Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր ընդունվեց «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևը։
Փաստաթղթում Հայաստանի՝ որպես ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող երկրի վերաբերյալ ամրագրված է․ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար՝ բոլոր կողմերից։ Այն խորապես մտահոգված է ՀՀ վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հայտարարություններով։
Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր երեք անընդմեջ ընտրություններն անցել են առանց խախտումների, Վեհաժողովը վերահաստատում է հանրային միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից»։
Նաև նշվում է, որ ԵԽԽՎ-ն հաշվի է առնում ներկայիս վարչապետի մտադրությունը՝ կազմակերպել սահմանադրական հանրաքվե 2026 թվականի ընտրություններից հետո։
Կարդացեք նաև
Վեհաժողովն Ադրբեջանի վերաբերյալ մտահոգություն է հայտնում երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում հետընթացի և ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թվի աճի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների, գիտնականների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և կառավարության այլ ընդդիմախոսների։ Նաև ամրագրված է․ «Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հակադարձ հետապնդումները և անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորներին»։
Ինչպես նաև Վեհաժողովը վերահաստատում է, որ դատապարտում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից Վեհաժողովի բազմաթիվ անդամներին անցանկալի անձ հայտարարելու որոշումը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































