Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին հաշիվները մաքրելու հնարավորություն են». Ռուբեն Հայրապետյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատավոր Կարապետ Բադալյանը Հրանուշ Խառատյանի փեսան է

Ապրիլ 04,2025 19:07 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ ընթացող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստում այսօր պաշտպանական կողմը հայտարարեց, որ իրենց տպավորությամբ՝ դատավորը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:

Դատավորն այսօր մերժեց Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչների բոլոր միջնորդությունները: Մինչ այժմ էլ համառորեն չէր ընդառաջում պաշտպանների միջնորդություններին՝ մի փոքր ավելի ժամանակ տրամադրել՝ դատախազության ներկայացրած հաշվարկային ֆայլն ուսումնասիրելու համար. պաշտպանները մեկ ամիս էին խնդրում, դատավորը երկու շաբաթը ողջամիտ համարեց:

Այսօրվա նիստում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Կարապետ Բադալյանին:

Ամրամ Մակինյանը եւ Վահագն Դալլաքյանը

Թիվ ԵԱՆԴ/1463/02/12 քաղաքացիական գործով, տարիներ առաջ քննվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի՝ բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։ Հրանուշ Խառատյանը սույն գործը քննող դատավոր Կարապետ Բադալյանի զոքանչն է։ Ավելին, տվյալ քաղաքացիական գործով Հրանուշ Խառատյանին դատարանում որպես փաստաբան ներկայացրել է հենց սույն գործը քննող դատավոր Կարապետ Բադալյանը։ Հրանուշ Խառատյանի հայցը առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է, և այդ վճիռը անփոփոխ է թողնվել վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում[1]։

Սույն գործով հիմնական պատասխանողը Ռուբեն Հայրապետյանն է, ուստի պաշտպանական կողմը գտնում է, որ վերը նշված հանգամանքները դատավոր Կարապետ Բադալյանի մոտ կանխակալ բացասական վերաբերմունք կարող են ձևավորած լինել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, քանի որ դատավորի զոքանչի՝ Հրանուշ Խառատյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև առկա է եղել քաղաքացիական վեճ: Ընդ որում՝ ոչ թե, օրինակ, գույքային կամ պայմանագրային բնույթի վեճ, այլ բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ վեճ, ինչը սովորաբար հավելյալ զգացմունքային ֆոն է ստեղծում դատական վեճի շուրջ և կողմերի միջև առաջացնում առնվազն անձնական հակակրանք։

Երկրորդ՝ և՛ Հրանուշ Խառատյանը, և՛ Ռուբեն Հայրապետյանը հանրային գործիչներ են, և նրանց միջև քննված դատական գործը նաև հանրային արձագանք է ստացել և լուսաբանվել լրատվամիջոցներում: Այս հանգամանքը ևս ավելացնում է լարվածությունը և անձնական հակակրանքի պատճառները։

Ընդ որում, տվյալ վեճի շուրջ ձևավորված էմոցիոնալ մթնոլորտում փոխադարձաբար արվել են նաև զգացմունքային հրապարակային արտահայտություններ, որոնք միմյանց նկատմամբ բացասական տրամադրվածություն կարող էին առաջացնել ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի և Հրանուշ Խառատյանի, այլ նաև նրանց ընտանիքների անդամների մոտ։

Կարապետ Բադալյանը տարակուսեց՝ ինչո՞ւ միջնորդությունն ի սկզբանե չի ներկայացվել: Վահագն Դալլաքյանը պարզաբանեց՝ այս հանգամանքների մասին ավելի ուշ են տեղեկացել:

Ռուզաննա Խուդավերդյան

Միջնորդությունը մերժվեց՝ Կարապետ Բադալյանը պաշտպանական կողմին կրկին մեղադրեց իրավունքի չարաշահման, գործի քննությունը ձգձգելու մեջ:

Վահագն Դալլաքյանը համաձայն չէ դատարանի որոշման հետ, նա հայտարարեց, որ առնվազն ամրապնդվեցին դատարանի անաչառության վերաբերյալ իր կասկածները: Նա կրկին միջնորդեց՝ գործի քննությունը հետաձգել, քանի որ անհավասար մեկնարկային պայմաններ են ու պաշտպանները լրացուցիչ պատրաստվելու կարիք ունեն, որպեսզի առարկայական հարցեր ուղղեն դատախազությանը:

Վահագն Դալլաքյան եւ Ամրամ Մակինյան

Պաշտպան Ամրամ Մակինյանն էլ դատարանի անկողմնակալության մասով կասկած հայտնեց. «Դատարանը բացարկի միջնորդությունը չքննեց, չասաց, որ ես անկողմնակալ եմ: Սա շատ մեծ սեպ խրեց այս գործի մեջ, ընդհանրապես»:

Այս գործը, ըստ Ամրամ Մակինյանի, դատավորի կողմից կարող է դառնալ Ռուբեն Հայրապետյանի հետ հին հաշիվները մաքրելու հնարավորություն:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930