Լրահոս
Օրվա լրահոսը

Գրենլանդիայի, Գազայի, միջազգային արդարադատության պաշտպանության հարցերը՝ ԵԽԽՎ օրակարգում

Հունվար 26,2026 20:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։ Վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի՝ պաշտոնավարման ժամկետը լրացել էր, և Վեհաժողովն ընտրեց նոր նախագահ՝ ավստրիացի պատվիրակ Պետրա Բայերին։

Նստաշրջանի մեկնարկն արձանագրեց ԵԽԽՎ ամենաերկարակյաց պատվիրակ Էմանուելիս Զինգերիսը՝ մինչ նոր նախագահի ընտրությունը։ Էմանուելիս Զինգերիսը հայտարարեց․ «Եվրոպայի խորհուրդը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ատելության և անմարդկայնության մոխիրներից, և հիմա մենք չենք կարող թույլ տալ, որ բռնապետերն ավելի համախմբված լինեն մեզնից։ Ոչ թե Ամերիկան է առաջնայինը, ոչ թե Ֆրանսիան է առաջնայինը կամ Լեհաստանը, Լիտվան, այլ մարդկությունն ու մեր համերաշխությունը։

Սրանք են մեր գաղափարախոսության հիմքերը։ Մենք պետք է հրավիրենք Վրաստանի, Կուբայի և Իրանի ազատության մարտիկներին՝ միանալ մեր հարթակին և բարձրացնել իրենց ձայնը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մոլեռանդ կրոնական ռեժիմները, ինչպիսին է Ալի Խամենին, զավթեն իշխանությունը։ Մենք Իրանի ժողովրդի հետ ենք։ Պետությունները պետք է հիմնված լինեն աշխարհիկ և ժողովրդավարական հիմքերի և իշխանությունների տարանջատման վրա։

Եվ եթե ես լինեի Նոբելյան մրցանակի հանձնաժողովում, ես կխնդրեի առաջադրել նախագահ Վլադիմիր Զելենսկիի թեկնածությունը Նոբելյան մրցանակի համար»։

Նշենք, որ լիագումար նիստի ընթացքում նաև տեղի ունեցավ Թեոդորոս Ռուսոպուլոսի պարգևատրման արարողությունը։

Այնուհետև նորընտիր նախագահ Պետրա Բայերը հայտարարեց, թե Բյուրոն որ թեմաներին է հավանություն տվել, որպեսզի քննարկվեն ընթացիկ և հրատապ քննարկման ընթացակարգով։

Հրատապ ընթացակարգով Վեհաժողովը կքննարկի «Միջազգային կարգի սպառնալիքները՝ Գրենլանդիայի օրինակը» թեման՝ հինգշաբթի առավոտյան, «Միջին Արևելքում քաղաքական ճգնաժամը․ մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարիքը» թեման՝ հինգշաբթի օրվա երկրորդ կեսին և Եվրոպական Սոցիալական խարտիայի 65-ամյակը՝ հինգշաբթի օրվա երկրորդ կեսին։

Չորեքշաբթի ընթացիկ քննարկման ձևաչափով կքննարկվեն միջազգային արդարադատության պաշտպանությունը, Բնակչության պաշտպանության ապահովումը և միջազգային իրավունքի հարգումը Գազայում հրադադարից հետո թեմաները։

Վեհաժողովը նաև ընտրեց հանձնաժողովների նախագահներին։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031