Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ էր պակաս, որ այս ողբերգություններից ու անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, բայց այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են»

Հունվար 28,2026 13:01

«Թեեւ 44-օրյա պատերազմում պարտություն ենք կրել, այնուհետեւ բազմաթիվ անհաջողություններ են եղել, Արցախն ենք կորցրել, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնել ու շտկել իր ողնաշարը։ Մեր ժողովուրդն ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի նրա անվտանգության երաշխավորը»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձում հնչած մտքերին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես չեմ կարդացել Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որովհետեւ չեմ կարծում, թե նա ամբողջությամբ արտահայտում է այն իրականությունը, որն այսօր կա։ Հայկական բանակը ձեւավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի ազատության համար պատերազմական գործողություններին զուգահեռ։ Հայկական բանակը ձեւավորվել է զրոյից եւ մեծ չարչարանքի, անհավասար պայմաններում հասել է մի այնպիսի իրավիճակի, որ հաղթել է, մեր տարածաշրջանում եղել է մրցունակ։ Հայկական բանակը մինչեւ 2018 թվականն իր առջեւ դրված խնդիրը կատարել է, հակառակորդի հետ նույնիսկ հարաբերական անհավասար պայմաններում իր առջեւ դրված խնդիրն իրականացրել է։ Այսօր, եթե բանակում որոշակի ձեռքբերումներ կան, որոշակի փոփոխություններ են իրականացվում, ես հասարակ բառերով ասեմ՝ այդ էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Բայց ես գտնում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են, ավելի շատ աշխատանք կարելի էր իրականացնել՝ սկսած նրանից, որ պետք է մշակվեր նոր ազգային անվտանգության ռազմավարությունը»։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձեւավորում։ Իսկ ՀՀ իշխանությունները նոր հատուկ ստորաբաժանումների ձեւավորման փոխարեն՝ հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ է ձեւավորել։ «Նախկինում հատուկ նշանակության ստորաբաժանումներ ձեւավորված են եղել, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի «Յաշմա» կոչվող հատուկ նշանակության բրիգադան հիմնահատակ ոչնչացվել է այն երկու ուղղություններով, որով նրանք հարձակվել են։ Այսօր սպառազինությունների ձեռք բերման հետ մեկտեղ՝ լավ կլիներ, որ այդ սպառազինությունը շարք կանգնվեր, յուրացվեր։ Դա կարող էր արտահայտվել խոշոր զորավարժություններով ու զորահանդեսներով, որոնք իրենք պետք է կազմակերպեն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Օհանյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմում պատշաճ կառավարման, ռազմական գործողությունների թատերաբեմը լուրջ ուսումնասիրելու եւ լուրջ որոշումներ ընդունելու պայմաններում հայկական բանակը, առավել եւս՝ Արցախի Պաշտպանության բանակն ի վիճակի է եղել իր առջեւ դրված խնդիրն իրականացնել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031