Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր եղավ ոչ միայն կասեցնել գիտության ոլորտի նախընթաց տարիների վայրէջքը, այլ՝ ներդնել զարգացման օրակարգ. Ժաննա Անդրեասյան

Հունվար 29,2026 17:46

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թթ. գերակա ուղղությունները: Որոշման ընդունումը միտված է մինչև 2030 թ. արդյունավետ կառավարվող և միջազգային մակարդակով մրցունակ գիտական համակարգի ձևավորմանը, որը կգործի Եվրոպական հետազոտական տարածքի (ԵՀՏ) պահանջներին համահունչ՝ հիմնված բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի, զարգացած և օպտիմալ հետազոտական ենթակառուցվածքների և հետազոտությունների միջազգային գերազանցության վրա:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գիտության ոլորտի զարգացումը Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություն էր և հենց այդ աշխատանքների շնորհիվ գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018-ի նկատմամբ աճել է շուրջ 180%-ով: «Հնարավոր եղավ ոչ միայն կասեցնել ոլորտի նախընթաց տարիների վայրէջքը, այլ՝ գիտության ոլորտում ներդնել զարգացման օրակարգ»,-ասել է նախարարը։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ գիտնականների բազային վարձատրության 105-ից մինչև 300% աճ բազմազան դրամաշնորհային ծրագրերը երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը դարձրել են գրավիչ: «Սկսած 2022 թվականից մենք արձանագրում ենք գիտնականների թվի աճ, ավելի քան 600 նոր գիտնականներ են մուտք գործել ոլորտ, որոնց շարքում մեծ մասը երիտասարդներ են, ներգրավվում են հեղինակավոր գիտնականներ արտերկրից, այս պահին ունենք համագործակցություն ավելի քան 30 երկրների 160 գիտնականների հետ՝ թիրախային ծրագրերի միջոցով: Էական կապիտալ ներդրումներով հնարավոր է դարձել Հայաստանում միջազգայնորեն մրցունակ գիտական հետազոտության իրականացումը»,-ասել է նախարարը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գիտության միջազգային մրցունակության աճի մասին է վկայում նաև այն, որ 2025 թ. տարեվերջի դրությամբ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ-ի կողմից ներկայացվել է ընդհանուր 183 հայտ, նախորդ տարվա համեմատ 39 հայտով ավելի, ֆինանսավորման ևս ութ պայմանագիր է կնքվել՝ ընդհանուր պայմանագրերի թիվը հասցնելով 25-ի, շուրջ 8.3 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է նախորդ չորս տարիների բյուջեն 9.6%-ով, իսկ նախորդ փուլի այս ծրագրի բյուջեից կրկնակի ավելի է։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ պատմական առավելագույն ցուցանիշներ են գրանցվել նաև հայաստանյան գիտնականների կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ազդեցության գործակից ունեցող պարբերականներում հրապարակումների թվի մասով և այս պահին արդեն առկա է շուրջ 1700 հոդված: «Ռազմավարությունը, հիմք ընդունելով այս ծրագրերի շրջանակներում ստացված արդյունքներն ու ուղղությունները, նպատակ ունի շարունակել պետական նախաձեռնողական քաղաքականությունը գիտական գերազանցության և միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ, իրականացնել գիտության տնտեսականացմանն ուղղված ծրագրեր, որոնք համակարգը կզինեն գիտությունից արտադրություն ճանապարհն անցնելու կարողություններով, ենթակառուցվածքներով, մտավոր սեփականության պաշտպանության համակարգով և ֆինանսական գործիքներով, բարձրացնել գիտության ոլորտի սոցիալական ազդեցությունը՝ գիտական ձեռքբերումների ավելի լայն լուսաբանմամբ և հանրային ներգրավման միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաև հաշվետվողականության ավելի բարձր մակարդակի գործիքակազմի ներդրմամբ»,-ասել է նախարարը։

Ծրագիրը բաղկացած է 94 տարբեր գործողություններից, որոնցից մի քանիսին Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է: Մասնավորապես՝ նախատեսում է առնվազն 400 արտերկրի առաջատար հետազոտողներ, հետազոտական խմբեր կհիմնվեն ՀՀ-ում՝ դրանով իսկ նպաստելով գիտության հետազոտությունների որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը: Հայաստանի առնվազն 1000 գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կենտրոններում: Կներդրվի 150 արտերկրի երիտասարդ հետազոտողների ՀՀ տեղափոխման ծրագիր, ինչպես նաև հինգ գլոբալ առաջատար հետազոտողների ՀՀ տեղափոխման ծրագիր: Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստում գիտական կազմակերպություններում, ինչը, ըստ նախարարի, շատ կարևոր է շղթան շարունակելու և տրամաբանական արդյունքի հասնելու համար: Կկառուցվի գիտությունից արտադրություն անցման երեք նախատիպավորման ենթակառուցվածքներ Ակադեմիական քաղաքում: «Այս շարքը կարող եմ երկար շարունակել: Գիտության ռազմավարական ծրագրի թերևս ամենակարևոր հանձնառությունն է մինչև 2030 թ. գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ ՀՆԱ-ի 1%-ի շրջանակում, որի շուրջ 0.75%-ը նախատեսում ենք իրականացնել պետության կողմից, 0.25%-ը՝ մասնավորի կողմից՝ խրախուսելով նաև մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում և մշակումներում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2025 թվականին 2018-ի համեմատությամբ գիտության ֆինանսավորման 180 տոկոս աճ է արձանագրվել: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2025-ին պետբյուջեից շուրջ 40,2 մլրդ դրամ է հատկացվել, իսկ 2018-ին՝ շուրջ 14 մլրդ, որտեղ ներառվում է նաև ռազմարդյունաբերության բյուջեն:

Վարչապետը ներկայացրել է, թե բյուջեի ֆինանսավորման փոփոխության և ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել գիտնականների վարձատրության համակարգում: Մասնավորապես՝ 2021 թվականին լաբորանտ-ճարտարագետը ստացել է 67,300 դրամ, 2026-ին՝ 138,300 դրամ նվազագույն աշխատավարձ, աճը՝ 105 տոկոս, ավագ լաբորանտ ճարտարագետը 2021-ին՝ 76,000 դրամ, 2026-ին՝ 179,000 դրամ, աճը՝ ավելի քան 135 տոկոս, ավագ գիտաշխատողը 2021-ին՝ 99,000 դրամ, 2026-ին՝ 343,000 դրամ, աճը՝ 246 տոկոս, առաջատար գիտաշխատողը 2021-ին՝ 114,300 դրամ, 2026-ին՝ 443,800 դրամ, աճը՝ 288 տոկոս, գլխավոր գիտաշխատողը 2021-ին՝ 138,100 դրամ, 2026-ին՝ 552,900 դրամ, աճը՝ 300 տոկոս, գիտական խմբի ղեկավարը 2021-ին՝ 129,000 դրամ, 2026-ին՝ 410 հազար դրամ, աճը՝ 217 տոկոս, գիտական ստորաբաժանման ղեկավարը 2021-ին՝ 141,00 դրամ, 2026-ին՝ 477,000 դրամ, աճը՝ 238 %:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2021-2026 թվականներին 142 գիտական սարքավորումների համար տրամադրվել է շուրջ 13 մլրդ դրամ: Դրանց թվում է նաև ԵՊՀ-ի սուպերհամակարգիչը, որի ձեռքբերման և տեղադրման ծախսերը կազմել են 3,7 մլրդ դրամ: Վերջինիս վերաբերյալ վարչապետն ասել է՝ սկզբնական շրջանում կարծիքներ կային, որ այն չի օգտագործվելու, մինչդեռ այսօր առկա է նոր սուպերհամակարգչի կարիք: «Երբ մենք այն ժամանակ քննարկում էինք, իհարկե, հոռետեսություն կար, 10 միլիոն դոլար ծախսել մի սուպերհամակարգչի վրա, բայց, ըստ էության, այդ գործարքը, Կառավարության այդ ներդրումը բացեց ճանապարհը հետագա ընթացքի համար։ Եվ այսօր, սուպերհամակարգիչը ԵՊՀ-ի և ընդհանրապես՝ բարձրագույն կրթության համակարգի համար նաև ուսումնական գործիք է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահին էլ գնման ընթացակարգում է 49 գիտական սարք՝ 5.4 միլիարդ դրամի ծավալներով։

Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ծավալի ներդրումներին, մասնավորապես՝ գիտնականները չեն անդրադառնում. «Տարբեր ոլորտներում հսկայական փոփոխություններ են լինում, բայց լռություն կա, և այդ լռությունը մի քիչ հարցեր է առաջացնում: Բայց դրանք խոհափիլիսոփայական ոլորտի հարցեր են, որովհետև այս ներդրումները մեր պետության և երկրի զարգացման համար են»:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ձեռքբերումների, արդյունքների հանրայնացումը, իրազեկումը շարունակում է մնալ նախարարության ամենակարևոր խնդիրներից մեկը. «Դա է նաև պատճառը, որ ռազմավարական ծրագրում այն որպես առանձին ուղղություն առանձնացրել ենք, և այդ հանրային հաշվետվողականության, մոնիտորինգի, ներկայացման հարցերը շատ կարևորում ենք: Ինչ վերաբերում է գիտական համայնքի կողմից արվող աշխատանքների կարևորմանը, ապա պետք է հավաստիացնեմ, որ առնվազն մեր դիտարկումներով ու տպավորություններով տրամադրություն ու մթնոլորտ է փոխված ոլորտում»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով ռազմավարական ծրագրին, ընդգծել է, որ այս փաստաթուղթը շատ կարևոր ուղերձ է մի կողմից գիտական հանրույթի, մյուս կողմից՝ տնտեսության և տնտեսավարողների համար. «Կարծում եմ՝ այս փաստաթուղթը շատ տեսանելի և շոշափելի է դարձնում տնտեսության և գիտության միջև փոխկապակցվածությունը և ստեղծում է շատ պարարտ հող գիտության համար՝ սպասարկելու տնտեսության շահերը»:

2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18-ը` շաբաթ օրը

 Կառավարությունն ընդունել է «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշում: Ըստ այդմ՝ 2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ը` շաբաթ օրը: Հիմնավորման համաձայն՝ ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ այն նախ հնարավորություն կտա մեր քաղաքացիներին լրացուցիչ անհարմարություններից զերծ պահելու և միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու: «Ուզում եմ առիթից օգտվել ևս մեկ անգամ՝ Եվրոպական քաղաքական համայնքի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել գագաթնաժողովը Երևանում անցկացնելու որոշման համար: Գիտեք, որ այդ որոշումը համաձայնության կոնսենսուսով է կայացվում: Իհարկե, սա շատ կարևոր հանգրվան է մեր պետության կայացման և միջազգային հեղինակության ամրապնդման տեսակետից: Կարևոր է նաև, որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերումը:

 Նորագյուղում նոր թաղամաս՝ բարձրահարկ 155 շենքերով

Գործադիրն ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Կառավարությունը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ-ի անունից «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ-ների հետ կնքել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, այն է՝ Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Ծրագրի մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նշել, որ խոսքը 83.9 հա տարածքի մասին է: «Այս ծրագրով մենք էական քաղաքաշինական խնդիր ենք լուծում Երևան քաղաքում: Այս 83.9 հեկտարի վրա ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մոտավորապես 2-2.5 մլն քմ. կառուցապատում, շուրջ 155 շենք 65 հազար բնակչի համար: Եվ այս հատվածը կարելի է ասել, որ էականորեն բեռնաթափելու է մեր Փոքր կենտրոնը»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետի ներկայացմամբ՝ ծրագրի իրականացումը կլուծի նաև Նորագյուղ թաղամասի խնդիրը. «Դեռևս 2023 թվականին Նորագյուղ թաղամասում մի հանդիպման ժամանակ բնակիչների հետ՝ եղավ առաջարկ, որ իրականացվի ներդրումային ծրագիր, որը թույլ կտա լուծել թաղամասի ենթակառուցվածքային բոլոր խնդիրները՝ կոյուղուց սկսած, ճանապարհների նեղ լինելու հանգամանքով ավարտած»:

Ըստ Տիգրան Ավինյանի՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն նոր տեսակի թաղամաս է լինելու՝ բարձրահարկ շենքերով: «Այն հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին՝ իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած նաև 30% չափաբաժնով: Այս հատվածում մենք ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Խնդիրներից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է, մոտավորապես 250 հեկտար անտառային տարածքներ, ենթադրում ենք, որ այս ծրագրով, գեներացված ֆինանսներով կարողանալու ենք իրականացնել։ Երևանյան լճի մաքրման աշխատանքները և ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես ենթադրում ենք, որ այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել: Եվ, իհարկե, ամենակարևոր հարցը, դա Փոքր կենտրոնի բեռնաթափումն է»,-ասել է Երևանի քաղաքապետը:

Խցանումները նվազեցնելու ուղղությամբ նախատեսվում է ներդնել երթևեկության կառավարման միասնական համակարգ

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է երթևեկության խցանումների հարցին և հետաքրքրվել դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքներից:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբն արդեն երկու աշխատանքային հանդիպում է անցկացրել: Ըստ փոխվարչապետի՝ արձանագրվել են հիմնական անելիքները, որոնք կարող են առաջին փուլում էական նշանակություն ունենալ, որոշվել է երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ անելիքների պլանը: Քննարկումները բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ շարունակվում են: «Բոլոր մեծ քաղաքներում այս խնդիրը առկա է՝ կապված մարդկանց եկամուտների ավելացման, տրանսպորտային սեփական միջոցներ ունենալու հարցերի հետ: Եվ շատ քաղաքներ հավասարակշռությունը գտնում են այնտեղ, երբ մի կողմից այդ մեքենաների ավելացումը հասնում է մի կետի, որ մարդիկ արդեն հասկանում են, որ դա ամենահարմար եղանակը չէ սեփական տրասնպորտային միջոցներով ժամերով մնալ խցանումների մեջ: Բայց, մյուս կողմից, նաև փոխկապակցված հարցեր կան. դա առաջին հերթին Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ծառայությունների որակի բարձրացումն է: Այս բոլորը պետք է միաժամանակ տեղի ունենան, որ կարողանանք միջնաժամկետում կայուն արդյունք արձանագրել»,- նշել է փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է ունենալ ինստիտուցիոնալ մեխանիզմներ, այդ թվում՝ արհեստական բանականության ներառմամբ:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Կենտրոնը գտնվում է զարգացման կարևոր փուլում, նախատեսվում է ներդնել կառավարման միասնական համակարգ, այդ թվում՝ ժամանակակից ծրագրային ապահովման միջոցներով, որոնք պետք է ինքնակարգավորման տրամաբանությամբ, այսինքն՝ փոփոխական գործոնների ուժով վերադասավորեն երթևեկությունը։

Արձագանքելով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մարդատար մեքենաների քանակը մեծ տեմպերով է ավելանում, իսկ լուծումները մի քանիսն են: Ըստ Տիգրան Ավինյանի՝ հարցը շարունակական լուծումների կարիք է ունենալու: «Առաջինը՝ երթևեկության կառավարումն է արհեստական բանականությամբ լուսացույցերի ներդրմամբ, որը կտևի մոտ 1,5 տարի: Երկրորդը՝ 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների գնումն է, որը հանրային տրանսպորտի ոլորտում մեր վերջին կետն է, որը պետք է իրականացնենք, որով հանրային տրանսպորտի ոլորտում, նվազագույնը վերգետնյա հանրային տրանսպորտի ոլորտում մեր ռազմավարությունը, կարելի է ասել, ամփոփվում է դրանով»,-ասել է Երևանի քաղաքապետը՝ հավելելով, որ երրորդը «Աջափնյակ» մետրոյի կառուցումն է. այն 22 տոկոսով կավելացնի մետրոյից օգտվողների թիվը:

Հունվարի 29-ի 10:00-ի դրությամբ 255 234 ապահովագրական այց է գրանցվել

Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին: Վարչապետն ընդգծել է, որ սկսել են որոշակի դրական արձագանքներ ստանալ դրա վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է բուժաշխատողների մտահոգություններին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դրանք կհավաքագրվեն և հիմնավորները լուծում կստանան:

Արձագանքելով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների, ամբուլատորիաների առաջնակի տեղեկատվական և գործառնական հատվածը կարծես արդեն հաղթահարված ենք համարում: Մենք դիտարկում ենք այս բարեփոխումը դինամիկ զարգացման տեսանկյունից և բուժաշխատողների, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների, կազմակերպիչների հետ անընդհատ աշխատանքի մեջ ենք: Այո՛, բոլոր հետադարձ արձագանքները՝ կապված բժշկական ծառայությունների գների, տրամադրման ձևաչափի հետ, մենք մանրակրկիտ միասնական աշխատանքով առաջիկայում դիտարկելու ենք»։

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազել է նաև քաղաքացիների կողմից տեղեկատվություն ստանալու հոսքը: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգերը ևս տալիս են դրական փոփոխություններ: «Մենք նաև որոշակի փոփոխություններ ենք իրականացրել ներքին՝ մեկ կաբինետից մյուս կաբինետ փաստաթղթային և շրջանառության մեջ, ավելի պարզեցրել և կրճատել ենք»,-ասել է նախարարը:

Այսպիսով՝ հունվարի 29-ի առավոտյան 10-ի դրությամբ 255 234 ապահովագրական այց է գրանցվել, որից 231993-ը ամբուլատոր այցերն են, 20875՝ հիվանդանոցային, 1390՝ ցերեկային ստացիոնար, շտապօգնության՝ 976 կանչ:

Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի, մասնագետների հետ կազմել են պարզ հարցաշար. «Կամավորներին ընդգրկման փուլում ենք, հաջորդ շաբաթվանից նրանք այցելություններ կիրականացնեն դեղատներ, պոլիկլինիկաներ, բժշկական կենտրոններ: Բացի այդ, բոլոր կենտրոններում միջանցքներում փակցված կլինեն մեծ QR կոդեր, որոնք սկանավորելով քաղաքացին հեռախոսով կարող է անանուն այդ հարցաշարը լրացնել և առաջարկություն ներկայացնել, կարծիքը հայտնել: Իրենց դիտարկումներն էլ մեզ համար շատ կարևոր են, որ մենք անընդհատ լավարկենք գործընթացները»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համակարգի հետ կապված արհեստական աղմուկներ լինելու են, քանի որ այն շատ լուրջ կրճատելու է ստվերն առողջապահությունում: «Այստեղ զուգահեռ մի քանի բան է տեղի ունենում՝ և՛ «Արմեդում» հաշվառման հանգամանքը պարտադիր դառնալը, և՛ ՀԴՄ-ներում «Արմեդ»-ի կոդ նշելը: Այսինքն՝ սա բավականին լուրջ ճնշում է ստվերի վրա: Կարծում եմ՝ ստվերը արձագանք կտա, բայց մենք, իհարկե, պարտավոր ենք զտել այդ արհեստական աղմուկը»,-նշել է փոխվարչապետը:

Շարունակվում են ավանդի փոխհատուցման վճարումները. 2026 թ. այն կստանան նաև 1944 թ. ծնված անձինք

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի 2026 թ. ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման բնականոն ընթացքը՝ անկանխիկ եղանակով: 2026 թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` սահմանած կարգով:

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Գործադիրի որոշմամբ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Որոշմամբ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ 300.000 դրամի, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. մարտ ամիսը ներառյալ: Ըստ այդմ՝ կապահովվի դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը:

Ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է՝ մինչև փետրվարի 13-ը ներառյալ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2025 թ. ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։ Որոշումն ընդունվել է՝ հայտարարված 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի նախապատրաստմանն աջակցող խորհրդատվական ծառայությունների մատուցման առնչությամբ համագործակցության համաձայնագրի (NO. AA-012710) ստորագրման առաջարկությանը: Համագործակցության հուշագիրը նախատեսվում է կնքել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև: ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության միջոցով խորհրդատվական ծառայության արդյունքում ակնկալվում է ապահովել ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի ներդրումային ծրագրի և ծախսերի գնահատման պատրաստմանը՝ ԵՆԲ ֆինանսավորման չափորոշիչներին համապատասխան։ Ծրագիրը միտված է՝ Սյունիքի մարզում բնակչության համար հուսալի և անվտանգ խմելու ջրամատակարարման հասանելիության բարելավմանը, համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը, տեղահանված և տեղակայված ընտանիքների ինտեգրմանը, ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճի խթանմանը։ Հիմնավորման համաձայն՝ տեխնիկական աջակցության շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի ջրամատակարարման սխեմաներ՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։

Օրենսդրական նախաձեռնություն

Հավանություն է տրվել «Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ 2021 թ. նոյեմբերի 15-ին Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։ Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ՀՀ օրենսդրությունը շարունակաբար համապատասխանեցնի ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները: Օրինագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի դրույթներից և հանդիսանում է Եվրոպական միության և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի հերթական մասը։

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031