Հաջողվե՞լ է արդյոք Հայաստանի իշխանություններին «ֆռռացնել» ԵԽԽՎ պատվիրակներին եւ կորզել այնպիսի բանաձեւ, որտեղ «դատապարտվում է» մի քանի հոգեւորականների կողմից իշխանությունը յուրացնելու իրենց կողմից հնարած դավադրությունը: Թե՞ բանաձեւում տեղ գտած մտահոգությունն առ այն, որ վարչապետի եւ եկեղեցու առաջնորդի միջեւ առկա է լարվածություն, նշանակում է, որ Վեհաժողովն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունը վերջ կդնի եկեղեցու դեմ արշավին:
Ձեւակերպումներն իրապես «սղլիկ» են, եւ դրանք, ցանկության դեպքում, կարելի է տարբեր ձեւով մեկնաբանել: Նույն բանաձեւում ինչ-որ մշուշոտ ակնարկներ կան «հանրային ռեսուրսների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնակարգերի կիրառման» մասին: Այդտեղ էլ պարզ չէ՝ արդյոք ՔՊ-ն չարաշահո՞ւմ է հանրային ռեսուրսները: Իրականում շատ է չարաշահում՝ նույնիսկ պատարագին «զանգված» ապահովելու համար, էլ չասած՝ ընտրությունների մասին: Եվ այդ ո՞վ է, որ չի պահպանում կուսակցությունների ֆինանսավորման կանոնակարգերը:
«Վարչապետի եւ կաթողիկոսի կոնֆլիկտի» հարցում ԵԽԽՎ պատվիրակները, ցանկության դեպքում, կարող էին խորանալ լեգիտիմության հարցի մեջ: Եթե ես ասեմ, որ մինչեւ հիմա էկոնոմիկայի նախարար եմ համարում Վահան Քերոբյանին՝ այն պատճառով, որ վարչապետին չեմ հավանում, ապա ԵԽԽՎ ցանկացած պատվիրակ, ինչպես եւ ցանկացած ողջամիտ մարդ պարզապես կժպտար եւ ուսերը կթոթվեր:
Բայց երբ ՔՊ-ականներն ասում են, որ այսինչին կամ այնինչին համարում են քահանա կամ եպիսկոպոս, դա նույն ռեակցիան չի առաջացնում: Չնայած այս դեպքում կարելի է առաջարկել՝ հիմնեք ձեր կրոնական կազմակերպությունը եւ դրա շրջանակներում ՔՊ վարչության նիստում ձեռնադրեք եւ կարգալույծ արեք ձեր եպիսկոպոսներին ու քահանաներին: Իսկ Հայ առաքելական եկեղեցին ունի իր կարգը, որի համար որեւէ ՔՊ-ականի, ինչպես նաեւ, օրինակ, իմ կարծիքը (ինչ ենք մենք «համարում» կամ «չենք համարում») որոշիչ նշանակություն չունի:
Կարդացեք նաև
Թե ինչ բանաձեւեր է ընդունում ԵԽԽՎ-ն, իհարկե, ամենակարեւոր թեման չէ: Բայց ընդհանուր առմամբ պարզ է, որ Փաշինյանը շարունակում է մնալ եվրոպական կառույցների «լյուբիմչիկը»՝ ի հեճուկս Հայաստանում հաստատած բռնապետական ռեժիմի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































