Մարդու իրավունքների պաշտպանի՝ այս տարվա գործունեության առաջնահերթությունների թվում են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման նոր ու արդյունավետ կառուցակարգերի ներդրման ու զարգացման հարցերը։ 🔺
📢 Այս ոլորտում Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների, ինչպես նաև կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել տարաբնույթ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ կարևորելով կառուցողական երկխոսությունը ինչպես գործարար համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ պետական մարմինների հետ։
💡 Քննարկվող ոլորտում ստացվող բողոքների բավականին մեծ թիվ վերաբերում է քրեական վարույթի շրջանակում խուզարկությունից անմիջապես հետո խուզարկված վայրը նախաքննական մարմնի կողմից կապարակնքելու և երկար ժամանակ կապարակնքված պահելու կամ հետագայում խուզարկություն իրականացնելու նպատակով տարածքը նախապես կապարակնքելու դեպքերին, խուզարկությամբ այնպիսի իրեր (համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, սարքավորումներ և այլն) առգրավելու և տևական ժամանակ չվերադարձնելու իրավիճակներին, երբ այդ իրերը էական նշանակություն ունեն ձեռնարկատիրական գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու համար։
➡️ Նշվածի հետևանքով մի շարք դեպքերում անձինք տևական ժամանակ զրկված են լինում ձեռնարկատիրական գործունեությունը (այդ թվում՝ կոնկրետ տարածքներում) շարունակելու հնարավորությունից։
Կարդացեք նաև
🤝 Հարկ է նշել, որ մի շարք դեպքերում անհատական բողոքներով բարձրացված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրավասու մարմինների հետ հաղորդակցության արդյունքում ստանում են լուծում։ Պաշտպանը կարևորում է այս առումով պետական մարմինների հետ ձևավորված համագործակցությունը։
➡️ Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հարցի առնչությամբ համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը և խնդրահարույց է համարում այն պրակտիկայի շարունակականությունը, երբ վարույթն իրականացնող մարմինների կողմից խուզարկության իրականացումից և վարույթի համար նշանակություն ունեցող իրեր վերցնելուց, կամ խուզարկված տարածքը կապարակնքվելուց հետո անձի սեփականության, տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքները տևական ժամանակ սահմանափակվում են՝ առանց այդ սահմանափակման անհրաժեշտությունն ու բացառիկ իրավական շահի առկայությունը պատշաճ հիմնավորելու։
ℹ️ Պաշտպանը կարևորում է քրեական վարույթներով օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացումը, միևնույն ժամանակ առանցքային է համարում, որպեսզի գործարարների իրավունքների սահմանափակման յուրաքանչյուր դեպք համապատասխանի իրավաչափության չափանիշներին և բացառվեն քննության ընթացքում վերը նշված սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակումների դեպքերը։
📌 Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերին առնչվող մի շարք այլ խնդիրներ ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում և զեկույցներում:


















































