Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ քիչ է մնացել, որ կնոջս առողջությանը անդառնալի վնաս հասնի». «Հյուսիսային տերևաթափի» գործով երեք մեղադրյալների տնային կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեց

Հունվար 29,2026 21:21

«Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստում այսօր մեղադրյալներ Վազգեն Ոսկանյանի, Սերգեյ Մկրտչյանի և Աշոտ Մարգարյանի փաստաբանները միջնորդեցին փոխել նրանց նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Մ-ն Ս. Մ-ի, Է. Ծ-ի, Վ. Ո-ի, Կ. Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, գործիքներ և միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են պայթյուն և այլ հանրավտանգ արարք կատարելը, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը։ Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի հինգ անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։

Մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանն ասաց․ «Իմ վիճակը ծանր է, բուժման կարիք ունեմ, տարիքս այն չէ՝ 70 տարեկան մարդ եմ։ Նաև ուզում եմ աշխատանքի անցնել, որ ընտանիքիս հարցերը լուծեմ»։

Մեղադրյալ Աշոտ Մարգարյանը նշեց, որ իրենց ընտանիքում առկա է խնդիր, որն անհապաղ լուծում է պահանջում, և հայտարարեց․
«Սա արդեն երրորդ խափանման միջոցն է, երբ հանրային մեղադրողը ոտքի է կանգնում և ընդհանուր ասում, որ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, և դրա հիման վրա միջնորդում են երկարացնել առկա խափանման միջոցը։ Այն անտրամաբանական պնդումը, որ արդեն երեք անգամ լսում եմ՝ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, դրա համար խնդրում ենք կալանքը երկարացնել, հակասում է ինքն իրեն։ Եթե ապացուցողական շեմը նույն վիճակում է մնում, նոր հանգամանքներ չեն ի հայտ գալիս, դա արդեն խափանման միջոցի փոփոխություն է ենթադրում։ Շատ քիչ է մնացել, որ իմ կնոջ առողջությանը անդառնալի վնաս հասնի։ Եթե հարցն ինձ վերաբերեր, չէի ասի․ երեք անգամ իրար հետևից երկարացրել են տնային կալանքս, մի անգամ դիրքորոշում չեմ հայտնել։ Բայց մի վիճակի է հասել, որ արդեն անդառնալի վնասի մասին է խոսքը։ Միջազգային ատյաններն էլ ներառյալ օգտագործելու եմ։ 2023 թվականի նոյեմբերի 1-ին մեր տուն ներխուժումից հետո կինս հանգիստ չի կարողանում քնել»։

Մեղադրյալ Վազգեն Ոսկանյանը ելույթ չունեցավ՝ հայտարարելով, որ միանում է իր ընկերներին։

Վազգեն Ոսկանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը նշեց․

«Կարծում եմ՝ սույն քրեական վարույթն արդեն հասել է դատավարական այն փուլին, որ ողջամտորեն կարելի է ասել՝ տնային կալանքի շարունակական պահպանումն այլևս քրեադատավարական նպատակներին հասնելու տեսանկյունից արդարացված չէ։ Կարծում եմ՝ սույն դատական նիստի շրջանակում ամբողջ ապացուցողական գործընթացը կավարտվի, որի ավարտով համոզված եմ, որ ամբողջովին կմեկուսացվեն այն բոլոր մտավախությունները, որոնք ունի հանրային մեղադրողը։ Իմ պաշտպան Վազգեն Ոսկանյանի տնային կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը ենթակա է մերժման։ Եթե դատարանը համարի, որ համապատասխան հիմքերի առկայությունը շարունակվում է փաստարկված լինել, խնդրում եմ դիտարկել այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորությունը»։

Դատարանը որոշեց մեղադրյալներ Սերգեյ Մկրտչյանի, Աշոտ Մարգարյանի և Վազգեն Ոսկանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով՝ պահպանելով նույն սահմանափակումները։

Հաջորդ դատական նիստն այս գործով տեղի կունենա մարտի 11-ին՝ ժամը 15։00-ին։ Այդ նիստի ընթացքում կշարունակվի մեղադրյալների հարցաքննությունը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031