Ապրիլի վերջին շաբաթ օրը ներկայիս իշխանությունը հռչակել է Քաղաքացու օր: Ինչո՞ւ դա չի ընկալվում որպես համաժողովրդական տոն: Կարծում եմ, նախեւառաջ այն պատճառով, որ այն իր մեջ դրական բովանդակություն չի պարունակում: Մեզ առաջարկվում է ուրախանալ այն առիթով, որ իրենց՝ ներկայիս իշխանություններին, 2018 թվականին հաջողվել է հաղթել «նախկիններին», «թալանչիներին» եւ այլն: Նույնիսկ նրանք, ովքեր շարունակում են ատելություն տածել իշխանական այդ միֆի (որեւէ բացասական իմաստ «միֆ» բառի մեջ չեմ ներդնում) հակահերոսների հանդեպ, բավարար պատճառ չունեն ամեն տարի այդ առիթով ուրախանալու: Նախ՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի հետ այդ «պատմական հաղթանակից» հետո: Երկրորդ՝ այդ «հաղթանակը» չհամախմբեց մեր հասարակությունը, եւ հակառակը՝ էլ ավելի պառակտեց այն:
Ընդհանրապես Փաշինյանի իշխանության բոլոր քայլերն էլ ուղղված են հասարակության մեջ նորանոր բաժանարար գծեր, «պատեր» կառուցելուն: Դրա գագաթնակետն է, իհարկե, եկեղեցու դեմ պայքարը, որը կարող է նպաստել ոչ միայն ներհայաստանյան, այլեւ համազգային հակասությունների առաջացմանն ու խորացմանը:
Այս պայմաններում ինչ «պաշտոնական օր» էլ նրանք հռչակեն, դա միանշանակ վերաբերմունք չի առաջացնի, եւ հասարակությանը չի միավորի: Համեմատության համար՝ «ապրիլի 24-ը» որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ընդունվում է ամբողջ ազգի կողմից՝ անկախ բոլոր տարաձայնություններից:
Իսկ հունվարի 27 -ը՝ որպես հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր, այդպես չի ընդունվի, եւ ոչ այն պատճառով, որ կան մարդիկ, որոնք չեն հարգում զոհերի հիշատակը: Բացի վերը նշվածից (իշխանության պառակտիչ գործունեությունից), այստեղ կա եւս մի պատճառ: Որպեսզի այդ օրը համախմբի բոլոր հայերին, կամ, առնվազն, ՀՀ բոլոր քաղաքացիներին, իշխանությունը պետք է պաշտոնապես հայտարարի, թե ո՛ր պատերազմների ո՛ր զինվորների հիշատակն ենք մենք հարգում: Եվ ավելին՝ հաստատի, որ Հայաստանը կամ հայերը մասնակցել են արդար նպատակների համար մղվող պատերազմներին: Մինչդեռ առաջին եւ երկրորդ Արցախյան պատերազմի պաշտոնական գնահատականն այդպիսին չէ:
Կարդացեք նաև
Որպես օրինակ՝ հիշենք Հայրենական մեծ պատերազմի մասին խորհրդային միֆը (միֆը՝ դարձյալ չեզոք իմաստով): Զոհված զինվորների հիշատակի օրը համազգային դարձնելու համար, պատերազմը պետք է լինի սակրալիզացված, սրբադասված՝ այն ինչ երբեմն կոչում են «սրբազան պատերազմ»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Բոլորին էլ պարզ է, որ հայրենիքի համար զոհվածների ծնողներին իր ենիչերի բերետավորներով հրմշտողն ու քարշ տվողը և նրանց վրա քրեական գործեր կարողը չէր կարող պատերազմից 5-6 տարի հետո միանգամից խելքի գալ ու մտահոգվել հայրենիքի համար զոհվածների օր նշանակելու մասին։ Ընտրություններից առաջ այսպիսի մանկապարտեզային մակարդակի խորամանկությամբ մարդկանց սիրտ շահելը հաստատ չի ստացվի և ընդհակառակը – զայրույթ կառաջացնի։