Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ նվազագույն աշխատավարձ կամ կենսաթոշակ ստացող քաղաքացիներն ԱՐՔԱ քարտերով կարող են ստանալ ընդամենը 712-1500 դրամ հետվճար. FIP

Հունվար 29,2026 17:09

FIP. ԱՐՔԱ վճարային համակարգով նախատեսված 2 տոկոսի չափով հետվճարի ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես ֆինանսական աջակցության մեխանիզմ։

Սակայն «Փաստերի ստուգման հարթակի» կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ այն գործնականում չի կարող դիտարկվել որպես տեսանելի արդյունքներ ապահովող սոցիալական աջակցության ծրագիր․ նույնիսկ ծրագրի բոլոր պայմաններն ու սահմանափակումները պահպանելու դեպքում քաղաքացիները 2 տոկոսի չափով հետվճարի շրջանակում կարող են ստանալ ընդամենը 712-ից մինչև 1 500 դրամ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու դեպքում քաղաքացիները ստանում են 2 տոկոսի չափով հետվճար՝ Կառավարության կողմից նախորդ տարվա վերջում ընդունած որոշման համաձայն։

ԱՐՔԱ քարտի և հետվճարի սահմանափակումները

Ըստ Կառավարության որոշման՝ 2 տոկոսի չափով հետվճարը տրամադրվում է, եթե գործարքը

  • կատարվել է անկանխիկ եղանակով,
  • գերազանցել է 1000 դրամը,
  • տվյալ գործարքի ոլորտը ներառված չէ որոշմամբ սահմանված բացառությունների ցանկում (տե՛ս ստորև)։

Յուրաքանչյուր գործարքի համար շահառուներին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6000 ՀՀ դրամը։ Շահառուներին վճարվող հետվճարը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար չի կարող գերազանցել 60 000 ՀՀ դրամը։

Գործարքների սահմանափակումներ

Հետվճար չի ձևավորվում հետևյալ գործարքների դեպքում․

  1. տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ,
  2. ՀՀ պետական և համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներ,
  3. բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ («մեծահասակների համար նախատեսված բովանդակություն», «ծանոթությունների կայքեր և հարթակներ», «խաղատներ և խաղային ծառայություններ», «կրիպտո փոխանակում, կրիպտո դրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ» և այլն, բացառությամբ՝ դեղատների),
  4. ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումներ և գործարքներ,
  5. ԱՐՔԱ նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքներ,
  6. ստացված հետվերադարձեր, փոխհատուցումներ և հետգանձումներ։

2 տոկոս հետվճարը, նվազագույն կենսաթոշակն ու աշխատավարձը

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է թվերով ներկայացնել, թե որքան է քաղաքացու հնարավոր հետվճարի չափը, եթե նա ստանում է նվազագույն կենսաթոշակ կամ աշխատավարձ, ունի ԱՐՔԱ քարտ և պահպանում է Կառավարության որոշմամբ ամրագրված բոլոր կանոններն ու սահմանափակումները։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2025» զեկույցի՝ Հայաստանում մեկ անձի ամսական ծախսերի 15.1 տոկոսը բաժին է ընկնում կոմունալ ծառայություններին, իսկ 2.5 տոկոսը՝ կապին։ Ընդհանուր առմամբ՝ այս երկու խմբերի ծախսը միասին կազմում է 17.6 տոկոս։

Եթե քաղաքացին ստանում է 36 000 դրամ նվազագույն կենսաթոշակ, ապա վերոնշյալ ծառայությունների համար նրա ամսական ծախսը միջինում կազմում է՝ 36 000 × 17.6% / 100 = 6 340 դրամ։

Քանի որ կոմունալ և կապի ծառայությունները չեն ներառվում 2 տոկոս հետվճարի ծրագրում, այս գումարը հանում ենք  հաշվարկից․ 36 000 − 6 340 = 29 660 դրամ։

Եթե ենթադրենք, որ քաղաքացին իր բոլոր գնումները կատարել է անկանխիկ եղանակով, ապա այս գումարին (29 660) կարելի է ավելացնել նաև 2026 թվականի հունվարից գործող 20 տոկոսի չափով հետվճարը, որը կկազմի մոտ 5 940 դրամ։

Արդյունքում նվազագույն կենսաթոշակառուի 2 տոկոս հետվճարի համար ծախսվելիք գումարի չափը ստացվում է 35 600 դրամ։

Այստեղ առաջանում է առանցքային հարցը․ որպեսզի թոշակառուն կարողանա օգտվել 2 տոկոսի չափով հետվճարից, յուրաքանչյուր անկանխիկ գործարքի գումարը պետք է լինի առնվազն 1 000 դրամ։ Սակայն չկա որևէ հրապարակային վերլուծություն կամ հաշվարկ, թե ի՞նչ հիմնավորմամբ է ընտրվել այս շեմը, ինչպես նաև՝ ամսվա ընթացքում միջինում քանի՞ նման գործարք է կատարում թոշակառուն։

Ուստի հաշվարկը կատարել ենք՝ ենթադրելով, որ թոշակառուն 35 600 դրամն ամբողջությամբ ծախսում է անկանխիկ եղանակով և յուրաքանչյուր օր կատարում է առնվազն 1 000 դրամի անկանխիկ գնում՝ պահպանելով ծրագրի բոլոր նախապայմանները։

Այս դեպքում 2 տոկոսի չափով հետվճարը կկազմի՝ 35 600 × 2% / 100 = 712 դրամ։

Նույն հաշվարկային տրամաբանությամբ՝ 75 000 դրամ նվազագույն աշխատավարձի (կամ կենսաթոշակի) և նույն պայմանների պահպանման դեպքում հետվճարի չափը կկազմի շուրջ 1 500 դրամ։

Սա լավագույն դեպքում։ Իսկ եթե քաղաքացին ունենա բանկային կամ պետական և համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներ, հետվճարների գումարների չափը կարող է նվազել։ 

Գայանե Մարկոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031