Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձը չի տրվում. վերադարձը պետք է ձեռք բերել». Հակոբ Հակոբյան

Հունվար 29,2026 23:35

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է.

«Մեր ցավն իրական է, մեր իրավունքները՝ անվիճելի։ Բայց ոչ ոք մեր փոխարեն վերադարձ չի պարտադրի, եթե նույնիսկ անընդհատ կրկնենք. «Արցախահայությունը Արցախի բնիկ ժողովուրդն է, վերադարձի իրավունքը միջազգային իրավունք է, տեղահանությունը՝ հանցագործություն»։ Սրանք բոլորը ճիշտ են։ Բայց ճիշտը դեռ ճանապարհ չէ։

Եթե մենք ներկայանանք միայն որպես զոհ, մեզ կխղճան։ Այսօր արցախահայությունը Հայաստանում գոյություն ունի որպես տասնյակ հազարավոր առանձին ընտանիքներ։ Քանի դեռ մենք չենք ձևավորվել որպես պահանջատեր ուժ, մեզ դիտարկում են որպես սոցիալական խնդիր, ոչ թե քաղաքական գործոն։

Սոցիալական խնդիրները կարևոր են, բայց դրանք չեն վերադարձնում հայրենիքը։ Եթե մենք միայն օգնություն ենք խնդրում, մեզ կօգնեն։ Իսկ եթե մենք պահանջենք իրավունք, ստիպված կլինեն հաշվի նստել մեր հետ։ Եթե ներկայանանք որպես սուբյեկտ, մեզ հետ հաշվի կնստեն։ Ոչ ոք մեզ չի ապահովվի մեր վերադարձը Արցախ, եթե մենք ինքներս չդառնանք այն ուժը, որի հետ հաշվի չնստելն անհնար կլինի։

Վերադարձը չի տրվում. վերադարձը պետք է ձեռք բերել։ Իսկ վերադարձը կսկսվի մեր կազմակերպվածությունից՝ միասնական օրակարգից, պատասխանատու խոսնակներից, հստակ պահանջներից, ոչ թե ընդհանուր լոզունգներից։

Իրականում «Վերադարձ Արցախ» կարգախոսը հուզական է, բայց ոչ գործնական։ Գործնական դարձնելու համար անհրաժեշտ են ներկայացնել հստակ պահանջներ՝ վերադարձի պայմաններ, անվտանգության մեխանիզմներ, միջազգային ներկայություն, սեփականության իրավունքի ճանաչում։

Քաղաքական աշխարհը աշխատում է կետերով, ոչ զգացմունքներով։ Իսկ պատեհ ժամանակները չեն գալիս. դրանք ստեղծվում են։ Յուրաքանչյուր ամիս, երբ մենք չենք գործում, մեր դիրքերը թուլանում են։
Իսկ վերջում՝ այս փուլում հարցը սա չէ՝ կվերադառնա՞նք, թե ոչ։ Հարցը սա է՝ կդառնա՞նք արդյոք այն ուժը, որը իր վերադարձը կկարողանա պարտադրել։ Վերադարձը չի սկսվում և ավարտվում հայտարարություններով։ Այն սկսվում է մեր ինքնագիտակցությունից, մեր կազմակերպվածությունից և մեր համատեղ կամքից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031