝ պետք է պատճառահետեւանքային հստակ կապ լինի ենթադրյալ հանցանքի եւ ապօրինի որակվող գույքի միջեւ, այլապես դատախազության հայցն անհիմն է։ Տվյալ դեպքում, դատախազությունը գործը սկսել էր ենթադրյալ հանցանքի հիման վրա, որը մինչ այժմ էլ նախաքննության փուլում է, որեւէ հանցանք ապացուցված չէ եւ տվյալ հայցադիմում որեւէ պատճառահետևանքային կապ ապացուցված չէ։ Ուստի, ՍԴ որոշումից հետո պաշտպանական կողմը պնդում էր, որ հայցն այդ հիմքով պետք է ամբողջությամբ մերժվի։ Այդ պնդումը մինչ այդ էլ էր արվում՝ ՄԻԵԴ նախադեպային որոշումների հիման վրա։
Պաշտպանական կողմը մշտապես մտավախություն է ունեցել, որ գործի կեսից դատախազությունը «մի գնացքից մյուսը կթռչի» եւ հայցը կշարունակի Ռուբեն Հայրապետյանի՝ համայնքային, պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով․ «Այսօր տեսանք, որ այդ մտավախությունը հաստատվեց։ Մենք, բնականաբար, առարկելու ենք այդ մոտեցման դեմ, որովհետեւ նման հիմքով ուսումնասիրություն չի եղել ընդհանրապես։ Ճանապարհի կեսից մի գնացքից մյուսին թռնելը մենք համարում ենք ոչ իրավաչափ»։
Ինչ վերաբերվում է «ՀայԷկոնոմբանկի» կեղծ տեղեկանքին, պաշտպանը նկատում է․ «Ինչպես տեսնում եք, դատախազությունը մինչեւ վերջ պնդում է իր հաշվարկը եւ հաշվի չի առնում, որ հիմնվել է կեղծ տեղեկանքի վրա, բայց դա արտացոլում է ավելի քան չորս միլիարդ դրամի եկամուտ, որը դատախազության կողմից ապօրինի է որակվել, իսկ հետագա տարիների ընթացքում այդ գույքը ներդրվել է գործունեության մեջ եւ ավելի մեծ արժեք է ստացել»։
Aravot.am-ի դիտարկմանը, որ նիստի ժամանակ դատախազության ներկայացուցիչն ընդունեց՝ «ՀայԷկոնոմբանկից» տրված տեղեկանքը կեղծ է, իրենք պարզապես դա հաշվի չեն առել, Վահագն Դալլաքյանն արձագանքեց՝ ասելով, որ այո, փաստացի ընդունեցին, բայց հիմա էլ հակառակ բանն են ասում, որ իբրեւ շրջանառության մասին փաստաթուղթ չկա, բայց դա ընդհանրապես կապ չունի իրենց ներկայացրած պահանջի հետ․ «Իրենք այդ մասով պահանջ են ներկայացրել՝ հիմնվելով նրա վրա, որ «RRR» ՍՊԸ-ի հաշիվներով շրջանառություն ընդհանրապես չի եղել, հետեւաբար, ենթադրել են, որ ստացված միջոցներն ապօրինի են։ Իսկ հիմա, հաստատվել է, որ «շրջանառություն չի եղել» պնդումը հիմնված է կեղծ, սխալ ապացույցի վրա։ Հակառակը, մենք ներկայացրել ենք մի քանի բնօրինակ անդորրագրեր, որոնք ցույց են տալիս, որ եղել է ակտիվ շրջանառություն։ Քանի որ խոսքը 20 եւ ավելի տարիների մասին է, անդորրագրերը ամբողջությամբ չեն պահպանվել, մի քանիսն են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































