2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը հասել է 14,5 միլիարդ դոլարի, որը ներառում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի հանրագումարը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 13,1 տոկոսով կամ շուրջ 1,7 միլիարդ դոլարով, իսկ 2018 թ. համեմատ ավելացել է մոտ 2,2 անգամ:
Նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ՝ պետությունը ստիպված է մարել նաև հին պարտքերը, և հատկապես 2025 թվականը եղել է ծանր տարի այդ առումով, քանի որ մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել է 750 միլիարդ դոլար ծավալով եվրոբոնդեր, որոնք նոր և ավելի թանկ պարտք են հանդիսացել՝ արտաքին պարտքի կառուցվածքում մեծացնելով ծանրաբեռնվածությունը: Այս եվրոբոնդերի թողարկումը ստիպել է պետությանը ավելի բարձր տոկոսադրույքներով պարտավորություններ ստանձնել, ինչը հանգեցրել է ընդհանուր պարտքի բեռի աճին, մինչդեռ ֆինանսների նախարարության հրապարակած՝ 2026 թվականի փոխառությունների ծրագիրը ցույց է տալիս, որ բյուջեի պակասուրդը կկազմի 537 միլիարդ դրամ՝ ֆինանսավորվելով 210 միլիարդով՝ ներքին աղբյուրներից և 327 միլիարդով՝ արտաքինից, իսկ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կավելանա 3,3 տոկոսային կետով:
Պարտքի այս բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ տնտեսությունից հավաքված հարկերի գրեթե 14 տոկոսը ծախսվում է միայն տոկոսների վճարման վրա, իսկ վերջին տարիներին պարտքի սպասարկման ծախսերը տարեկան հասնում են 1 միլիարդ դոլարի, ինչը նախկինում 2-3 անգամ ցածր էր։
Պարտքի ավելացման վտանգները բազմաշերտ են և կարող են հանգեցնել սարսափելի հետևանքների, եթե ժամանակին չձեռնարկվեն միջոցներ, քանի որ բարձր պարտքային բեռը սահմանափակում է բյուջետային ճկունությունը՝ ստիպելով կառավարությանը առաջնահերթություն տալ դրա սպասարկմանը, ինչի արդյունքում կզոհաբերվի կրթության, առողջապահության և պաշտպանության ֆինանսավորումը: Իսկ եթե գլոբալ տնտեսական ճգնաժամ առաջանա, տոկոսադրույքները կտրուկ բարձրանան կամ «թանկանան» արտարժույթները, որոնցով Հայաստանը պետք է կատարի իր պարտքի վճարման պարտավորությունները, ապա սպասարկման ծախսերը կարող են միանգամից ավելանալ՝ հանգեցնելով բյուջետային ճգնաժամի, հարկային բարձրացումների կամ նոր պարտքերի շղթայական ցիկլի, ինչը կխաթարի ներդրողների վստահությունը և կսահմանափակի տնտեսական աճը:
Կարդացեք նաև
Հայաստանի տնտեսական ապագայի մասով պարտքերով երկիր պահելը կարող է դառնալ դանդաղ գործող ռումբ։ Պետական պարտքի արագ աճի տեմպի առաջն առնելու համար կառավարությունն ուղղակի պարտավոր է անհապաղ անցնել խիստ ֆիսկալ քաղաքականության, կրճատել ոչ արդյունավետ ծախսերը, խթանել հարկային բազան՝ առանց բարձրացնելու դրույքաչափերը, և խրախուսել մասնավոր ներդրումները:
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































